Մատչելիության հղումներ

Մարտի 31-ից շրջանառության մեջ կդրվեն նոր մետաղադրամներ, իսկ մինչեւ տարեվերջ՝ նաեւ 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Կենտրոնական բանկի պաշտոնատարները՝ փաստարկելով տնտեսության կայուն վիճակը, հուսով են, որ նոր մետաղադրամները շրջանառության մեջ կմնան առնվազն 10 տարի:

Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը, այսօր լրագրողներին ներկայացնելով մի քանի օրից շրջանառության մեջ մտնող 50,100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամները, ասաց. - «Մենք համոզվել ենք, որ մեր տնտեսությունը այնքան կայուն է, որ դա (մետաղադրամների բարոյապես մաշվելը) մեզ մոտակա 10 տարիների ընթացքում չի սպառնում, դրանից հետո միայն որոշումը կայացվել է»:

Նույն անվանական արժեքներով թղթադրամները կշարունակեն օրինական վճարամիջոց համարվել մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը: Դրանից հետո եւս մեկ տարի քաղաքացիները ժամանակ ունեն իրենց ձեռքի տակ մնացած թղթադրամները փոխանակելու համար: «Ոչ մեկը ոչ մի դրամի վնաս չի կրելու», - հավաստիացրեց Թումանյանը: Խոսքը չի վերաբերում դիմանկարով 500 դրամանոցներին, որոնք շրջանառելու են մետաղադրամներին զուգահեռ:

Մետաղադրամների ինքնարժեքը սովորաբար բարձր է քան, թղթադրամներինը: Օրինակ, 10 դրամանոցի ինքնարժեքը անվանական արժեքից բարձր է, 20 եւ 50 դրամանոցներին ինքնարժեքն ու անվանական արժեքները գրեթե համընկնում են:

Կենտրոնական բանկը հույս ունի, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում այս մետաղադրամները կշարունակեն օգտագործվել՝ սղաճը նրանց չի խեղդի:

«Մետաղադրամը կարող է 15-20 տարի ծառայել», - ասաց Թումանյանը՝ ավելացնելով, որ տարեցտարի դրանց ներդրման տնտեսական էֆեկտը ակնառու է դառնալու: Երկրի օգուտը մետաղադրամ հատելու շնորհիվ, ըստ նրա, 10 տարի հետո կարող է հասնել միլիոնավոր դոլարների:

500 դրամանոց մետաղադրամը երկմետաղ ձուլվածքի է, ինչպես եվրոյի մետաղադրամը. դա պաշտպանական միջոց է, որպեսզի մետաղադրամը չկեղծվի:

Նոր մետաղադրամները հատվել են մրցութային կարգով Լեհաստանի դրամահատարանում, որտեղ ժամանակին հատվել էին նաեւ տխրահռչակ լումաները:

Տեղեկացվեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ շրջանառության մեջ կհայտնվեն 10 հազարանոց թղթադրամները՝ դիմերեսին Ավետիք Իսահակյանի դիմանկարով, հակառակ կողմում՝ հին Գյուրիի դրվագով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG