Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վկայակոչելով երեկ հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված հատվածները Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանի, Հովհաննես Հարությունյանի եւ մյուսների հարցաքննություններից, «Հայոց Աշխարհ» թերթն այսօր ամրագրում է Արմեն Սարգսյանի ուղղակի կապը այդ սպանությանը: Փաստարկները «Հայոց Աշխարհ»-ում ի վերջո ցեմենտվում են հետեւյալ հարցադրումներով. - «Եթե նա իսկապես որեւէ առնչություն չի ունեցել Տիգրան Նաղդալյանի սպանությանը, չի պատվիրել այդ հանցագործությունը, ապա ինչո՞ւ է, իր իսկ խոսքերով, 75 հազար դոլար վճարել հանցագործներին, ավելի ճիշտ՝ նրանց միջնորդ-ներկայացուցչին։ Ի՞նչ է նշանակում՝ «շանտաժի ենթարկել» Արմեն Սարգսյանին։ Ո՞վ չգիտի, թե ի՞նչ ուժեր, ի՞նչ անձինք են կանգնած նրա թիկունքին եւ կամ՝ Արմեն Սարգսյանը ով է։ Մի՞թե հասկանալի չէ, որ նրան «շանտաժի» ենթարկելու փորձ կատարելու համարձակություն ունեցած ինչ-որ քրեական տարրեր նման քայլի դիմելուց անմիջապես հետո ուղղակի կչեզոքացվեին»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ, Արմեն Սարգսյանի երեկվա պահվածքը նրա անմեղության առասպելի վախճանն էր, եւ բխեցվում է. - «Նա խառնեց ընդդիմության առաջնորդների եւ հատկապես իր եղբոր խաղաթղթերը»: «Երեկվա տեսանյութը ապացուցեց, որ Արմեն Զավենի Սարգսյանին քաղաքական հալածյալի կարգավիճակում ներկայացնելու բոլոր փորձերը անհիմն են... Եվ նրա ազատ արձակումը քաղաքական կարգախոս դարձրած գործիչները, փաստորեն, հովանավորում են հանցագործների», - ձեւակերպված է «Երկիր» թերթի անդրադարձում։ Մյուս կողմից, «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերում, մասնավորապես, առաջ է մղվում, որ երեկ ցուցադրվածը մոնտաժված է. - «Երեկ մոնտաժի պրիմիտիվ հնարքով փորձ արվեց տպավորություն ստեղծել, թե որպես Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուի՝ Արմեն Սարգսյանի դեմ «Ապերի» տված ցուցմունքը, մասնավորապես, իբր, Նաղդալյանի սպանության համար խոստացված գումարի շուրջ սակարկելու մասով, հաստատում է նաեւ ինքը՝ Արմեն Սարգսյանը: Մինչդեռ գլխավոր դատախազության տրամադրած կադրերից պարզ էր միայն այն, որ Արմեն Սարգսյանից ինչ-որ գործի համար 100 հազար դոլար էին ուզում, ու նա էլ զարմացել էր, թե էդ ի՞նչ գործ է, ի՞նչ բիզնես, որ այդքան գումար են ուզում» («Առավոտ»):

Ներկայիս քաղաքական ընթացքը «Իրավունք» թերթում այսօր ձեւակերպված է «խորհրդարանական եւ արտախորհրդարանական «բազարների» ժամանակներ», եւ առաջին հերթին մատնանշվում է իշխանական ճամբարի ներսում մրցակցության սրում: «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանի հայացքով էլ՝ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության դեմ պայքարելու է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ լուրջ հավակնություններ ունեցող իշխանամետ կուսակցություններ՝ առաջին հերթին Դաշնակցությունը: Ուրվագծվում է, որ առավել կարեւոր պաշտոնները իրար մեջ կիսելու համար վաչապետ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը փաստացի դաշինք են ստեղծել, իսկ ընդհանուր առմամբ՝ նոր Ազգայի ժողովը առավել վերահսկելի է լինելու Սերժ Սարգսյանի կողմից:

«Օրինաց երկիրը» դարձավ այն դիդակտիկ ցուցանակը, որի օրինակի վրա կարելի է ուսուցանվել, թե ինչպես են վարվում իշխանություններն իշխանամետ կուսակցությունների հետ», - մատնանշում է այսօր «Օրրան» թերթը: - «Օրինաց Երկրի» հետ կատարվեց օրինաչափը: Նրան «գցեցին»: Շուտով կգա Դաշնակցության հերթը:

Դաշնակցության ղեկավարներից Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ» թերթում առանձնացնում է, որ «դիմության» ճամբարից կցանկանար խորհրդարանում տեսնել Ռամկավար Ազատական կուսակցությանը, իսկ ընդդիմությունից էլ՝ Գեղամյանի «Ազգային միաբանություն»-ը: Միաժամանակ նա համամիտ չէ թղթակցի դիտարկմանը, որ Հայաստանի ժողովրդական կուսակցությունն էլ ակնհայտորեն կհաղթահարի 5 տոկոսի արգելքը: Ըստ Վահան Հովհաննիսյանի, Դաշնակցության համամասնական ցուցակում համախմբվել են մարդիկ, ովքեր ընդունում են լուրջ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը Հայաստանում: «Անշուշտ, դա պետք է արվի առանց արմատական շեղումների վերջին 5 տարիներին իրականացված բարեփոխումներից, որոնց առաջնորդ մենք այսօր էլ տեսնում ենք գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին», - ավելացնում է նա:

«Երկիր» թերթում այսօր շեշտվում է. - «Բոլոր ցուցակների առաջին տասնյակը տարաբնույթ վերանայումների ենթարկվեց՝ այդպիսով ապացուցելով, ցավոք, խիստ բացասական մի իրողություն, որի խնդիրը միայն խորհրդարան մուտք գործելն է... Ստեղծված իրավիճակում կանխատեսելի են զարգացումները, որոնք կհանգեցնեն քաղաքական դաշտի էլ ավելի խճողվածությանը»։ «Այսպիսով, էլ ավելի է նվազելու ժողովրդի հավատն առ այն, որ իր քվեն տալով՝ ինքը ընտրել է մի կուսակցության, որը հետամուտ պետք է լինի ժողովրդի կամքը արտահայտելուն», - կանխանշում է «Երկիր»-ի մեկնաբանը:

«Հայկական ժամանակ» թերթը թերահավատ հեգնանքով է նայում Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի ջանքերին՝ ստեղծել համաշխարհային հայկական կառույց: «Որքան Արա Աբրահամյանին կարելի է Ռուսաստանում ապրող հայերի նախագահ համարել, նույն չափով էլ՝ Ռոբերտ Քոչարյանին կարելի է համարել Հայաստանում ապրող հայերի նախագահ», - կապակցում է մեկնաբանը: - «Հիմա Արա Աբրահամյանին հնարավորություն է տրված՝ դառնալու ալամ աշխարհի հայերի, այսինքն, նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահ: Այդպիսի բան կա մեկ էլ եզդիների մոտ»: «Մեկ-մեկ տուրիստական այցով Հայաստան ժամանելով` տեղացիներիս սովորեցնում են, թե ինչն է բարոյական ու ինչը՝ անբարոյական», - սփյուռքի տարբեր շրջանակների այսօրինակ նկրտումներին այս առիթով բացասաբար է արձագանքում եւ «Օրրան» թերթը: «Առավոտ»-ի խմբագիրն էլ հարցը կտրուկ է դնում. - «Ուզում եք մասնակցել մեր ներքին հասարակական կյանքին, ապրեք Հայաստանում, դարձեք ՀՀ քաղաքացի, եւ այդ դեպքում փառաբանեք կամ պախարակեք ում ուզում եք... Ռոբերտ Քոչարյանին էլ համակրել կամ չհամակրել կարող ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մարդիկ, ովքեր այստեղ ապրում են, ոչ թե «տուրիստ են գալիս», կամ էլ ապրում են դրսում, բայց ցանկանում են հաղթել հայրենի հողում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG