Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ժամանակները փոխվում են, բարքերն ու երեւույթները՝ ոչ, այնպես որ թերեւս իզուր է «Հայկական ժամանակ» թերթը այսօր ներկայացվող իր տեղեկությունը որակում սենսացիոն եւ առաջարկում այն կարդալիս «պինդ բռնել թերթը, տեղավորվել էլեկտրական սարքերից, սուր-կրտող գործիքներից հեռու»: Իսկ տեղեկատվությունը ընդամենը հետեւյալն է. ինչպես հիշում եք, երեք տարի առաջ Ազգային ժողովում ստեղծվեց մի հանձնաժողով՝ Դաշնակցության խմբակցության այն ժամանակվա ղեկավար Լոքյանի գլխավորությամբ, որը պետք է ուսումնասիրեր, թե ով եւ ինչպես է, պատկերավոր ասած, ցուրտ ու մութ տարիներին «լափել» Հայաստանի էներգիան: Այս հետազոտության արդյունքում որպես ամենառանցքային «խոշորածավալ մազութակեր» բացահայտվեց «Հրազդան» ջերմաէլեկտրակայանի տնօրեն Մարատ Մարտիրոսյանը: Եվ հիմա վերջինս, որպես պատգամավորության թեկնածու, տեղ է գրավել նույն Դաշնակցության համամասնական ցուցակում: Ու սա է «Հայկական ժամանակ» թերթը որակել սենսացիա: Թեեւ, մյուս կողմից, այլ թերթերում էլ այսօր առանձնապես մի բան չկա:

Ռազմական գործողությունների ժամանակ կարեւորագույն խնդիրներից է հակառակորդին տեղեկատվության միջոցներից զրկելը. իրաքյան պատերազմում էլ օրերս դրսեւորված այս մարտավարությունը, «Առավոտ» թերթի զուգահեռմամբ, երկար ժամանակ արդեն կիրառվում է նաեւ Հայաստանում: Զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը կանոնակարգող հայաստանյան օրենքները որակվում են ռումբից ոչ պակաս արդյունավետ՝ իշխանություններին անհաճո լրատվամիջոցները լռեցնելու տեսանկյունից: Ինչպես կապակցված է՝ «Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին» օրենքը շարքից հանեց «Ա1+» հեռուստաընկերությունը, հիմա էլ մամուլի դեմ գործի են ուզում դնել «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենք:

Հայաստանի նախագահին կից Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասրյանը «Հայոց Աշխարհ» թերթում այսօր բանաձեւ է ընդգծում՝ «իրավապաշտպանությունն սկսվում է այնտեղ, որտեղ առկա է իրավախախտումը»։ Սա նա առաջ է մղում այն շաղկապմամբ, որ իրենց հանձնաժողովը որեւէ հիմք չունի կասկածելու, թե ապօրինություններ են տեղի ունեցել հետընտրական բողոքի ցույցերի բազմաթիվ մասնակիցների պատասխանատվության ենթարկելու հարցում:

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի մի հաղորդման հետքերով որոշ թերթերում էլ տպավորություն մնաց, որ նշված հանձնաժողովը ինչ-որ չափազանց անհաղորդ է երկրի ներկայիս բուռն ընթացքին: Թերեւս սա է Ասրյանին մղել հատուկ ուշադրության արժանացնել մեզ: «Չեմ կարող չանդրադառնալ «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան գրասենյակի գործունեությանը», - պարզել է նա «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում։ - «Վերջին շրջանում մեր երկրում այդ գրասենյակը ծավալել է ծայրահեղորեն կողմնակալ քարոզչություն, ինչը հատկապես դրսեւորվեց նախագահական ընտրությունների ժամանակ... Դրանով «Ազատությունը» առաջին հերթին վարկաբեկում է իրեն վերահսկելու կոչված ամերիկյան ռադիոհաղորդումների ազգային խորհրդին, իրեն ֆինանսավորող ԱՄՆ կոնգրեսին։ Այս առումով, ռադիոկայանի որդեգրած գործելաոճը առաջին հերթին պետք է մտահոգի ամերիկյան կառավարությանը, նոր հետո մեր հասարակությանը», - վարկաբեկումներ ու մտահոգություններ է ուղղորդում Հայաստանի նախագահին կից Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահը։

«Գոլոս Արմենիի» թերթում էլ աշխատանքի վետերանների հերթական նամակի ֆորմատով մեղադրանք է հնչեցվում, թե «վերջին շրջանում «Ազատություն» ռադիոկայանի տոնը հատուկ ազատություն է ձեռք բերել, դժվար է դարձել հասկանալ՝ այն դեմոկրատական չեզոք ծրագիր է, թե ընդդիմության խոսափող՝ երբեմն ընդդիմության առաջնորդներից էլ ավելի քննադատական»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG