Մատչելիության հղումներ

Կայացավ ընդդիմության հերթական հանրահավաքը


Ընդդիմադիր միավորումը ուրբաթ օրը հերթական բազմահազարանոց հանրահավաքն անցկացրեց Մատենադարանի մոտ: Ելույթների թեման հիմնականում նույնն էր. ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքում է հանրահավաքների ու երթերի մասնակիցների ձերբակալությունների դեմ:

Ընդդիմադիր միավորման ղեկավարները հանրահավաքներն օգտագործում են նաեւ մարդկանց տեղեկատվություն տալու նպատակով: Հավաքված մարդկանցից շատերն էլ, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են մասնակցում հանրահավաքներին, նշում էին տեղեկատվությանը ստացումը:

«Պետք է հակադիր կողմին էլ լսել», - ասաց միջին տարիքի մի կին: - «Գոնե մեկ ալիք լինի, որ ընդդիմությունը երբեմն կարողանա ելույթներ ունենալ, որ մենք ինֆորմացիայի սով չունենանք»:

Հանրահավաքում ելույթ ունեցողները անդրադարձան երեկ երեկոյան հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված հարցաքննությունների հատվածներին, ուր անցած տարեվերջին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ձերբակալված կասկածյալները ցուցմունք էին տալիս նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դեմ, իսկ վերջինս խոսում էր խոշոր գումարներից:

«Այդ մարդիկ բարեկամական կապեր ունեն Արմեն Սարգսյանի հետ եւ նրանից պարտքով գումար են ուզել ինչ-որ գործ ձեռնարկելու համար», - հերթական անգամ հերքելով, թե Արմեն Սարգսյանը որեւէ կապ ունի Նաղդալյանի սպանության հետ, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Ընդամենը սա է իրողությունը»:

Արամ Սարգսյանն իր ելույթում համոզմունք հայտնեց, որ նախաքննական մարմինը ընդամենը իրականացնում է նախագահ Քոչարյանի պատվերը:

Տեղեկացվեց, որ ընդդիմությունը եւս մեկ անգամ դիմել է դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմիների այն աշխատակիցներին, որոնք հանրահավաքների, երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ են կիրառել:

Ալբերտ Բազեյանը հրապարակեց «Արդարություն» դաշինքի ընդունած հայտարարության տեքստը, որում, մասնավորապես ասվում է. - «Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ու դատական համակարգը, կատարելով վարչախմբի պատվերը եւ հանրահավաքի հազարավոր մասնակիցների նկատմամբ ընտրողաբար կիրառելով օրենքը, իրենց դուրս են դնում օրինականության դաշտից՝ վերածվելով իշխանությունը բռնազավթած նախագահի շահերը սպասարկող պատժիչ մեքենայի»:

Ընդդիմությունը, վիճարկելով անցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, դիմել է Սահմանադրական դատարան: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց, թե Սահմանադրական դատարանից չեն պահանջելու բացել քվեատուփերը եւ հաշվել քվեաթերթիկները: Քննարկման առարկա պիտի դառնան ներկայացված բազմաթիվ օրինախախտումների, կեղծիքների փաստերը:

«Հայաստանի ապագան միանշանակ կախված է Սահմանադրական դատարանի որոշումից», - հայտարարեց Արամ Սարգսյանը:

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում կրկին զորակցություն հայտնեց հանրահավաքներին ու երթերին մասնակցելու համար կալանավորվածներին:

«Բռնություններով, ձերբակալություններով անվերջ իշխանություն պահել հնարավոր չէ», - ասաց նա՝ ավելացնելով. - «Խայտառակ ընտրությունները պարտություն էր ժողովրդի համար»:

Դեմիրճյանի խոսքերով, միայն ընդդիմության եւ ժողովրդի զուսպ պահվածքի շնորհիվ է, որ իրավիճակը ափերից դուրս չի եկել: «Իշխանությունը այդ առումով ամեն ինչ անում է, որպեսզի ափերից դուրս գա մեր ժողովուրդը: Նա ամեն ինչ անում է, ամեն տեսակի սադրանքի գնում է, որպեսզի ապակայունացնի իրավիճակը», - ասաց ՀԺԿ նախագահը՝ ավելացնելով. - «Բայց մենք ընտրել ենք այս ուղին, այս ուղիով էլ գնալու ենք, այս ուղիով էլ հաղթելու ենք»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG