Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ահաբեկելը թուլության նշան է» վերնագրի ներքո «Առավոտ» թերթը շեշտում է. - «Իրականում Ռոբերտ Քոչարյանը թույլ է ու անվստահ, հակառակ դեպքում ժողովրդին ռեպրեսիաներով ու աշխատանքից հեռացնելով չէր վախեցնի։ Կգործեր բաց ու ազնիվ, այլ ոչ այնպես, ինչպես հիմա՝ ոչնչից տեղյակ չեղողի կեցվածք ընդունելով, իսկ ավելի ուշ իր դեմ բողոքի ելած մարդկանց ետեւից իր ոստիկաններին ուղարկելով»։

«Օրրան» թերթի որակմամբ՝ «ամենակլասիկ բռնակալին բնորոշ վճռականությամբ» է Քոչարյանը պայքարում հանրահավաքների ու ցուցարարների դեմ, եւ հանուն նրա «կայունության» բազմաթիվ քաղաքացիների շարունակում են ահաբեկել, տրորում են մարդկանց արժանապատվությունը:

Ընդդիմադիր թերթերն արձանագրում են, որ երեկ էլ ընդդիմության հերթական հանրահավաքը խոչընդոտելու նպատակով իշխանությունները Երեւան մտնող բոլոր մայրուղիները փակել են՝ ավտոբուսները կանգնեցրել եւ մարդկանց իջեցնելով հետապնդել: Եվ չնայած սրան ու հետագա հետապնդումներին, ե'ւ հանրահավաքն էր մարդաշատ, եւ, ինչպես «Այբ-Ֆե» թերթում է ընդգծված՝ «օրինական ճանապարհով հաղթելու վճռականությունը անբեկանելի»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ, իրականում պարզապես ընդդիմություն դարձած որոշ անձանց թվում է, թե իրենց հետապնդում են: ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցություններն էլ «իրենց ստվերի հետեւից ընկած իրենք իրենց են հալածում ու ձայն տալիս, թե՝ հասեք, մեզ ճնշում են»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը գրում է. - «Դժվար թե սրանք այդքան միամիտ լինեն՝ հույսեր տածելու համար, թե Քոչարյանին որեւէ բռնակալի հետ համեմատելու իրենց փորձերը կարող են լրջորեն ընդունվել երկրի ներսում, առավել եւս՝ միջազգային հանրության կողմից: Ուրեմն», - բխեցրել է մեկնաբանը, - «սրանք պարզապես հող են նախապատրաստում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ սպասվող վճռորոշ բանակցությունների շրջանում Հայաստանի վրա լուրջ ճնշումներ գործադրելու համար»:

«Եթե հայտարարվի մրցույթ՝ ով ավելի լավ կհայհոյի գործող իշխանությանը, հաճույքով կմասնակցեմ՝ առաջին մրցանակ շահելու հույսով, բայց», - համադրում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը, - «Երբ նայում ես շուրջդ, իսկույն հարց է ծագում՝ իսկ այս ովքե՞ր պատրաստվում փոխարինել ներկա իշխանությանը... Եվ, ինչպես միշտ, հարկադրված ես ընտրություն անել վատի ու վատթարի միջեւ»:

«Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե Ազգային ժողովի ընտրությունները անցկացվեին առաջիկա կիրակի»: «Առավոտ» թերթում ներկայացվում են մարտի 18-19-ին մոտ 700 երեւանցիների հարցման հիման վրա տվյալներ, որոնց համաձայն միայն 6 կուսակցություն կարող է հաղթահարել 5 տոկոսի պատնեշը եւ մտնել խորհրդարան: Առջեւում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքն է՝ մոտ 22,5 տոկոս ցուցանիշով, ապա «Ազգային միաբանություն»-ը՝ մոտ 17 տոկոս: Ընդդիմությունից շուրջ 6 տոկոս է հավաքում «Րաֆֆի Հովհաննիսյան» դաշինքը: Իշխանության թեւից անցողիկը «Օրինաց Երկիր»-ը, Դաշնակցությունը եւ Հանրապետական կուսակցությունն են, ընդ որում՝ վերջինս թեեւ քանի տարի է հռչակված է թիվ մեկ իշխող կուսակցություն, ըստ այս հարցման էլ նրանց մեջ ունի ամենացածր ցուցանիշը՝ 7,5 տոկոսի չափ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG