Մատչելիության հղումներ

Դատախազություն են հրավիրվել հանրահավաքների ակտիվ մասնակիցները


Երկուշաբթի օրը Երեւանի դատախազի տեղակալը զրույցի էր հրավիրել վերջին օրերին ընդդիմության հանրահավաքների կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից ոմանց: Դատախազություն էին հրավիրվել, մասնավորապես, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար անդամներից պատգամավորներ Ստեփան Զաքարյանը եւ Արամայիս Բարսեղյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Արմեն Մկրտչյանը, Հովհաննես Ահարոնյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Մուրադ Կիրակոսյանն ու Արամազդ Զաքարյանը:

Դատախազություն են ներկայացել հրավիրվածներից միայն երեքը: Նրանցից «Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավաբան Արմեն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե իրենց տեղեկացրել են, որ քաղաքապետի որոշմամբ՝ վերջինիս պետք է տեղյակ պահել կազմակերպվող հանրահավաքների մասին: Հրավիրվածներից ոչ ոք չի ստորագրել առաջարկված փաստաթուղթը:

Ընդդիմության ղեկավարները հանրահավաքներում բազմիցս շեշտել են, որ իրենց նպատակներին, այդ թվում անցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն, հասնելու են բացառապես օրինական ճանապարհներով: Առաջիկա օրերին Սահմանադրական դատարանը լսելու է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմում-բողոքը՝ նախագահական անցած ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների կապակցությամբ:

Թեկնածուի շուրջ 1700 էջանոց դիմումը բաղկացած է 7 գլխից եւ բազմաթիվ ենթակետերից: Ըստ փաստաբան Աշոտ Սարգսյանի, որը Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ միասին ներկայացնելու է Ստեփան Դեմիրճյանի շահերը, դիմումը հիմնավորված է Ընտրական օրենսգրքի բոլոր պահանջներին համապատասխան:

«Մեր դիմումը վերաբերում է երկու փուլերին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգսյանը: - «Սակայն Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ երկրորդ փուլի վերաբերյալ լինի վեճի առարկան»:

Աշոտ Սարգսյանը ասաց, որ համաձայն չէ այդ որոշմանը: Մանավանդ, որ առաջին փուլի ընթացքում 84 տեղամասերի վերաբերյալ բողոքների հիման վրա փետրվարի 27-ին դիմել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին: Հայցը, սակայն, մարտի 14-ին մերժվել էր՝ հիմնավորմամբ, թե քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո ցանկացած վեճ, ըստ էության, վեճ է ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ինչը արդեն Սահմադրական դատարանի գործն է:

Սարգսյանի կանխատեսմամբ, Սահմանադրական դատարանն էլ (օրենքը նման հնարավորություն ընձեռում է) գործն ուղարկելու է առաջին ատյանի դատարան:

Ներկայացրած բողոքը վերաբերում է քարոզարշավի, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ընթացքում արձանագրված խախտումներին, քվեաթերթիկների լցոնման դեպքերին, ընդդիմադիրների վստահված անձանց իրավունքների ոտնահարմանը եւ այլ խախտումների:

«Այդ ամբողջը մենք ներկայացնում ենք դատարանին որպես այնպիսի խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա», - ասաց Աշոտ Սարգսյանը:

Մարտի 26-29-ը Սահմանադրական դատարանի հրավերով նախագահական ընտրությունների երկու փուլերի վերաբերյալ դատական հայցերի առնչությամբ օժանդակություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստանում էին Վենետիկի հանձնաժողովի երկու փորձագետ: Հանձնաժողովի ներկայացուցիչները, հիմնվելով այլ երկրներում ընտրական բանավեճերին առնչվող իրենց փորձառության վրա, համեմատական տեսակետ են ներկայացրել: Փորձագետները միեւնույն ժամանակ նշել են, որ իրենց օժանդակությունը միայն Ընտրական օրենսգրքի խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելուն է առնչվում եւ «չի կենտրոնանում Դատարան ներկայացրած հայցերի վերջնական լուծման եւ դրանց էության վրա»: Սա նշանակում է, որ փորձագետները չեն մասնակցելու գործի քննությանը Սահմանադրական դատարանում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG