Մատչելիության հղումներ

logo-print

Իշխանամետ կուսակցությունները առանց դաշինքների են գնում խորհրդարանական ընտրությունների


Նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերը մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են առանց նախընտրական դաշինքների: Ստեփան Դեմիրճյանին սատարող ընդդիմությունը, ի տարբերություն, Ազգային ժողովի ընտրություններին գնում է միասնական ցուցակով:

Նախագահին սատարող հիմնական քաղաքական ուժերը՝ Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր»-ը եւ Դաշնակցությունը խորհրդարանական ընտրությունների են գնում առանձին-առանձին: Ցուցակները ԿԸՀ կներկայացվեն վաղը:

«Օրինաց երկրի» ցուցակը, որը գլխավորում է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ներառում է շուրջ 60 անուն: Դաշնակցության ցուցակը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, գլխավորում է Վահան Հովհաննիսյանը, ում հետեւում են Արմեն Ռուստամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Այս ցուցակում է նաեւ խոշոր գործարար Հրանտ Վարդանյանը:

Հարյուրից ավելի անուն է ներառում Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը, որ այսօր ուշ երեկոյան պիտի հաստատվի խորհրդի նիստում: Այն գլխավորում են վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նախագահին սատարող մյուս կուսակցական ցուցակներում ընդգրկվում են տարբեր տրամաչափի գործարարներ, տարբեր գաղափարների քաղաքական գործիչներ, անկուսակցականներ:

Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը, օրինակ, գլխավորում է 40 անուն ընդգրկող Միավորված աշխատավորական կուսակցության ցուցակը: Հայաստանի ժողովրդավարական ազգային միության ցուցակում երկրորդ տողն է զբաղեցնում խոշոր գործարար, «Մաքս Գրուփ» ընկերության նախագահ Հարություն Փամբուկյանը:

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության նիստում այսօր քննարկվում էր կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին սատարող քաղաքական ուժերի միասնական ցուցակը: Ըստ պայմանավորվածության, ընդդիմադիր դաշինքի միասնական ցուցակում, որում կլինեն հարյուրից ավելի անուններ, կեսից ավելին պետք է լինեն ՀԺԿ անդամները: Ցուցակը, ամենայն հավանականությամբ, ԿԸՀ կներկայացվի վաղը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի. Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան (նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ), Վազգեն Մանուկյան (Ազգային ժողովրդավարական միության նախագահ), Արամ Կարապետյան («Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր), Գրիգոր Հարությունյան (ՀԺԿ նախընտական շտաբի պետ), Շավարշ Քոչարյան (Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ), Ստեփան Զաքարյան (ՀԺԿ ղեկավար անդամ), Ալբերտ Բազեյան («Հանրապետություն» կուսակցության նախագահ), Արշակ Սադոյան (Ազգային ժողովրդավարների դաշինքի նախագահ) եւ Վարդան Մկրտչյան (ՀԺԿ ղեկավար անդամ):


«Ժողովուրդը ուզում է տեսնել ընդդիմությանը միասնական», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստեփան Զաքարյանը: - «Եվ մենք ուզում ենք ժողովրդի պատվերը, ցանկությունը կատարել»:

Պատասխանելով հարցին, թե դաշինքը ինչ խնդիր է դնում իր առջեւ խորհրդարանական ընտրություններում, Զաքարյանը ասաց. - «Մենք համոզված ենք, որ եթե արդար ընտրություն լինի, մենք ճնշող մեծամասնություն ենք ունենալու: Մենք պիտի ձգտենք հասնել նրչան, որ էս իշխանությունը ի վիճակի չլինի կեղծել ընտրության արդյունքները»:

Խորհրդարանական ընտրություններին միայնակ գնացող «Ազգային միաբանություն» կուսակցության ցուցակը այսօր արդեն ներկայացվել է ԿԸՀ: Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Այստեղ ամենամեծ անակնկալը Հայաստանի կոմկուսի արդեն նախկին անդամ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից մեկի նախագահ Գագիկ Թադեւոսյանի հայտնվելն է Արտաշես Գեղամյանի կուսակցության ցուցակում՝ որպես «Ազգային միաբանության» անդամ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Թադեւոսյանը ասաց, թե երբեք չի հրաժարվի կոմունիստական գաղափարախոսությունից. - «Ուրիշ բան, որ կարող են այնպիսի ներկուսակցական հարաբերություններ ստեղծվել, որ ոչ թե կուսակցության գաղափարներից դու հրաժարվես, այլ հրաժարվես այն մարդկանցից, որոնց հետ աշխատել այլեւս հնարավոր չէ»:

Ընդհանուր առմամբ «Ազգային միաբանության» ցուցակում կա 77 անուն: Արտաշես Գեղամյանին հետեւում է կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: Երրորդը քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն է:


Կարենե Քալանթարյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG