Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններում կատարվածի կրկնությունը Ազգային ժողովի ընտրություններում «աղետ կլինի երկրի համար»


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը չորեքշաբթի հրավիրած ասուլիսում անդրադառնալով Հայաստանում անցած նախագահական ընտրություններին, ափսոսանքով նշեց, որ անտեսվեց առաջին փուլի քվեարկությունից հետո իր կոչը՝ երկրորդ փուլում ապահովել ժողովրդավարական չափանիշներին համապատաստան ընտրություններ, եւ հույս հայտնեց, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «չի կրկնվի նախագահական ընտրություններում տեղի ունեցածը»:

«Իմ կարծիքով, դա աղետ կլինի երկրի համար», - ասաց Շվիմերը: - «Շատ կարեւոր է, որ խորհրդարանական ընտրությունները անցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան: Եթե այդպես չլինի, քաղաքական պայքարը նորից կտեղափոխվի փողոցները: Հայաստանը արդեն ունի այդ փորձը, եւ հայտնի, թե դա ինչի է բերում»:

Շեշտելով, որ խորհրդարանական ընտրություններում պիտի ապահովվեն եվրոպական չափանիշները, նա ասաց, որ իրենք հետեւելու են դրանց ընթացքին եւ, խախտումներ լինելու դեպքում, արդեն քննարկումներ կծավալեն «հետեւանքների վերաբերյալ»:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ասաց, թե չէր ցանկանա խոսել անցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, քանի որ դա Հայաստանի ժողովրդի գործն է: Նա տեղեկացրեց, որ հայաստանյան ընտրությունների խնդրին Եվրախորհուրդը անդրադառնալու է նաեւ մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանը՝ նախարարների կոմիտեի շրջանակներում:

«Մենք նաեւ տեղեկություններ ունենք քաղաքական նկատառումներով կալանավորվածների մասին», - ասաց Շվիմերը: - «Եվ այդ հարցը կորոշակիացնենք մինչեւ խորհրդարանական ընտրությունները»:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, կրկին կարեւորելով խորհրդարանական ընտրությունների՝ ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը (ներառյալ նախընտրական շրջանը, բոլոր թեկնածուներին ու քաղաքական ուժերին հավասար քարոզչական հնարավորությունների ընձեռումը), ասաց. - «Այս առումով արագորեն քայլեր պետք է ձեռնարկվեն»:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG