Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հայերի միության նախագահ, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվող Համաշխարհային հայկական կազմակերպությունը նպատակ է հետապնդելու համախմբել աշխարհասփյուռ հայությանը՝ համահայկական խնդիրների լուծման համար:

Մեկ տարի առաջ կազմավորված նախաձեռնող խմբում ընդգրված են շուրջ 35 հայկական կազմակերպություններ տարբեր երկրներից: Խմբի անդրանիկ նիստը տեղի կունենա վաղը Երեւանում, իսկ կազմակերպության հիմնադիր համագումարը՝ հոկտեմբերի 5-ին Մոսկվայում:

«Համախմբել աշխարհով մեկ սփռված հայությանը՝ հանուն հայ ժողովրդի ազգային շահերի», - ասպես ձեւակերպեց ստեղծվելիք կառույցի նպատակը Արա Աբրահամյանը:

Պատասխանելով կազմակերպության առջեւ դրվելիք խնդիրներին վերաբերող՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Աբրահամյանը առանձնացրեց հիմնականում երեք ուղղություն՝ Հայաստանի Հանրապետության ամրապնդում եւ զարգացում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ տնտեսական խնդիրներ:

«Որովհետեւ հիմքը այս կազմակերպության լինելու է շահը», - բացատրեց Աբրահամյանը: - «Պետք է շահավետ լինի, որ մենք հայ ենք, եւ մարդը պետք է այդ շահը զգա»: Կարճ ասած՝ ստեղծվելու է համաշխարհային տնտեսական հոլդինգ, որը տարաբնույթ բիզնես է իրականացնելու: Նրա խոսքերով, այդ հոլդինգի եկամուտի 20 տոկոսը տրամադրվելու է համահայկական խնդիրների լուծմանը: Մնացած 80 տոկոսի մասին Արա Աբրահամյանը ոչինչ չասաց:

Ըստ այսօր առավոտյան ստորագրված փաստաթղթի, կառույցի ձեւավորման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ), Լեռնային Ղարաբաղի կառավարության, Հայաստանի փախստականների միության, Գիտությունների ազգային ակադեմիայի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրված է արդեն այս տարի ՀՌԱԿ-ի հետ համատեղ ներդնել 50 մլն դոլար:

Անդրադառնալով ներքաղաքական իրողություններին, մասնավորապես անցած նախագահական ընտրություններին, Արա Աբրահամյանը վերահաստատեց Ռուսաստանի հայերի միության՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու դիրքորոշումը: «Նույնը շարունակում ենք: Պետք է պաշտպանենք ընտրված նախագահին», - ասաց Արա Աբրահամյանը: - «Իրականացնենք այն ծրագրերը, որ մարդկանց տնտեսական վիճակը մի քիչ բարելավվի»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել էր Արա Աբրահամյանին: Քննարկվել էին առաջիկա հինգ տարիների ծրագրերը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG