Մատչելիության հղումներ

Տիգրան Նաղդալյանի սպանությունն օժանդակելու մեղադրանքով մարտի 15-ին կալանված Արմեն Սարգսյանի, նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված Վազգեն Սարգսյանի ու նախկին վարչապետ Արամ Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը այսօր սկսեց իր նստացույցը Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց:

Շաբաթ օրը ձերբակալված Արմեն Սարգսյանի դեմ ցուցմունքներ է տվել անցած տարեվերջին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի գործով ձերբակալվածներից մեկը: Ըստ Հայաստանի հանրային հեռուստատեսության այսօր տարածած տեղեկատվության, վերջինս ասել է, որ Արմեն Սարգսյանը իրեն 50 հազար ԱՄՆ դոլար է տվել՝ սպանությունը կազմակերպելու եւ իրականացնելու համար:

Ժամը 13-ին Ազգային ժողովի դահլիճում զոհվածների այրիները, բացառությամբ Լեոնարդ Պետրոսյանի այրուց, հավաքվել էին նախագահի նստավայրի մուտքի մոտ: Կարճ ժամանակ անց անխոս հեռացավ միայն Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմինե Արմենակյանը: Հավաքված մի քանի տասնյակ կանանց իրավապահները թույլ չէին տալիս անցնել արգելաճապավենից այն կողմ ու միանալ ցուցարարներին:

Գրետա Սարգսյանը վստահ է, որ իր որդին անմեղ է: «Սա քաղաքական պատվեր է, քաղաքական ակցիա է», - լրագրողներին ասաց տիկին Գրետան: - «Ընդդիմությանը լռեցնելու միջոց է՝ Արամին լռեցնելու համար հատկապես»:

Նստացույցի մասնակիցները բողոքում են ոչ միայն Արմեն Սարգսյանին, այլեւ, իրենց խոսքերով՝ ընդդիմության վերջին հանրահավաքին մասնակցելու եւ Գրետա Սարգսյանի հայտարարությունը տարածելու համար եւս 7 հոգու կալանելու ու նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու դեմ: Յուրի Բախշյանի այրու վկայությամբ, կալանվածներից մի քանիսի կանայք հացադուլ են հայտարարել:

Հայտարարված անժամկետ նստացույցը, ըստ տիկին Գրետայի, շարունակվելու է այնքան ժամանակ, «քանի դեռ միջոցներ չեն ձեռնարկել, քանի դեռ իմ որդուն ազատ չեն արձակել»: «Ես պիտի նստացույց անեմ այնքան, մինչեւ արդարությունը հաղթանակի», - ավելացրեց նա: - «Ես միայն ինձ համար չեմ անում, ես ամբողջ ժողովրդի համար եմ անում»:

Կարեն Դեմիրճյանի այրին այսօր չէր մասնակցում նստացույցին. նա եկել էր միայն սատարելու Գրետա Սարգսյանին: Ռիմա Դեմիրճյանը, ինչպես նաեւ խորհրդարանի դահլիճում մյուս զոհվածների հարազատները պնդում են, որ Տիգրան Նաղդալյանի սպանությունը բոլորովին իրենց շահերից չէր բխում:

«Նաղդալյանը վկա էր, կարեւորագույն վկա: Մենք բոլորս անհամբեր սպասում էինք նրա ցուցմունքներին», - ասաց տիկին Դեմիրճյանը: - «Ես հիմա էլ եմ համոզված, որ այդ ցուցմունքները բեկումնային կլինեին դատավարության ընթացքում: Մյուս կողմից, այս սպանությունը ձեռնտու էր միայն եւ միայն 27-ի կազմակերպիչների համար, որպեսզի թելը կտրեն: Այստեղից հետեւություն՝ սա բացարձակ սադրանք է»:

Ձերբակալությունները իբրեւ «քաղաքական հետապնդում» որակեց նաեւ ցուցարարներին աջակցելու եկած ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա, պատահական չէր, որ Տիգրան Նաղդալյանի սպանության բացահայտման մասին հայտարարվեց հենց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրը՝ մարտի 5-ին: Պատահական չէ նաեւ, որ ընդհատվել է «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը:

«Ես իրավականից դուրս եմ գալիս», - ասաց նա: - «Մնում է մեկ գնահատական. այնուամենայնից, սա քաղաքական ենթատեքստ ունի»:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ, Գրետա Սարգսյանը «ի վիճակի է ոտքի հանել ժողովրդին»: «Ճիշտ կլիներ, որ հանրապետության նախագահը իջներ, սպարապետի մորը հրավիրեր իր առանձնասենյակ եւ նրանք զրուցեին», - ասաց նա: - «Իմ կարծիքով, դա կլիներ ամենամարդկային, բարոյական քայլը հանրապետության նախագահի կողմից»:

Նստացույցի մասնակիցների հետ, ի դեպ, ողջ օրվա ընթացքում նախագահի աշխատակազմի որեւէ ներկայացուցիչ չհանդիպեց:

Ձերբակալությունների առնչությամբ այսօր հայտարարությամբ հանդես եկավ «Արդարություն» դաշինքը: «Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Արմեն Սարգսյանին ձերբակալելով, իշխանությունները հերթական երաշխիքն են տալիս հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած ոճրագործներին», - ասված է, մասնավորապես, հայտարարության մեջ, որն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հրապարակեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, կուսակցությունը ձեռնպահ է մնում որեւէ կարծիք հայտնելուց՝ մեկնաբանությունները թողնելով քննչական մարմիններին:

Օրվա երկրորդ կեսին նստացույցին մասնակցող կանայք ուղերձ հղեցին երկրի նախագահին, արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին: Ցուցարարները ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ Սարգսյանների ընտանիքը կապ չունի Տիգրան Նաղդալյանի սպանության հետ:

Այս ուղերձը քայլ էր, որպեսզի Գրետա Սարգսյանը դադարեցնի նստացույցը: Տիկին Գրետան, սակայն, հայտարարեց, որ շարունակելու է նստացույցը՝ քանի դեռ իրենց խոսքը տեղ չի հասել: «Քանի լույս է նստելու եմ, վաղը ժամը մեկին նորից գալու եմ՝ եթե իրենք չընդառաջեն ինձ», - հայտարարեց նա, - «եթե այսօր բաց չթողնեն իմ տղային, մյուս բռնված տղաներին»:

Ցույցի մասնակիցները ուղերձը հանձնեցին նախագահի աշխատակազմի նամակների բաժին եւ ժամը 6-ին հեռացան: Վաղը նստացույցը շարունակվելու է:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG