Մատչելիության հղումներ

Լրացավ «Ա1+»-ի փակման մեկ տարին


Վաղը՝ ապրիլի 2-ին, լրանում է մեկ տարին, ինչ Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի վիճահարույց որոշմամբ, «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը զրկվեց եթերից:

Անցյալ տարի հոկտեմբերի 15-ին կապուղիների մրցույթ էր նշանակված եւ հույս կար, որ «Ա1+»-ը կարող էր, (համենայն դեպս հնարավորություն ուներ) եթեր վերադառնալ, սակայն դատական պրոցեսներ սկսվեցին, որոնք մինչեւ հիմա շարունակվում են եւ շարունակվելու են: 5 այլ հեռուստաընկերություններ դիմել են վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով տնտեսական դատարանի վճիռը, որը որոշել էր չբավարարել մրցույթային փաթեթները հետ վերցնելու նրանց հայտը: Նրանց վերջին գանգատը լսելու համար եւս 45 օր կպահանջվի՝ եթե, իհարկե, դա վերջին գագատը լինի: Արդեն հստակ է, մինչդեռ, որ «Ա1+» հեռուստաընկերությունը չի գործի նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Ա1+» հեռուստաընկերության լրագրողներից ոմանք այսօր աշխատում են «Այբ-Ֆե» օրաթերթում: Անցած դեկտեմբերից հրատարակվող այդ թերթում հիմնականում աշխատում են փակված հեռուստաընկերության լրագրողները:

«Եթերին կարոտել ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց լրագրող Լենա Բադեյանը: - «Մենք կվերադառնանք եթեր, կհասնենք մեր ուզածին... Մեր համբերության բաժակը մեծ է»:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի խոսքերով, այն, ինչ հիմա կատարվում է, պլանավորված, մշակված քաղաքականություն է:
Դեռ անցյալ տարվա ապրիլին Մովսեսյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած հեռուստաընկերությունը փակել են՝ նախագահական ընտրություններիի ընթացքում եթերից զրկելու համար:

«Նախընտրական ստարտը տրվեց անցյալ տարվա ապրիլի 2-ին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսեսյանը: - «Ինֆորմացիոն դաշտը, իրենց հասկացողությամբ՝ «զուլալվեց», հեղեղվեց բարի եւ միակողմանի, բարետեսական լուրերով»:

Մոսեսյանը նույնպես համբերությամբ լի է եւ սպասելու է նոր մրցույթի հայտարարմանը:

«Ա1+»-ի եթերում «Հետգրություն» շարքի հեղինակ, «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքերով, իրատեսական չէ ակնկալել, թե վաղը Հայաստանում ժողովրդավարություն կհաստատվի եւ «Ա1+»-ը կվերաբացվի: «Իրատեսականը այն է, որ Ամերիկան, Եվրոպան, միջազգային ինչ-որ կազմակերպություններ այնպես ճնշեն այս իշխանությունների վրա, որ նրանք ստիպված լինեն «Ա1+»-ը բացել», - ասաց Արամ Աբրահամյանը:

Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի կարծիքով, «Ա1+»-ը կարող է վերաբացվել, եթե իշխանությունները դրանում վտանգ չտեսնեն, եթե ընդհանուր քաղաքական իրավիճակը կայուն լինի եւ իշխանությունները իրենց դիրքերը թուլանալու մտավախություն չունենան: Այդպիսի պատկեր, սակայն, Բորիս Նավասարդյանը առայժմ չի տեսնում: «Մրցույթում հաղթելը կամ պարտվելը էլի կախված է քաղաքական իրավիճակից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ հանձնաժողովը շահագրռված չէ մրցույթը ձգձգելու մեջ: Ավելին՝ տրամադրաված են շատ արագ անցկացել դա, բայց իրավասու չեն եւ չեն կարող համոզել, որ մյուս հեռուստաընկերությունները հրաժարվեն իրենց դատական հայցերից:

Միջազգային տարբեր կազմակերպություններ անցյալ տարվանից մինչեւ հիմա պաշպանում են «Ա+»-ին: Մասնավորապես, միջազգային հայտնի կազմակերպություններից մեկը՝ Լրագրողների պաշտապանության կոմիտեն, երեկ երեկոյան հրապարակված 2002-ի տարեկան զեկույցում նորից անդարարձել է «Ա1+»-ին՝ նշելով, թե Ռոբերտ Քոչարյանը լռեցրել է իշխանությունների հետ չհամաձայնվող լրատվամիջոցի ձայնը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG