Մատչելիության հղումներ

Մեծամասնական ընտրակարգով առաջադրումները գերազանցել են բոլոր սպասելիքները


Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների անունները, սակայն արդեն կարելի է պնդել, որ թեկնածուները քանակով պատկերը գերազանցելու է բոլոր սպասելիքները:

Որոշ ընտրատարածքներում, օրինակ, առաջադրվել է 25 թեկնածու, իսկ ընտրատարածքների ճնշող մեծամասնությունում առաջադրվել է միջին հաշվով 10 թեկնածու: Ընդհանուր պատկերից առանձնանում են մի քանի ընտրատարածքներ, որտեղ զարմանալիորեն քիչ առաջադրումներ են եղել: Գործող Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, օրինակ, կրկին Արշալույսի թիվ 28 ընտրատարածքում առաջադրված միակ թեկնածուն է: Հարկ է նշել, սակայն, սա առայժմ հայտնի միակ ընտրատարածքն է, որտեղ մրցակացություն չկա:

Աբովյանի թիվ 42 ընտրատարածքում երկու թեկնածու է առաջադրվել. խոշոր գործարար, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի միակ մրցակիցը գործող Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Սմբատ Եղիազարյանն է:

Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 15 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների մեջ են անցած ընտրություններում մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը ու ընդդիմադիր Ազգային ժողովրդավարների դաշինքի նախագահ Արշակ Սադոյանը: Արշակ Սադոյանը ընդգրկված է նաեւ «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում, որտեղ զբաղեցնում է 9-րդ տեղը:

Կենտրոնի թիվ 16 ընտրատարածքում 14 առաջադրված թեկնածուների մեջ են հայտնի քաղաքական գործիչներից երեքը՝ Վահան Հովհաննիսյանը (Դաշնակցություն), Շավարշ Քոչարյանը (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) եւ Արարատ Զուրաբյանը (Հայոց համազգային շարժում): Երեքն էլ ներկայացված են նաեւ իրենց կուսակցությունների համամասնական ցուցակներում. Արարատ Զուրաբյանը եւ Վահան Հովհաննիսյանը գլխավորում են համապատասխանաբար ՀՀՇ-ի եւ Դաշնակցության ցուցակները, իսկ Շավարշ Քոչարյանը 7-րդն է «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում:

Էրեբունի համայնքի թիվ 17 ընտրատարածքը եւս բազմաթեկնածու է՝ 9 մարդ: Այստեղ մրցակցելու են Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը («ԱԼՄ» հեռուստաընկերության տնօրեն), կապի եւ տրասպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, նախագահի նախկին թեկնածու Արամ Կարապետյանը («Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր) եւ երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդի Դավիթ Տեր-Պետրոսյանը:

Հաստատվում է կանխատեսումը, որ նախագահական ընտրություններում նույն թեկնածուին պաշտպանած ուժերը այժմ պայքարելու են իրար դեմ: Դա նկատելի է ավելի շատ ոչ ընդդդիմադիրների ճամբարում: Ավելի հետաքրքիր է, երբ նույն կուսակցության ներկայացուցիչներ ենք տեսնում իրար դեմ պայքարելիս: Դա էլ հատկապես նկատելի է Հայաստանի հանրապետական կուսակցության դեպքում:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG