Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի պահանջով ստուգվեցին մի շարք ընտրատեղամասեր


Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) այսօր, Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմամբ, բացվեցին 7 ընտրատեղամասերի քվեատուփեր՝ ստուգելու նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկության արդյունքների համապատասխանությունը տեղամասային հանձնաժողովների վերջնական արձանագրությունների հետ: ՍԴ դիմած կողմին՝ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներին չթուլյատրվեց մասնակցել ստուգման աշխատանքներին, եւ նրանք ի նշան բողոքի հեռացան:

Արտաշես Գեղամյանի ներկայացուցիչներին չբավարարեց սոսկ դիտորդի կարգավիճակը, որով նրանց ստուգմանը մասնակցել առաջարկեց ԿԸՀ-ի նախագահը: Ալեքսան Կարապետյանը, օրինակ, ասաց, թե դա «ծուղակ» է: «Եթե փաստաթղթերին մոտիկից ծանոթանալու հնարավորություն չունենք», - հայտարարեց նա, - «այդ տիպի ֆարսին մենք չենք մասնակցում»:

Դիմող կողմի ներկայացուցիչների հետ միասին հեռացավ նաեւ ԿԸՀ-ի անդամ, հանձնաժողովում «Ազգային միաբանություն» կուսակցությունը ներկայացնող Զավեն Պլուզյանը՝ թեեւ հաշվարկման գործընթացին մասնակցելու եւ բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք եւ լիազորություն ուներ:

Իսկ ԿԸՀ-ի մնացած անդամների կարծիքով, ինչ պայմաններ էլ որ ստեղծվեին, բողոքող կողմի դիրորքրոշումը կանխորոշված էր. նրանց եկել էին սոսկ բոյկոտելու մտադրությամբ:

Այդուհանդերձ ԿԸՀ-ն, լրագրողների եւ միջազգային դիտորդների ներկայությամբ, շարունակեց աշխատանքը: Հայտնաբերված անճշտությունները, ինչպես կանխատեսում էին արդեն հեռացած դիմող կողմի ներկայացուցիչները, չնչին էին:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ստուգման աշխատանքներին դիտորդի կարգավիճակով հետեւող Սահմանադարական դատարանի ներկայացուցիչ Արմեն Զալինյանը, ՍԴ-ն որոշել է ստուգել 11 տեղամաս:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG