Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը դադարեցնում է նստացույցը, նոր հանրահավաք է անցկացնում


Մատենադարանի մոտ ընդդիմության հանրահավաքը սկսվելու պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հրապարակել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները, եւ ԿԸՀ-ի շենքի մոտ անցկացվող նստացույցը արդեն հանվել էր, քանի որ, ինչպես ընդդիմության ղեկավարներից Ալբերտ Բազեյանը ասաց՝ «այնտեղ այլեւս անելիք չկա»:

«Պաշտոնապես հրապարակված արդյունքները ես չեմ ընդունում», - հանրահավաքի հարթակում «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Ես մնում եմ իմ տեսակետին, որ ընտրությունները անցել են զանգվածային կեղծիքներով, օրինախախտումներով, ինչպես նաեւ բռնություններով: Մենք հետամուտ ենք մնալու արդարության հաստատմանը եւ դիմելու ենք Սահմանադրական դատարան»:

Դեմիրճյանը չկամեցավ խոսել, թե ինչ ակնկալիքներ ունի Սահմանադրական դատարանից: «Առայժմ ես չեմ ուզում մեկնաբանություններ անել, քանի դեռ հարցը չի քննարկվել», - ասաց նա: - «Մենք բոլոր դեպքերում հասնելու ենք նրան, որ օրինականությունը հաղթանակի»:

Հանրահավաքում հայտարարվեց, որ անհրաժեշտ փաստաթղթերը Սահմանադրական դատարան ներկայացվելու են մարտի 14-ին, եւ այդ օրը կրկին հանրահավաք է անցկացվելու:

Ռոբերտ Քոչարյանը արդեն շնորհավորանքներ է ստանում: Ռուսաստանի նախագահ Պուտինի շնորհավորական ուղերձին երեկ ավելացավ նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակինը: Այս կապակցությամբ Ստեփան Դեմիրճյանը ասաց. - «Կարեւորն այն է, որ նախագահը լեգիտիմ լինի ժողովրդի աչքերում, ժողովրդի գիտակցության մեջ»:

Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանի կարծիքով, եթե տարբեր հաշվարկներից ելնելով այս կամ այն երկիրը շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանին, դա դեռ ոչինչ չի նշանակում: Հայաստանը, նրա խոսքերով, պարտավորություններ չի ստանձնել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների առջեւ: «Հայաստանի պարտավորություն է ստանձնել միջազգային կազմակերպությունների առջեւ, որոնք են Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շավարշ Քոչարյանը: - «Իսկ որ միջազգային կառույցներում դիրքորոշումը շատ հստակ է եւ չի փոփոխվի, ես կասկած չունեմ»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը իր ելույթում անդրադարձավ Տիգրան Նաղդալյանի սպանության բացահայտման մասին տրվող հաղորդագրություններին, որոնցում նշվում է, թե սպանությանն առնչվող մարդիկ ազգակցական կապեր ունեն Վազգեն Սարգսյանի եղբայրներ Արամ եւ Արմեն Սարգսյանների հետ: Բազեյանը ասաց, թե նման շահարկումներ իրենք թույլ չեն տա: Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «անհեթեթ» որակեց տարածվող լուրերը: «Հանրապետություն» կուսակցությունը իշխանությունների գործելակերպի առնչությամբ հանդես է գալու «խիստ քաղաքական գնահատականներով»:

Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անկախ Հայաստանի պատմության ընթացքից մի շարք կարեւոր, առանցքային դրվագներ, իրադարձություններ առանձնացնելով, շարունակեց. - «Այժմ նույնչափ ազգային խնդիր է Ռոբերտ Քոչարյանին պատժելը... Ես ինքս մի 3-4 տարբերակ տեսնում եմ, ոնց կարելի է իրենից ազատվել: Իր թիմը գիտի, որ մեկ տարուց ավելի ինքը չի դիմանա, չի մնալու ինքը: Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ մեր պետության համար... Բայց մեզնից պահանջվում է խորը գիտակցում, որ մենք ոչ թե պայքարում ենք մեկ մարդու դեմ,այլ մենք պայքարում ենք մեր երկրի, մեր ժողովրդի ապագայի համար»:

Երեւանում անցկացվող հանրահավաքների ձայնը, ինչպես այսօր պարզվեց, Գյումրի է հասնում: Հանրահավաքի ելույթները բջջային հեռախոսով փոխանցվում են Գյումրի, ուր հեռախոսը միացված է բարձրախոսների:

Հանրահավաքն ավարտվեց երթով դեպի Հանրապետության հրապարակ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG