Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները վիճարկող ընդդիմության երեկվա հանրահավաքի մասնակիցների մի մասը երկու կողմերից դեպի ԿԸՀ տանող փողոցի հատվածը փակել, վրաններ է խփել եւ նստացույց է անցկացնում: ԿԸՀ-ն այսպիսով կրկնակի շրջափակման մեջ է, քանի որ արդեն իսկ պահպանվում էր իրավապահների կողմից՝ փշալարերով եւ մետաղյա արգելափակոցներով:

Պիկետավորները երեկվանից մնացել են իրենց դիրքերում եւ նախատեսում են այդպես շարունակել երկնքի տակ գիշերել:

«Մինչեւ հաղթանակը նստելու ենք», - ասաց նստացույցի մասնակիցներից Վարդենիսի մի բնակիչ: - «Մինչեւ արդարությունը ընդունվի»:

Շատերը ցերեկը գնացել էին հանգստանալու, բայց երեկոյան նորից վերադառնալու են: Բողոքավորներ կային նաեւ հեռավոր մարզերից: «Սիսիանից եմ եկել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նստացուցավորներից մի կին: - «Տղաս Ռուսաստանում է: Եթե իշխանափոխություն չլինի, մենք էլ ուզում գնալ Հայաստանից: Որովհետեւ 98 թվականին մեր ձայնը տվել ենք Քոչարյանին, ոչ մի բանով չի փոխվել մեր կյանքը»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը պատասխանատու է, որ այստեղ «անկոչ հյուրեր» չգան, սադրանքներ չկազմակերպեն:

Նա անընդհատ նստացույցի մասնակիցներին կոչ էր անում չպատասխանել վիրավորանքներին, կողքից հնչող հայտարարություններին: «Մեր ոստիկանույունը մեր կողքին է մենք կդիմենք իրենց», - ասում էր նա: - «Դուք ինքներդ իրավունք չունեք ոչ մի պրովոկացիայի գնալու»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG