Մատչելիության հղումներ

Տիգրան Նաղդալյանի սպանության գործող ձերբակալված Արմեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի՝ նախագահի նստավայրի դիմաց այսօր շարունակվող նստացույցին աջակցելու նապատակով ընդդիմությունը արտահերթ հանրահավաք անցկացրեց Մատենադարանի մոտ:

Ընդդիմության առաջնորդներից հարթակում էին «Հանրապետություն» կուսակցության ղեկավարները, ՀԺԿ-ի ղեկավար անդամներ:
Ձերբակալված Արմեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ իր եղբորը իշխանությունները պատանդ են վերցրել:

«Սովորական, ամենասովորական, ասիական քաղաքական տակտիկա է. նա ոչ թե իմ եղբորը կալանավորել է, նա իմ եղբորը պատանդ է վերցրել», - հայտարարեց Արամ Սարգսյանը՝ առանց Ռոբերտ Քոչարյանի անունը տալու: - «Փորձում է լռեցնել ինձ: Փորձում է աշխարհին ցույց տալ, որ այս ընդդիմությունը նենգ ընդդիմություն է, մարդասպաններ են: Հույս չունենա'ս, բացարձակ հույս չունենա'ս»:

Արամ Սարգսյանի խոսքերով, փորձում են նաեւ իրենց ընտանիքին պիտակ կպցնել: «Դա իրեն չի հաջողվելու, միանշանակ չի հաջողվելու» - բորբոքված շարունակեց Սարգսյանը: - «Սրբապղծություն է այն, ինչ իրենք անում են»:

Հանրահավաքում կարճ ելույթներ ունեցան նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, կուսակցության ղեկավար անդամներից Սուրեն Սուրենյանցը: Նրանք պնդեցին, որ Արմեն Սարգսյանի ձերբակալությունը «ընդդիմության դեմ ուղղված քաղաքական վճիռ էր»:

Մինչեւ հանրահավաքը սկսվելը, Մատենադարանի մոտ եկած կանայք շարժվել էին դեպի նախագահի նստավայր՝ միանալու այնտեղ իր նստացույցը շարունակող տիկին Գրետային: Սակայն ոստիկաններն ու զինվորները փակել էին ճանապարհը: Կանանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ փողոցը փակած իրավապահները շատ կոպիտ էին վարվել կանանց հետ: Նրա խոսքերով, իրավապահները տարել էին այդ ամենին ականատես մի արտասահմանցի լրագրողի: Ոստիկանության լրատվական ծառայությունից այդ տեղեկությունը չհաստատեցին:

Երբ արդեն հանրահավաքի մասնակիցները երթով ուղղվեցին դեպի նախագահի նստավար, փողոցն արդեն փակված էր փշալարերի խիտ ցանցով, զինվորներով ու ջրնետ 2 մեքնենաներով:

Գրետա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ երկրի նախագահին ուղղված երեկվա դիմումի կապակցությամբ որեւէ պատասխան չի ստացել, եւ պատրաստվում է այսօր եւս դիմել:

«Դեմոկրատական երկիր ենք, Եվրախորհրդի անդամ ենք, ո՞րն է մեր դեմոկրատիան... Էս բռնություննե՞րը, էս ճնշո՞ւմը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տիկին Գրետան՝ ավելացնելով, թե երաշխավորում է, որ Արմեն Սարգսյանի խափանման միջոցը փոխելու դեպքում, վերջինս չի հեռանա հանրապետությունից: Նա կրկին պնդեց, որ Արմենը կապ չունի Տիգրան Նաղդալյանի սպանության հետ: - «Մեր բնույթը դա չէ. ամեն մարդ չէ, որ կարող է մարդասպան լինել»:

Նրա խոսքերով, ինքը բողոքում է ոչ միայն իր որդու ձերբակալության, այլեւ «այս ամբողջ քաղաքական բռնությունների» դեմ:

Արմեն Սարգսյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը այսօր ազգային անվտանգության մեկուսարանում հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ: Փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այսօր բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն: Ըստ այդմ՝ եղած ապացույցները բավարար չեն Արամ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու համար:


Հրաչ Մելքումյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG