Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը միասնական ճակատով է գնալու խորհրդարանական ընտրությունների


Հայաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք նախագահական ընտրություններում սատարում էին Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանին, մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին գնալու են միասնական դաշինքով: «Որ ընդդիմությունը միասնական ճակատով է հանդես գալու, միանշանակ է», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց ՀԺԿ ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանը:

Ընդդիմադիր 16-ից «Ազգային միաբանություն»-ը եւ Հայկոմկուսն արդեն հայտարարել են, որ միայնակ են գնում ընտրությունների: Մինչդեռ Ստեփան Դեմիրճյանի շուրջ նախագահի ընտրություններում համախմբված եւ խորհրդարանական ընտրությունների նախընտրական դաշինք կազմող ուժերն այս ընտրությունները դիտում են «նախագահի ընտրության օրինականության վիճարկման համատեքստում՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու գործընթացի մի մաս»: «Այս ենթատեքստում չի բացառվում նույնիսկ, որ մենք բոյկոտենք Ազգային ժողովի ընտրությունները», - ասաց Ստեփան Զաքարյանը:

Դաշինքի անունը հայտնի կդառնա շուտով: Համամասնական ընդհանուր ցուցակը 95 տոկոսով արդեն ճշտված է: Քննարկվում է ցուցակի առաջին տասնյակը, ուստի Զաքարյանը չորոշակիացրեց՝ ասելով միայն, որ ՀԺԿ֊-ն ու «Հանրապետություն»-ը ինչ֊-որ իմաստով զիջումների են գնացել: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, դաշնակից կուսակցությունների բոլոր առաջնորդների անունները կան ցուցակում: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը կարող է եւ չընդգրկվել միմիայն քաղաքացիության առնվազն հինգ տարվա պահանջի պատճառով: Նույն աղբյուրները պնդում են նաեւ, որ դաշինքի ցուցակը գլխավորող Ստեփան Դեմիրճյանից հետո «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանն է, ապա Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը այսօր մեկ անգամ եւս հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդդիմության մասնակցությունը պայմանավորված է երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ:

«Մենք համոզված ենք, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում քաղաքական իրավիճակի լուրջ փոփոխություն է լինելու: Մենք կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին միայն այդ պարագայում. այսինքն՝ կամ Ռոբերտ Քոչարյանը նախագահ չպետք է լինի կամ այնքան կախյալ վիճակում պետք է լինի եւ թուլացած, որպեսզի կարողանանք իշխանության ռեսուրսները չեզոքացնել եւ քիչ թե շատ արդար եւ օրինական ընտրություններ իրականացնել մեր երկրում», - հայտարարեց Ալբերտ Բազեյանը:

Հակառակ դեպքում ընդդիմությունը վստահ է, որ իշխանությունները ձեւավորելու են ձեւական ընդդիմությամբ՝ խիստ վերահսկելի խորհրդարան: Ըստ Բազեյանի, իրենք տեղեկություններ ունեն, օրինակ, որ «Կոմկուսի ցուցակը կազմված է Սերժ Սարգսյանի կաբինետում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչի հիման վրա են ընդդիմության ներկայացուցիչները, եւ մասնավորապես Ալբերտ Բազեյանը պնդում, թե երկրում շուտով իշխանափոխություն է լինելու, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը պատասխանեց, որ ամենակարեւորը հասարակության վերաբերմունքն է անցած նախագահական ընտրությունների նկատմամբ: Իսկ հասարակությունը, չնայած շարունակվող ձերբակալություններին, դեռ չի հուսահատվել:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG