Մատչելիության հղումներ

Մայիսի 25-ի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման փուլը ավարտված է: Համամասնական ընտրակարգով 24 կուսակցություն կամ դաշինք է հայտ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նախորդ ընտրություններում դրանք 21-ն էին: Ներկայումս իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրան հաջորդում են պաշտպանության նախարար, անցած նախագահական ընտրություններում նախագահ Քոչարյանի նախընտրական շտաբը ղեկավարած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի անունները:

Կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին իրենց համամասնական ցուցակում Սերժ Սարգսյանի ընդգրկման մասին, ասաց, որ պաշտպանության նախարարը քաղաքական դեմք է: «Ճիշտ է, որ պաշտպանության նախարարը ունենա քաղաքականության մեջ այնպիսի դերակատարություն, ինչպես մյուս նախարարները», - ավելացրեց նա:

120 անուն ներառող ցուցակում ներկայիս կառավարության տասը անդամի անուն կա՝ հանրապետական եւ անկուսակցական: Կան փոխնախարարներ, գործադիր իշխանության այլ օղակների ղեկավարներ, պատգամավորներ, գործարարներ ու մտավորականներ: Սա բաձրաստիճան պաշտոնյաներով ամենահագեցած ցուցակն է:

Հայտ ներկայացրած դաշինքներից ամենամեծը ընդդիմադիր «Արդարություն»-ն է՝ ոչ միայն ցուցակում ընդգրկված ամենաշատ՝ 137 անուններով, այլեւ ներառած ուժերի քանակով: 50 տոկոսով ՀԺԿ անդամներից բաղկացած ցուցակում ներկայացված են նաեւ 8 այլ քաղաքական ուժեր, այդ թվում «Հանրապետություն» կուսակցությունը եւ Ազգային ժողովրդավարական միությունը:

Ամենափոքրը՝ տասն անուն, ներկայացրել է, դեռեւս անհայտ «Արդարություն» կուսակցությունը: Սա կարող է քվեարկության ժամանակ շփոթություն առաջացնել, չնայած, քվեաթերթիկում, բացի դաշինքի կամ կուսակցության անունից, նշվում են նաեւ ցուցակի առաջին երեք անունները: «Արդարություն» դաշինքի դեպքում՝ Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, «Արդարություն» կուսակցության դեպքում՝ Հակոբ Աբրահամյան (հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ), Ատոմ Մխիթարյան (գիտաշխատող), Արսեն Քարամյան, (Երեւանի պետհամալսարանի աշխատակից):

Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը, ի վերջո չի հարել «Արդարություն» դաշինքին եւ առանձին հայտ է ներկայացրել՝ «Րաֆֆի Հովհաննիսյան դաշինք» անունով: Ցուցակը գլխավորում է անկուսակցական, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրի Բաշխյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: Այս ցուցակում են հայտնի մտավորականներ Խորեն Պալյանը եւ Հրանուշ Խառատյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի անունը ցուցակում չկա:

Դաշնակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար, անկուսակցական Արտաշես Թումանյանը: 101 անուն ներառող ցուցակում մոտ մեկ երրորդը կուսակցության անդամներ չեն: 8-րդ տեղում, օրինակ, «Գրանդ Քենդի» ընկերության տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանն է: Հրանտ Վարդանյանը ցուցակում չկա, սակայն նրա որդին՝ ՝«Ինտերնեյշնլ Մասիս տաբակո»-յի տնօրեն Միքայել Վարդանյանը 12-րդն է: 14-րդը Ավշարի գինու գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Գրիգորյանն է: ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկվածներից 47-ը պետական ծառայողներ են, 13-ը՝ գործարարներ:

Արմեն Ռուստամյանի պարզաբանումներով, ներկայացված ցանկը տարբերվում է խորհրդանարանական նախորդ ընտրություններում Դաշնակցության ցուցակից: «Այս անգամ իսկապես դուք կգտնեք շատ ճանաչված քաղաքական գործիչների, գործարարների անուններ, որոնք մինչեւ օրս չէին առնչվում ուղղակիորեն կուսակցության հետ», - ասաց նա:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը ՀՅԴ-ի ցուցակում իր ընդգրկվելը ավելի շուտ օրինաչափություն համարեց, քան անսպասելի քայլ: Նախորդ ընտրություններում նա նույնպես ՀՅԴ-ի ցուցակում էր:

Ընդդիմությունը չի ընդունում անցած նախագահական ընտրությունների արդյունքերը: Միջազգային դիտորդների արձանագրմամբ, դրանք չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին: Ընդդիմադիր թեկնածուներից երկուսը դիմել են Սահմանադրական դատարան. Արտաշես Գեղամյանի դիմումը արդեն քննվում է, իսկ Ստեփան Դեմիրճյանի դիմումը այսօր է ներկայացվել:

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի օրինախախտումները նվազագույնի հասցվեն», - երկու ամսից տեղի ունենալիք ընտրությունների մասին ասաց Ռուստամյանը: - «Երկրում ստեղծվի նորմալ, արդար ընտրություններ անցկացնելու ավանդույթ... Ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրություններում արդարություն ապահովենք: Վստահ եղեք, եւ ես հավատացնում եմ բոլորին, որ Դաշնակցությունը այդ հնարավորությունը այսօր ունի»:


Ռուզաննա Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG