Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ես երկու անգամ ավելի ձայն եմ հավաքել»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրավիրած ասուլիսում արեւմտյան եւ ԱՊՀ դիտորդների ընտրական գնահատականների տարբերությունը չկամեցավ ուղղակիորեն կապել գեոպոլիտիկ շահերի հետ: «Չնայած այստեղ ասելիք կա, բայց կան բաներ, որոնք ուղղակի շատ մեծ քաղաքականության են վերաբերում, եւ դրանց մասին ուղղակի ավելի լավ է լռել: Բայց դա չի նշանակում, թե այդ խնդրի այս կամ այն ասպեկտը չենք հասկանում», - ասաց նա:

«Հաղթանակը համոզիչ է, ես երկու անգամ ավելի ձայն եմ հավաքել», - ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Անկասկած, ցանկալի կլիներ դիտորդների ավելի լավ եզրակացություններ ստանալ: Ես ափսոսում եմ, որ մենք այդ պլանում չստացանք այն գնահատականը, որը մեզ պետք է, բայց մենք ընտրություններ ենք անում ոչ թե ինչ֊-որ մեկի առջեւ հաշվետու լինելու համար: Մենք ընտրությունները մեր երկրի համար ենք անում, եւ ցավոք, պատկերացում էլ կա, թե որեւէ մեկը պետք է հաստատի ընտրությունների արդյունքը: Այն ոչ ոք չպետք է հաստատի, մենք անկախ երկիր ենք, եւ այդ անկախությունը պետք է հարգել»:

Պատասխանելով հարցին, թե Մոսկվայի եւ Վաշինգտոնի նման տարաձայնությունը չի՞ ազդի Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա, Քոչարյանը ասաց, թե չի կարծում, թե Հայաստանում երբեւիցե կարող են լինել ավելի վատ ընտրություններ, քան Ադրբեջանում: «Մի մտածեք, որ ես կարող եմ բարդույթներով նախագահ լինել եւ բարդույթներով աշխատել: Երբեք դա չի եղել ու չի լինելու: Ղարաբաղի հարցով մեր դիրքորոշումը հստակ է, եւ մենք այդ դիրքորոշմանը տեր ենք լինելու հինգ տարվա ընթացքում», - ավելացրեց նա:

Նրա խոսքերով, այս ընտրություններն ավելի կազմակերպված ու ավելի լավ են անցել, քան 1998֊-ի նախագահական ընտրությունները: Դիտորդների գնահատականները, ըստ նրա, մոտավորապես նույնն են: Իսկ որ այդ գնահատականները հիմա ավելի խիստ են, պատճառներից մեկն էլ այն է, որ «հինգ տարի անցել է, եւ ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունից հետո երեւի պետք էր ավելի խիստ մոտենալ»:

«Մեզանից սպասելիքներն ավելի շատ էին, քան մենք ենթադրում էինք», - շարունակեց Ռոբերտ Քոչարյանը: - «Եթե ընտրությունները գնահատենք Արեւմտյան Եվրոպայի կայացած երկրների ընտրությունների հետ համեմատելով, իհարկե, այդ շափանիշներով, չի համապատասխանում միջազգայինին: Բայց եթե մենք հաշվի առնենք, որ մեր անկախությունը 12 տարեկան է, եւ մենք դուրս ենք եկել Սովետական Միությունից, ապա կարելի է երեւի շատ ավելի մեղմ գնահատականներ տալ»:

Ամեն դեպքում, Քոչարյանը հեռու է այն մտքից, թե ընտրություններն անցել են իդեալական: «Այո, եղել են բազմաթիվ խախտումներ», - ասաց նա: - «Բայց այս ընտրությունները նաեւ արտացոլում են ավելի շատ մեր հասարակության վիճակը, մեր քաղաքական դաշտի վիճակը»:

Ըստ նրա, ի սկզբանե ընդդիմության նպատակն էր կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքը: «Չեմ կարծում, թե որեւէ մեկը կասկածեց», - ավելացրեց նա, - «քանի որ ուղղակի տարբերությունը չափազանց մեծ է»:

Ըստ Քոչարյանի, ընդդիմության ներկայիս քայլերը ոչ այլ ինչ են, քան խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավորը քաղել՝ «տաք պահելով» ընտրազանգվածը: Նրա կարծիքով, սա չափազանց մեծ վնաս է հասցնում երկրի վարկանիշին: Ինչ վերաբերում է իրավական դաշտում ընտրությունների արդյունքների վիճարկմանը, ապա՝ «կա Սահմանադրական դատարան դիմելու իրավունք»: «Ես միայն կողջունեի, եթե ընդդիմությունը դիմի Սահմանադրական դատարան», - ավելացրեց նախագահը:

Առաջին փուլից հետո ձերբակալվածներին առնչվող հարցի մասին խոսելիս, Ռոբերտ Քոչարյանը վերստին հիշեցրեց, թե դրանք եղել են կառավարության կամ դատախազության շենքերի առջեւ երթի ժամանակ, իր բնորոշմամբ՝ «ուլտիմատիվ կոչեր արածները»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG