Մատչելիության հղումներ

«Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը այսօր քվեարկության չդրվեց


Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության չդրվեց «Զանգվածային լրատվության մասին» վիճահարույց օրինագիծը: Խորհրդարանը չկարողացավ սկսել նաեւ Սահմանադրական փոփոխությունների՝ նախագահ Քոչարյանի ներկայացրած փաթեթի քննարկումը:

Խորհրդարանականները մի քանի ժամ շարունակ արարողակարգային հարցերի շուրջ վիճաբանում էին, իսկ նիստի ավարտից առաջ, երբ դահլիճում ակնհայտորեն քվորում չկար, եւ ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչու քվեարկության չի դրվում «Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը, նիստը վարողն անսպասելիորեն հայտարարեց, որ կառավարությունն այն հետաձգում է: Ավելի ուշ օրինագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ քվեարկությունը հետաձգում է մինչեւ 15 օրով: Այսինքն՝ առաջիկայում ցանկացած հարմար պահի նիստերի ժամանակ այն կարող է դրվել քվեարկության:

Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մինչդեռ, Մամուլի ազգային ակումբի նախաձեռնությամբ, առավոտվանից բողոքի ցույց էին կազմակերպել Ազգային ժողովի շենքի մոտ: Ցույցին մասնակցում էին «Հայկական ժամանակ», «Օրրան», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «Այբ-Ֆե» թերթերի, «Նոյյան տապան» լրատվական գործակալության շուրջ երեք տասնյակ լրագրողներ:

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի խոսքերով, իշխանությունները խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի այդ օրենքի նախագծին պիտի անդադառնար մայիսին խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվելիք նոր Ազգային ժողովը:

«Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են առաջին ընթերցմամբ նախագիծը ընդունել տալ, որպեսզի պրոցեսը անշրջելի դառնա», - ասաց «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: - «Մենք այսօր պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի օրենքի նախագիծը չընդունվի: Չենք պատրաստվում որեւէ մեկին զիջել խոսքի ազատության մեր իրավունքը»:

Լրագրողները փորձել էին իրենց բողոքն արտահատել նաեւ շենքի ներսում: Այն պահին, երբ քվեարկության կդրվեր զանգվածային լրատվամիջոցների օրենքը, դահլիճում բարձրացնելու էին «Ոչ գրաքննությանը» պաստառը:

Բայց խորհրդարանի շենքում կարգ ու կանոնին հետեւողները ստուգել էին բոլոր լրագրողներին ու հայտնաբերել էին պաստառը, որը լրագրողներից մեկը զգեստի տակ անցկացրել էր խորհրդարան, եւ Ազգայի ժողովի նախագահի թիկնապահը վերցրել էր այն:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG