Մատչելիության հղումներ

Կանայք բողոքում են ձերբակալությունների դեմ


Այսօր Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում շուրջ հազար կանայք բողոքի իրենց ձայնը միացրին ընդդեմ ընդդիմության հանրահավաքների ու երթերի մասնակիցների շարունակվող ձերբակալությունների: Գրետա Սարգսյանը, անսալով իր կողմնակիցների հորդորներին, դադարեցնում է նստացույցը նախագահի նստավայրի դիմաց:

«Այսօր Հայաստանում տեղի են ունենում բռնություններ, ապօրինի ձերբակալություններ, փակ դատավարություններ», - հանրահավաքի իր ելույթում ասաց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգայի ժողովի դահլիճում գնդակահարված Յուրի Բախշյանի այրին: - «Սրա դեմ ենք մեր մեր ձայնը բարձրացնում»:

Նրա խոսերով, գործող վարչակազմը բռնությունն ու ահաբեկչությունը դարձնում է միջոց՝ երկարացնելու իր իշխանությունը:

Հայաստանի ժողովրդական կուսակցության մամուլի հարցերով պատասխանատու Ռուզան Խաչատրյանը իր ելույթում շեշտեց, թե Հայաստանի քաղաքացիներն անպաշտպան են: Որեւէ պետական ատյան ի զորու չէ եւ ցանկություն էլ չունի պաշտպանել քաղաղաքացիների իրավունքները, ուստի անցել են ինքնապաշտպանության: Խաչատրյանը հայտարարեց, որ «Արդարություն» դաշինքը կազմակերպել է անվճար իրավաբանական ծառայություն, ուր վաղվանից կարող են դիմել բռնություններից ու ապօրինություններից տուժածները:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ զոհված ազատամարտիկի մայր, 70-ամյա բուլղարահայ Փափազյանը: «Եկել էին ինձ ձերբակալելու, քանի որ ես գալիս եմ միտինգի եւ նստացույցի», - ասաց նա՝ ավելացնելով, թե իրեն գումար են առաջարկել՝ «իրար հետ աշխատելու» համար:

Ընդդիմադիրների շտաբում ձերբակալվածների մասին տեղեկատվությունը հավաքում է Ազգային ժողովրդավարական կուսակցության անդամ Դուստրիկ Մխիթարյանը: Վերջինս իր ելույթում ասաց, թե իշխանությունները «մարդաորս են սկսել»:

Ավելի ուշ Մխիթարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մարտի 17-ից ի վեր 103 մարդ է վարչական պատասխանատվության ենթարկվել: «Կան մարդիկ, ովքեր ձերբակալված են, բայց մենք տվյալներ չունենք», - ավելացրեց նա:

Դուստրիկ Մխիթարյանի խոսքերով, վարչական տույժի ենթարկվածների մեջ շատ են կանայք, ում հիմնականում տուգանում են:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ զոհված վարչապետ Վագեն Սարգսյանի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ձերբակալված Արմեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը: Տիկին Գրետան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ, անսալով իր շրջապատի բազմաթիվ մարդկանց խնդրանքներին, դադարեցնում է իր որդուն ազատելու պահանջով նստացույցը: Պայքարը, սակայն, շարունակելու է: «Ոչ միայն իմ տղայի առումով», - ասաց տիկին Գրետան.- «Համատարած բռնություններ են տեղի ունենում... Ժողովուրդն ապրում է ստի, կեղծիքի, բռնության, ճնշման մթնոլորտում»:

Հանրահավաքից հետո կանայք երթով գնացին դեպի գլխավոր դատախազություն եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ հանձնելով հանրահավաքում ընդունված հայտարարությունը, որով դատապարտում են բռնություններն ու ձերբակալությունները:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG