Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթն այսօրվա խմբագրականը նվիրել է Դաշնակցության ու, իր ձեւակերպմամբ, «պալատական գործարար» Հրանտ Վարդանյանի ընտրադաշինքային միացմանը՝ նշելով. - «Նախագահի աշխատակազմին առընթեր օլիգարխը դժվար թե որեւէ քաղաքական քայլի դիմի՝ առանց անձամբ Քոչարյանի հետ իր գործողությունները համաձայնեցնելու... Բնականաբար, ծխախոտ եւ քաղցրավենիք արտադրողը չի կարող անշահախնդրորեն մտնել քաղաքականության մեջ՝ իր անմիջական աշխատանքից շեղվելու համար նա ստանում է արտոնություններ իր բիզնեսում»: «Նորաստեղծ դաշինքի՝ իշխանության գլխավոր կուսակցությունը դառնալու հնարավորության մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ «դաշնակցա-ծխախոտային» միությունում պատվավոր երրորդ տեղն է զբաղեցնում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը», - շաղկապել է «Առավոտ»-ը՝ ամփոփելով. - «Ընդհանրապես, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այս խորհրդարանական ընտրարշավում դատապարտված են մրցակցության: Այդ մրցակցությունը լինելու է ոչ թե ընտրողների ձայների (նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր իշխանություններն այդ գործոնի նկատմամբ խիստ անտարբեր են), այլ Քոչարյանի գրպանն ավելի խորը մտնելու համար: Վերջում էլ Քոչարյանը բոլորի համար իր նախընտրած ձայները կնկարի»:

«Իրավունք» թերթի որակմամբ էլ, իշխանամետ կուսակցությունների ցուցակներում անպակաս են լինելու մականունավորները, օլիգարխիկ տարրերը, ովքեր ստանձնելու են այդ կուսակցությունների ֆինանսական լոկոմոտիվների դերը: «Հանրապետական կուսակցության հավակնություններն ավելի մեծ են, քան կարելի է պատկերացնել», - իր հետազոտություններից բխեցրել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Հանրապետականն ամեն ինչ անում է, որ ՀՅԴ-ն ու «Օրինաց երկիր»-ն ապագա խորհրդարանում ստիպված լինեն բավարարվել այնքան մանդատներով, որքան դա նախատեսել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կուսակցությունը... ավելի մեծ երազանք չունենան քան, 5-8 տոկոսն է»:
«Բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, ձգտում է նախ եւ առաջ պահպանել այն, ինչ ունի եւ ավելացնել իր ազդեցությունը որքանով դա հնարավոր է: Մեր մոտեցումներն էլ այսպիսին են», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում բանաձեւել է այսօր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:

Իսկ ընդդիմությունը, ինչպես կարեւորել է «Հայկական ժամանակ»-ը, Ազգային ժողով կգնա դաշինքով եւ «այդ դաշինքը, ազատ, արդար ընտրությունների դեպքում, միանշանակ կրկնելու է 99-ի «Միասնության» ֆուրորը՝ ստանալով ընտրողների քվեների մեծամասնությունը»: «Ուստի, իշխանություններին ընտրակեղծիքներ անելու ծանր եւ հոգնեցուցիչ առաքելություն է սպասում նաեւ մայիսի 25-ին», - բխեցված է «Հայկական ժամանակ»-ում: «Օրրան» թերթի համադրմամբ եւս՝ ընդդիմության հաղթանակի շանսը շատ մեծ է, իսկ իշխանությունները «կրկին ու կրկին անելու են այն, ինչին սովոր են»:

«Երկիր»-ի խմբագրականը այլընտրանքը ձեւակերպել է այսպես. - «Ընտրություն փողի ու կաշառքի՞, թե՞ գաղափարի ու ծրագրի միջեւ»։ Նախագահական այս ընտրությունները գնահատելով նախորդների համեմատ առաջընթաց, խմբագրականը միեւնույն ժամանակ նշում է. - «Սրբագրելով եղած թերացումները, չափից դուրս «նվիրվածություն» ցուցաբերողների կատարած անօրինականությունները, ընտրական մրցավազքում ամեն ինչ ոտնատակ տալու բոլոր երեւույթները՝ Հայաստանը հնարավորություն կունենա վերատեսության ենթարկել այն բացասական կարծիքները, որ արձանագրվեցին նախագահական պայքարում»։ Իսկ առաջին էջին Դաշնակցության պաշտոնաթերթը տագնապ է հնչեցնում. - «Ընտրապայքարը սեւի ու աղբաթափության վերածելով՝ շատերը մարդկանց մեջ ներմուծեցին կամ էլ ավելի բորբոքեցին ատելությունը։ Ատելությունը սկսել է սահմաններ չճանաչել։ Այն ներթափանցում է մեր հասարակություն, շենքեր, ընտանիքներ։ Մինչդեռ շատերը փորձում են չտեսնելու տալ այն վտանգավոր ծավալները, որ ընդգրկել են ատելության շոշափուկները»։

«Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը որպես այդպիսին բավականին աբստրակտ կատեգորիա է, եւ ավելի ճիշտ կլինի խոսել ընտրությունների արդյունքներ նկարող զանգվածի մասին», - գրում է այսօր «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Բնական է, որ Ռոբերտ Քոչարյանին չի կարող չանհանգստացնել այդ բավականին բազմամարդ տարրի նկատմամբ աճող հասարակական անհանդուժողականությունը, քանզի կլանային-օլիգարխիկ հենարանն իր ենթակառուցվածքով ի վիճակի է արդյունավետ վերարտադրության միայն հասարակական դիմադրության բացակայության պայմաններում»: «Հանրահավաքային ֆոնը որոշակի առումով բարենպաստ միջավայր է ստեղծում ընդդիմության ընտրարշավի համար, եւ չպետք է բացառել, որ զանգվածային հասարակական ճնշումները ի վերջո կկոտրեն մթնոլորտը եւ էապես կնվազեցնեն վարչական ռեսուրսի եւ ընտրակաշառքի գործոնը», - ընդգծված է «Իրավունք»-ում:

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի դատախազությունում սույն թվի մարտի 11-ին կազմակերպած հանրահավաքի եւ բողոքի երթի առիթով քրեական գործ է հարուցվել: Սա, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանությամբ, «նպատակ է հետապնդում է՛լ ավելի խորացնել վախի մթնոլորտը Հայաստանում՝ հատկապես քաղաքական այն ակտիվիստների շրջանում, ովքեր մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին եւ երթերին»: «Սա նշանակում է, որ վարչախումբը հույս չունի, որ վերջերս ծավալված ժողովրդական շարժումը՝ հանուն Հայաստանում ժողովրդավարական արժեքների, կմարի, ուստի սկսել են գործի դնել տոտալ ահաբեկչության մեխանիզմը», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Բացի այդ, հանրապետության բոլոր մարզերի իրավապահ մարմիններին հանձնարարված է բոլոր հնարավոր մեթոդներով կասեցնել միտինգավորների հոսքը դեպի մայրաքաղաք»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG