Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը չի առաջադրվելու առաջիկա ընտրություններում


Ազգայի ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը այսօր հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսում խորհրդարանի խոսնակը իր որոշումը փաստարկեց նրանով, որ «հոգնել է» ներկա պաշտոնից եւ քաղաքական գործունեությունը շարունակելու է «այլ ոլորտներում»: Թե կոնկրետ ինչ ոլորտների մասին է խոսքը, Խաչատրյանը չմասնավորեցրեց:

Խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), մինչդեռ, «Արժանապատիվ ապագա» կուսակցության հետ կազմել է «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը եւ Ռոբերտ Քոչարյանին գոնե բացահայտորեն սատարող 13 կուսակցությունների ու դաշինքների թվում է:

Այսօր հրավիրած ասուլիսում դաշինքի ղեկավարները անդրադարձան իրենց նպատակներին ու հավակնություններին: 71 անուն պարունակող ցուցակը գլխավորում է «Արժանապատիվ ապագա» կուսակցության առաջնորդ, Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը, Գագիկ Ասլանյանը երկրորդն է: Երրորդը Կոռուպցիայի կանխարգելման հասարակական կենտրոնի նախագահ Ստեփան Ծաղիկյանն է:

Դաշինքը, ասուլիսի բանախոսների տեղեկացմամբ, միավորում է ձախ եւ աջ ժողովրդավարներին, աջակցելու է բարենորոգումների, ժողովրդավարության գործընթացին:

Հարցին, թե քանի տոկոս ձայն է ակնկալում դաշինքը, Լյուդմիլա Հարությունյանը պատասխանեց. - «Մենք ունենք մեր ուժին ու սկզբունքներին համապատասխան հավակնություններ»: «Իհարկե, տեսնում ենք, որ մենք կհաղթահարենք 5 տոկոսը, բայց խնդիրը 5 տոկոսի հաղթահարումը չէ», - ավելացրեց Գագիկ Ասլանյանը: - «Մենք ուզում ենք որոշակի դերակատարում ունենալ խորհրդարանում, դերակատարում ունենալ նաեւ գործադիր իշխանությունում»:

Դաշինքին սատարում է նախկին վարչապետ, այժմ Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, թեեւ նրա անունը ցուցակում չկա: Ցուցակում է, սակայն, Դարբինյանի վարչապետության օրոք ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանը, ով ներկայումս ամբիոնի վարիչ է նույն համալսարանում:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերի ընտրազանգվածը դաշինքին, որի համամասնական ցուցակը կին է գլխավորում, Լյուդմիլա Հարությունյանը ասաց, որ հիմա կանանց իրավունքը արդեն մի քիչ ավելի է ճանաչվում, քան առաջ: «Ուղղակի կին չեմ՝ քաղաքական գործիչ եմ եւ ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ Հայաստանում կան արդեն քաղաքական գործիչներ, որոնց սեռը պարտադիր չէ նշել», - ավելացրեց Հարությունյանը:

Առաջադրվելու հայտ ներկայացրած համամասնական երեք ցուցակ գլխավորում են կանայք: Հավելումս այս դաշինքի՝ «Արդյունաբերողների եւ կանանց միություն»-ը՝ Ժանետա Մանուկյան եւ «Րաֆֆի Հովհաննիսյան դաշինք»-ը՝ Անահիտ Ժամկոչյան֊Բախշյան:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG