Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ի համամասնական ցուցակում կընդգրվեն Քոչարյանին սատարած խոշոր գործարարներ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որեւէ կուսակցությունից կամ դաշինքից Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվելու հայտ առայժմ չի ստացել: Թեկնածուների առաջադրման երրորդ օրը, սակայն, նախընտրական ինչպես սպասելի, այնպես էլ անսպասելի զարգացումներ մատուցեց:

Անսպասելի էր տեղեկությունը, թե Դաշնակցությունը իր համամասնական ցուցակում ներառում է խոշոր գործարար Հրանտ Վարդանյանի Հայ աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների: Տեղեկությունն ինչ-որ չափով անակնկալ չէ այնքանով, որ Հրանտ Վարդանյանը նախագահի ընտրություններում աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին:

Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը այս առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե բանակցությունները դեռ ընթանում են:

«Խոսքը վերաբերում է հետեւյալին», - պարզաբանեց Աղվան Վարդանյանը: - «Դաշնակցությունը գնալու է իր ցուցակով: Այդ ցուցակում կներառվեն բազմաթիվ ոչ կուսակցականներ, ամենայն հավանականությամբ նաեւ Հրանտ Վարդանյանի Աշխատավորական միության անդամներ: Կլինեն նաեւ այլ անձինք՝ հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ»:

Վարդանյանը ձեռնպահ մնաց ցուցակի շուրջ այլ մանրամասների անդրադառնալուց՝ ասելով, որ դա կարվի այն ամբողջովին հստակեցնելուց հետո: Չճշտված տեղեկություններով, ցուցակի առաջին երեք տեղում հաջորդաբար նախատեսվում է ընդգրկել Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, անկուսակցական Արտաշես Թումանյանի անունները: Նախորդ ընտրություններում Թումանյանի անունը ցուցակում տասներորդն էր:

Պատասխանելով անցած ընտրություններում նախագահի աջակից մյուս երկու հիմնական կուսակցությունների՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ «Օրինաց երկրի» հետ ընթացող բանակցություններին վերաբերող հարցին, Աղվան Վարդանյանը ասաց. - «Հիմնական բանակցությունները այս փուլում ընթացել են մեծամասնական տեղերի շուրջ: Բնականաբար, մենք փորձելու ենք առավելագույնս համակարգված գնալ խորհրդարանական ընտրությունների»:

Նրա խոսքերով, որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք են բերվել, բայց «բազմաթիվ խնդիրներում դեռեւս ճշգրտումների անհրաժեշտություն կա»:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ կուսակցության վարչությունը դեռեւս չի հաստատել իրենց համամասնական ցուցակը, ուստի ձեռնպահ մնաց մանրամասներ հրապարակելուց՝ միայն ասելով, որ ցուցակն անշուշտ գլխավորելու է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, «Օրինաց երկրի» ցուցակում ընդգրկվելու են բացառապես այս կուսակցության անդամների անուններ:

ՀՀԿ-ի քաղխորհրդի անդամ, Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ կուսակցության խորհրդի նիստը մինչեւ օրս ավելի շատ անդրադարձել է մեծամասնական առաջադրումներին: Կուսակցությունն այդ ընտրակարգով 10-15-ից ավելի, հիմնականում հանրապետական թեկնածուներ կառաջադրի:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG