Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Հայաստանի Սահմանադրական դատարանում սկսեց քննվել նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի դիմումը, որով առաջին փուլում երրորդ տեղը գրաված թեկնածուն, նկատի ունենալով զանգվածային ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

Սահմանադրական դատարանի անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրեց դիմումում ընդգրկված պահանջներն ու պարզաբանումները: Ըստ այդմ՝ դիմող կողմը խնդրում էր անվավեր ճանաչել երկրորդ փուլ անցկացնելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 20-ին ընդունած որոշումը, երկրորդ փուլի մասին ԿԸՀ-ի՝ փետրվարի 25-ի ամփոփիչ արձանագրությունը եւ վերջինիս հիման վրա մարտի 5-ին երկրորդ փուլ անցկացնելու մասին ԿԸՀ-ի փետրվարի 25-ի վերահաստատված որոշումը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սահմանադրական դատարանում ներկայացնում էին ԿԸՀ-ի իրավաբան Նունե Հովհաննիսյանը եւ հանձնաժողովի անդամ չհանդիսացող փաստաբան Գեւորգ Ներսիսյանը:

Արտաշես Գեղամյանը դիմումին կից ներկայացրել էր նաեւ մի շարք փաստաթղթերի պատճեններ՝ վստահված անձանց դիմում-բողոքներ, հատուկ կարծիքների, քվեաթերթիկների, խախտումների մասին գրանցման մատյանի արձանագրություններ: Որոշ փաստաթղթերի պատճեններ էր ներկայացրել նաեւ ԿԸՀ-ն, սակայն ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը փաստեց, որ դատարանը դեռեւս չի ստացել ԿԸՀ-ից պահանջված բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում տեղեկանքը հանձնաժողովում մուտքագրված դիմում-բողոքների քննության արդյունքների վերաբերյալ:

Չներկայացված փաստաթղթերի թվում են նաեւ բոլոր ընտրատարածքային հանձնաժողովների նախնական արդյունքների, ամփոփիչ արձանագրությունների պատճենները, ընտրատարածքային հանձնաժողովների անդամների հատուկ կարծիքների, տեղական դիտորդների եզրակացությունների պատճենները, թեկնածուների վստահված անձանց գրավոր առաջարկությունների հիման վրա տեղամասերում կատարված ստուգումների մասին տեղեկանքների պատճենները:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, նշելով, որ այդ փաստաթղթերը «բացառիկ նշանակություն ունեն գործի քննության համար, հիշեցրեց, որ ըստ կարգի, Սահմանադրական դատարանի պահանջներին պատասխան է տրվում հնգօրյա ժամկետում:

ԿԸՀ-ի շահերը ներկայացնող Գեւորգ Ներսիսյանը, ներողություն խնդրելով ուշացման համար, դատարանին հանձնեց պահանջվող փաստաթղթերի կեսը միայն եւ խոստացավ մյուս կեսը ներկայացնել երեքշաբթի:

Արտաշես Գեղամյանի ներկայացուցիչներից Եղիշե Հովհաննիսյանը հայտարարեց, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում խախտվել է Ընտրական օրենսգրքի 49 հոդված:

Հետո դատարանը լսեց թեկնածուի՝ երկրորդ փուլի մասին փետրվարի 20-ին ԿԸՀ-ի ընդունած որոշման օրինականության հարցը:
ԿԸՀ-ի շահերը ներկայացնող Գեւորգ Ներսիսյանի խոսքերով, որոշումը կայացվել է «օրենքում որոշակի հակասությունները կարգավորելու նպատակով»: Այսինքն՝ եթե ավելի ուշ հայտարարվեր երկրորդ փուլի մասին, վտանգվում էին մի շարք գործընթացներ, որոնք անհրաժեշտ էին երկրորդ փուլի ընտրությունները կազմակերպելու համար:

Ներսիսյանը կարծես ընդունեց, որ որոշումը կայացնելիս Ընտրական օրենսգրքի «63 հոդվածի առաջին կետի պահանջները չեն պահպանվել՝ զուտ նրա համար, որ այս որոշումը կրել է ժամանակավոր բնույթ եւ լուծել է պրոցեդուրային հարցեր»:

Բայց դիմող կողմի համար անհասկանալի էր, թե ինչպես է, որ փետրվարի 20-ին «ժամանակավոր որոշում» են ընդունել, բայց արդեն ամսի 21-ին երկրորդ փուլի համար քվեաթերթիկների նմուշներն են հաստատել, որոշել տպագրության հարցը, փետրվարի 23-ին էլ պատվիրել են դրանք:

Ի պատասխան ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հարցին, թե «Դուք ընդունո՞ւմ եք, որ փետրվարի 20-ի ձեր ասելով ժամանակավոր որոշումը հակասել է Ընտրական օրենսգրքի 63 հոդվածի պահանջներին», ԿԸՀ-ի շահերը ներկայացնող իրավաբանը ասաց. - «Երբ որոշակի խնդիրներ են լուծվում որոշման ընդունման առումով, չենք կարող ասել, որ դա բացարձակ պետք է բխեր օրենքից: Ինչ-որ տեղ պետք է որոշակի շեղում կատարվեր»:

Ինչին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հակադարձեց. - «Ի՞նչ է նշանակում, թե առանձին դեպքերում կարելի է ինչ-ինչ նպատակի համար նաեւ օրենքից շեղում կատարել: Դա անհասկանալի է»:

Նիստը հետաձգվեց մինչեւ երեքշաբթի՝ պահանջով, որ երկուշաբթի օրը ԿԸՀ-ն ներկայացնի մնացած փաստաթղթերը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG