Մատչելիության հղումներ

Անցած տարի աճել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը


Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տվյալների համաձայն, անցյալ տարի Հայաստան է այցելել 162 հազար զբոսաշրջիկ՝ 2001 թվականի 123 հազարի դիմաց։ Հայաստանի հյուրանոցների ներկայացրած տվյալների համաձայն, անցյալ տարի Հայաստան եկածների 32,5 տոկոսը ժամանել են ԱՊՀ երկրներից, 25,5 տոկոսը՝ եվրոպական երկրներից։ Իսկ ըստ տուրիստական գործակալությունների տեղեկությունների, Հայաստան եկածների 35,5 տոկոսը Հայաստան եկել է հանգստանալու, 40 տոկոսը՝ գործարար նպատակով։

Տուրիզմի բնագավառում աշխատող գործարարները զբոսաշրջիկների հոսքի ավելացումը մի շարք հանգամանքներով են բացատրում։ Ի տարբերություն 2001 թվականի, երբ տուրիստների հոսքը հիմնականում պայմանավորված էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության կապակցությամբ կազմակերպված միջոցառումներով, անցյալ տարվա ընթացքում տուրիստների հոսքը ողջ սեզոնի վրա հավասարաչափ էր բաշխված։ Ընդ որում, շատ հյուրանոցներում տուրիստների հոսքը պակաս չի եղել նախորդ տարվանից:

Զբոսաշրջիկների թվի ավելացումը այս բնագավառի գործարարները բացատրում են հյուրանոցային ծառայությունների սակագների որոշ իջեցմամբ։ Փաստորեն, հյուրանոցների թվի ավելացումը եւ ծառայությունների զանազանակերպումը մրցակցություն է առաջացրել նրանց միջեւ, ինչի հետեւանքով սակագները որոշ չափով իջել են։

«Արմենիա» հյուրանոցի կոմերցիոն տնօրեն Արման Մանուկյանը, այդուհանդերձ, կարծում է, թե անցած տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների պաշտոնական թիվը իրականում գերագնահատված է, քանի որ ներառում է Հայաստան եկած բոլոր մարդկանց. - «Դրա մեջ մտնում են ե'ւ այն անձինք, ովքեր աշխատում են Հայաստանում, ե'ւ նրանք, ովքեր գալիս են տուն»:

«Հայաստանը սկսել էր այնպիսի ցածր կետից՝ տարեկան 26-30 հազար այցելու, որ ինչքան էլ աճի, դեռ տեղ շատ կա», - պատասխանելով Հայաստանի զբոսաշրջիկներ ընդունելու կարողության քանակական սահմաններին վերաբերող հարցին, ասաց Մանուկյանը: - «Այս աճը դեռ չի հասել այն տեղին, որ կարողանանք ասել, թե Հայաստանի կարողություններին համապատասխան այցելուներ են գալիս, հյուրանոցները աշխատում են լուրջ ծանրաբեռնվածությամբ»:

«Արմենիա» հյուրանոցի կոմերցիոն տնօրենը հատկապես գործարար տուրիզմի զարգացումը կապում է տնտեսության մեջ կատարվող գործընթացների հետ։ «Բիզնես-այցելուների հոսքը նաեւ կախված է ներդրումներից, միջազգային տարբեր կազմակերպությունների, ընկերությունների, գործարարների՝ Հայաստանում ներկայությունից, սեփականաշնորհման գործընթացի տեմպերից», - ասաց Մանուկյանը:

Նրա խոսքերով, հյուրանոցային բիզնեսի վրա դրական ազդեցություն ունեցան անցած նախագահական ընտրությունները. - «Դիտորդների հոսքը բավականաչափ նպաստեց հյուրանոցի ծանրաբեռնվածությանը եւ լավ աշխատանքին: Միեւնույն ժամանակ պակասել էր հոսքը այն այցելուների, որոնց գործը կապված է կառավարության կամ Ազգային ժողովի աշխատանքների հետ»:

Արման Մանուկյանը հուսով է, որ ընտրություններից հետո ավելանալու է արտասահմանցի գործարարների եւ պաշտոնական այցելուների թիվը:
«Կսկսվի կառավարության հետ բիզնեսի մեջ մտած ընկերությունների եւ կազմակերպությունների հոսքը», - ասաց նա:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG