Մատչելիության հղումներ

logo-print
Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանի շահերը պաշտպանող փաստաբաններ Ռոբերտ Գրիգորյանի եւ Հովիկ Արսենյանը ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում տեղեկացրին, որ երեկ հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված եւ այսօր մամուլում հրապարակված իրենց պաշտպանյալի եւ մյուս մեղադրյալների ցուցմունքներից հատվածները «ողջ հասարակության նկատմամբ հոգեբանական բռնության դրսեւորում էր», «արդարադատության դեմ կատարված հանցագործություն»:

«Այնպես խեղաթյուրել փաստերը, այնպես մոնտաժել նկարահանումները, որ նույնիսկ իրավաբան մասնագետները դիտելով սկսել են այն համոզման գալ, թե՝ էլ ի՞նչ եք ուզում՝ Արմեն Սարգսյանը իսկապես Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ուղղակի առնչություն ունի», - ասաց Ռոբերտ Գրիգորյանը:

Նախաքննության մարմնին խեղաթյուրված փաստեր հրապարակելու համար մեղադրող փաստաբանները, սակայն, գերադասեցին այսօր չհրապարակել Արմեն Սարգսյանի ցուցմունքների մանրամասները:

«Մեր այսօրվա հանդիպումը բոլորովին նպատակ չի հետապնդում մեր պահվածքով փորձել հավասարվել նախաքննական մարմնի այն քայլերին, որոնք թույլ են տրվել», - ասաց Գրիգորյանը:

Փաստաբանները փոխանցեցին, որ Արմեն Սարգսյանը որեւէ ցուցմունք չի տվել, որով ընդունել է, որ ինքը Տիգրան Նաղդալյանի սպանության պատվեր է տվել: Նրանց փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը ասել է, թե ինքը մարդասպան չէ եւ իրենց խնդրել է ապացուցել դա:

«Սա մեղք գործած մարդու, մեղք գործելու ունակ մարդու խոսք չէ», - ասաց Ռուբեն Գրիգորյանը:

Փաստաբանները չհերքեցին, որ սպանությունից հետո Արմեն Սարգսյանը մյուս մեղադրյալներին գումար տվել է, սակայն, նրանց խոսքերով, Սարգսյանին շանտաժի են ենթարկել, եւ վերջինս ստիպված է եղել այդ գումարը տալ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG