Մատչելիության հղումներ

Շարունակվում են ընդդիմության հանրահավաքների մասնակիցների ձերբակալությունները


Երեկ Մատենադարանի մերձակայքում ընդդիմության անցկացրած հերթական հանրահավաքից ու երթից հետո սկսվել է դրանց մասնակիցների ձերբակալման նոր ալիք: Կրկին առանց փաստաբանների անցկացվող փակ դատավարություններով մարդիկ ենթարկվում են մինչեւ 15 օր վարչական կալանքի կամ տուգանքի:

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Արագածոտնի մարզի Արագած ավանի բնակիչ Կամո Ավետիսյանը Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե նախորդ հանրահավաքներին մասնակցելու համար իրեն արդեն երկու անգամ ձերբակալել էին: «Երրորդ անգամ եմ եկել», - շարունակեց նա: - «Արդեն երրորդ օրն է տանը չեմ լինում: Կնոջս զանգել եմ այսօր, ասաց, որ գիշերով 4-5 միլիցիոներ եկել-մտել են տուն, խուզարկել են, ինձ են փնտրել»:

Նրա խոսքերով, իրեն առաջադրվող միակ մեղադրանքը ցույցերին մասնակցելն է: Ավետիսյանը ավելացրեց, որ իրենց գյուղից այլ ձերբակալվածներ էլ կան՝ տալով իր համագյուղացի եւ կուսակից Արտակ Ստեփանյանի անունը, ում երեկ գիշեր Երեւանում ձերբակալել են եւ ենթարկել 15-օրյա վարչական կալանքի:

Վարչական տուգանքների ենթարկվածներից Շուշան Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ոստիկանությունում իրեն ասել են, թե «փակել է մեքենաների ճանապարհը»՝ խանգարելով երթեւեկությանը, թելադրել են, թե ինչպիսի ցուցմունք պետք է գրի եւ, 1500 դրամ տուգանելով, ազատ են արձակել:

ՀԺԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանի փոխանցմամբ, մարտի 17-ից մինչեւ երեկ վարչական կալանքի էին ենթարկվել, տուգանվել կամ ահաբեկվել էին շուրջ 40 մարդ:

«Այսօրվա տվյալներով, ունենք 30 մարդ, ովքեր բերման են ենթարկվել», - ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ այդ թիվը անընդհատ աճում է: Նա ավելացրեց նաեւ, որ իրավապահները զանգում են վարչական կալանքի ենթարկվածների հարազատներին եւ առաջարկում գումար մուծել՝ կալանվածներին սննդով ապահովելու համար:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ամբողջ օրը փակ դռների հետեւում ընթանում էին վարչական իրավախախտումների գործերով դատական նիստեր: Կալանվածներին պաշտպանելու եւ խորհրդատվությամբ օգնելու համար դատարանում էր նաեւ ՀԺԿ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը, ում, սակայն, նույնպես թույլ չէին տալիս մասնակցել դատավարություններին:

Խուդաբաշյանի տպավորությամբ, ձերբակալում են նրանց, ովքեր հանրահավաքի ժամանակ հարթակին մոտ են կանգնած եղել:

Միջին տարիքի մի տղամարդ, ում դատարանը հենց նոր ենթարկել էր 7-օրյա կալանքի, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, թե պատասխանելով դատավորի հարցերին ասել է, որ պատահաբար է եղել Մատենադարանի մոտ, «մի կես կանգնել-լսել է» ու հեռացել:

73-ամյա թոշակառու Գառնիկ Խանզադյանը դեռ սպասում էր իր դատավարությանը: Նա ասաց, թե կնոջն ուղեկցել էր հիվանդանոց եւ հետաքրքրությունից դրդված որոշ ժամանակ կանգնել-լսել էր հանրահավաքը: Խանզադյանը ավելացրեց, որ ինքը տուգանքի համար փող չունի. - «Ինչո՞վ տուգանեն... Թոշակ տվե՞լ են, որ տուգանեն»:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 40 քաղաքացի», - հրաժարվելով պատասխանել կոնկերտ երեկ եւ այսօր կալանվածներին վերաբերող հարցերին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG