Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը կարող է վերսկսվել մոտ ապագայում


Երկու ամսից ավելի է արդեն, ինչ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընդհատվել է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը՝ դատավոր Սամվել Ուզունյանի հիվանդության պատճառով: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ուզունյանը, ինքը արդեն տանն է եւ ստանում է ամբուլատոր բուժում:

«Հոկտեմբերի 27»-ի գործով Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւը եւ «Հանրապետություն» կուսակցության մամուլի քարտուղար Սուրեն Սուրենյանցը այսօր հրավիրած ասուլիսում, սակայն, դատավարության ընդհատումը պայմանավորեցին քաղաքական հանգամանքներով:

«Հիմքեր ունենք ենթադրելու, որ դատավարության հետաձգումը պայմանավորված է բացառապես քաղաքական հանգամանքներով», - հայտարարեց Սուրեն Սուրենյանցը:

Ասուլիսում նորություններ կամ, Յունոշեւի ձեւակերպմամբ՝ սենսացիոն հայտարարություններ չհնչեցին: Եվս մեկ անգամ հնչեցին բազմիցս արված քաղաքական հայտարարությունները «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ձգձգման, ինչպես նաեւ անցած տարեվերջին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, «Հոկտեմբերի 27»-ի գործով կարեւոր վկա Տիգրան Նաղդալյանի սպանության բացահայտման մասին: Այս գործով կասկածյալների թվում է եւ ներկայումս նախնական կալանքի մեջ է Վազգեն եւ Արամ Սարգսյանների կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանը:

«Հիմքեր ունենք պնդելու, որ Արմեն Սարգսյանին ձերբակալելով հերթական երաշխիքները մատուցեցին Նաիրի Հունանյանին եւ մյուս հանցագործներին», - ասաց Սուրեն Սուրենյանցը:

Քաղաքական հայտարարություններից հետո փաստաբան Յունոշեւը շարունակեց ասուլիսն արդեն իրավական դաշտում: Նրա խոսքերով, իրենք անհամբեր սպասում են դատավարության վերսկսմանը եւ անպայման մի քանի միջնորդություններ են անելու: Ռուսաստանցի փաստաբանը զգուշավոր էր իր հայտարարություններում, ուստի հնարավոր միջնորդությունների բովանդակության մանրամասներին չանդրադարձավ:

Հնարավոր համարելով դատավոր Ուզունյանի հիվանդությունը, Յունոշեւը, այնուամենայնիվ, չբացառեց այլ վարկածներ եւս: Ըստ նրա, հնարավոր է, որ դատաքննության հետաձգման պատճառներից մեկն էլ Նաիրի Հունանյանին հսկողության տակ պահելն էր, մանավանդ, որ վերջինս, Յունոշեւի խոսքերով, Տիգրան Նաղդալյանի սպանության լուրը ստանալուց հետո անհավասարակշիռ ու ագրեսիվ պահվածք է ցուցաբերում:

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով նախաքննությունը կավարտվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը, գործով ապացույցների հավաքման փուլը մոտենում է ավարտին: Մոտ մեկ ամիս հետո կողմերը 6 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն կունենան: Գործը կարող է դատարան հանձնվել արդեն 2 ամսից:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG