Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մինչ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Հայոց Աշխարհ» թերթերը ԱՄՆ դեսպան Օրդուեյի երեկվա ասուլիսի հետքերով վերնագրերում առանձնացնում-շեշտադրում են նաեւ հայ-ամերիկյան «միասին աշխատելու» հետագա ապահովվածությունը, մամուլում շարունակում են շրջել, մասնավորապես, խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի բացահայտիչ գնահատականները: «Ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ի միջոցով Միացյալ Նահանգները փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել», - ասել է նա «Առավոտ»-ի թղթակցին: - «ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի դիտորդներն իրենց եզրակացության մեջ շրջանցել են իրենց լիազորությունները... Դիտորդներն ունեն ոչ ստանդարտ չափանիշեր, տարբեր ընտրությունների գնահատման առումով»: «Չմոռանանք», - համեմում է Թորոսյանը, - «որ Եվրոպայում են ծագել 1-ին եւ 2-րդ Համաշխարհային պատերազմները: Չմոռանանք, որ նացիզմն ու ֆաշիզմը հենց այնտեղ են ծնվել, եւ շատ երկրների մեծ դժբախտություններ են հասցրել»:

Երեկ Ռոբերտ Քոչարյանն էլ համալրեց այն բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, ովքեր համաձայն չեն, որ ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի դիտորդները Հայաստանին մոտենան այն նույն չափանիշների տեսանկյունից, որով գնահատվում են եվրոպական այլ երկրներ: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերն այդ առնչությամբ «Առավոտ»-ին ասել է. - «Ես համաձայն չեմ այդ տեսակետներին: Հայաստանը Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ լիիրավ անդամ է եւ ամբողջովին ընդունել է այդ հաստատությունների առջեւ իր ստանձնած պարտավորությունները, նշել է, որ ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղի, ուստի՝ իմ կարծիքով, սխալ կլիներ Հայաստանն ավելի ցածր չափանիշերով գնահատել: Կարծում եմ, հայ ժողովուրդը չէր ցանկանա ավելի ցածր չափանիշի համապատասխանել»: «Իշխանությունները առաջին հերթին պատասխանատու են ժողովրդի առաջ, սակայն Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել նաեւ միջազգային հանրության առջեւ եւ պետք է այդ պարտավորությունները կատարի», - նշում է Այքերը:

«Հայաստանի դեմ կոնկրետ սանկցիաներ կկիրառվեն, եթե մեր երկրի իշխանությունները շարունակեն խոչընդոտել ընտրություններին ժողովրդի ազատ կամքի դրսեւորմանը։ Եթե անգամ հասցնենք կատարել Եվրախորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները, դժվար թե այս ամենը կարողանա բարձրացնել Հայաստանի վարկանիշը, քանի դեռ մեր երկիրն ի վիճակի չէ կատարել ստանձնած ամենակարեւոր ժողովրդավարական պարտավորությունը՝ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը», - ընդգծում է այսօր «Առավոտ»-ի խմբագրականը՝ միաժամանակ արդեն իսկ կանխանշելով. - «Այդ պարտավորությունը ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում կատարել նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ամեն ինչ պարզ է. ոչ ժողովրդավարական ձեւով ընտրված նախագահը ստիպված պետք է գնա է'լ ավելի մեծ խախտումների՝ ամեն ինչ անելով, որ ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն չունենա, ինչի հնարավորությունն ունի ազատ ու արդար ընտրություններում... եթե անգամ դրա համար ստիպված լինենք վճարել Եվրախորհրդից վտարվելով։ Քոչարյանը միշտ էլ կարող է ասել, թե մենք տուժել ենք մեր երկրում ինչ-ինչ շահեր հետապնդող Արեւմուտքի պատճառով»։

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում այսօր ձեւակերպել է. - «Գնալով 2-րդ փուլ՝ ընդդիմությունը, ի սկզբանե, դատապարտված էր պարտության. դա ծուղակ էր յուրաքանչյուր ընդդիմադիր թեկնածուի համար, ինչը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր իշխանություններին՝ ընտրությանը երեւութական լեգիտիմ տեսք տալու համար»: «Այս ընտրությունների հետեւանքով Հայաստանում առկա է համազգային խորը պառակտում», - ասում է Գեղամյանը: - «Ընտրապայքարի ողջ ընթացքը ցույց տվեց, որ երկրի փրկության եզակի ճանապարհը իշխանափոխության մեջ է: Ստեղծված ծանր ու լարված իրավիճակում վարչակարգը, փոխանակ ժողովրդի հետ հաշտեցման եզրեր գտնի, է'լ ավելի է խորացնում ժողովրդի եւ իր միջեւ առկա խորխորատը... Վարչակարգը այդպես էլ չի հասկանում, որ մարդիկ հանրահավաքների են մասնակցում, քանի որ վիրավորված են, որ վարչական մեքենան, իսկ շատ դեպքերում էլ՝ խուժանը, բռնացել է իրենց կամքը ազատ արտահայտելու իրավունքի վրա: Մինչեւ հարյուր հազարավոր մարդիկ չհամոզվեն, որ իրենց արդարացի պահանջը բավարարված է, իրենց ընտրելու սահմանադրական իրավունքը ապահովված է, նրանք չեն հանգստանա, նրանք կխռովեն իշխանավորներից, երկրից, պետությունից»:

«Առավոտ»-ի խմբագրի հայացքով, Ազգային ժողովի ընտրություններն ամրագրելու են անցած նախագահական ընտրությունների արդյունքները: «Եթե մեր հասարակությունը եւ միջազգային հանրությունը մարսեց այդ աստիճանի ոչ լեգիտիմ նախագահին, ապա անօրինական Ազգային ժողովը կմարսի ու կմարսի: Քաղաքական ուժերն այնքան տոկոս կստանան, որքան Քոչարյանը նրանց կգրի: Կուսակցությունների հաջողությունը կամ անհաջողությունը խորհրդարանական ընտրություններում կախված է նրանից, թե նրանք որքան խորը եւ բազմակողմանիորեն են քծնելու գործող նախագահին», - բանաձեւել է խմբագիրը: Ինչ վերաբերում է ընդդիմությունը՝ - «Իհարկե, Ազգային ժողովում կլինեն նաեւ «ընդդիմադիրներ», բայց նրանց այնպիսի տեսակը (օրինակ, «Ազգային միաբանությունը), որը բացարձակապես անվնաս է, եւ, հակառակը, ինչպես ցույց տվեցին անցած նախագահական ընտրությունները, շատ էլ օգտակար է գործադիր իշխանության համար: Իսկ եթե Ստեփան Դեմիրճյանը մասնակցի խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով որեւէ ցուցակ, ապա դա կնշանակի, որ նա ընդունում է նախագահական ընտրությունների արդյունքները, եւ այդ դեպքում հասկանալի չի լինի, թե ինչու է նա դիմում Սահմանադրական դատարան, հանրահավաքներ անցկացնում եւ այլն»:

«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ, «արմատականներին պայթեցնելու է համամասնական ցուցակի տեղերի համար ներքին բանավեճերի ռումբը»: Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, «Հանրապետություն» կուսակցությունը վերջնագրի տեսքով ցանկություն է հայտնել վերցնել ցուցակի տեղերի առյուծի բաժինը, ինչն էլ հարուցել է ՀԺԿ-ականների խիստ դժգոհությունը:

«Գոլոս Արմենիի» թերթն էլ խտացրել է, որ հիմա բոլոր չանցողիկները ճիգեր են գործադրում Ազգային ժողով մտնել անցողիկների ուսերին նստած, եւ այդ առումով մատնանշվում են հատկապես ՀԺԿ-ի շուրջ խմբված կուսակցությունները: Մյուս քաղաքական ուժերի դեպքում, սակայն, դաշինքներ չեն ուրվագծվում: Արդեն ակնհայտ է համարվում, որ խորհրդարանական ընտրությունների առանձին-առանձին կգնան ինչպես հիմնական իշխանական կուսակցությունները՝ Հանրապետական, Դաշնակցություն, «Օրինաց երկիր», այնպես էլ ընդդիմությունից «Ազգային միաբանություն»-ը եւ Կոմկուսը: Թեւ վերջինիս շանսերն, օրինակ, շատ չնչին են գնահատվում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG