Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը շարունակում է պայքարը


Հետընտրական շրջանի պայքարում ընդդիմությունը օգտագործում է բոլոր հնարավորությունները. միաժամանակյա քայլեր են կատարվում թե' քաղաքական, թե' իրավական եւ թե' հրապարակային ուղղություններով: Ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս շեշտել ու շարունակում են պնդել, որ գործել են եւ գործելու են օրինականության շրջանակներում՝ չխախտելով սահմանադրական կարգը:

Ընդդիմության երեկվա հանրահավաքը ավարտվեց ոչ թե երթով, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված նստացույցով: Վաղը կրկին հանրահավաք է անցկացվելու:

Հանրահավաքների օրերին ոստիկանները խստորեն վերահսկում են Երեւան մտնող մայրուղիները՝ թույլ չտալով, որ մարզերից մարդիկ գան եւ միանան ցուցարարներին: Սա պնդում են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ միջքաղաքային ավտոբուսների վարորդներն ու ուղեւորները:

Իրավական դաշտում ընդդիմությունը հարյուրավոր բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով վերահաշվարկել առանձին տեղամասերի քվեաթերթիկները: 15 դիմում է ներկայացվել գլխավոր դատախազություն: Վաղը՝ ԿԸՀ-ի կողմից մարտի 5-ի քվեարկության վերջնական արդյունքները հրապարակելուց հետո, ընդդիմությունն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այդ արդյուքները: Հայաստանում բողոքարկելու բոլոր հնարավորություններն օգտագործելուց հետո, պատրաստվում են դիմել նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դատական հայց է ներկայացվել ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ անգործության համար: Հայցադիմումով պնդվում է, որ ԿԸՀ-ն ընթացք չի տալիս ընդդիմադիրների բողոքներին: Այսօր նշանակված առաջին նիստը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հետաձգվեց մինչեւ մարտի 13-ը՝ ԿԸՀ-ի ներկայացուցչի դատարան չներկայանալու պատճառով:

Այսօրվա դրությամբ, սակայն, հիմնական թիրախը ԿԸՀ-ն է: «Նամակ ենք ուղարկել նաեւ ԿԸՀ՝ դիմում-հիմնավորումներով, որպեսզի անվավեր ճանաչվեն նախագահական ընտրությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը: - «Եթե մեզ չի բավարարի պատասխանը, օրենքով սահմանված կարգով կգնանք Սահմադրական դատարան»:

Ընդդիմությունը բազմիցս դժգոհել է, որ ընտրություններից հետո ներկայացված բողոքներին ընթացք չի տրվել.

«Վաղը ամփոփվում են արդյունքները, բայց շուրջ 400 դիմումներից ընդամենը 10-15 ընտրատեղամաս է բացվել», - շարունակեց Հարությունյանը: - «Այն էլ՝ թույլ չեն տալիս, որ վստահված անձինք ծանոթանան նյութերին: Անգամ արտասահմանյան դիտորդներին, փաստեր են եղել, թույլ չեն տալիս մոտիկից ծանոթանալու: Ցուցակների մասին խոսք չկա. ընդհանրապես չեն թողնում ցուցակներին մոտ գնալ»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղն է հրապարակելու ընտրության երկրորդ փուլի վերջնական արդյունքները: Մինչդեռ այսօր, ինչպես հաղորդում է նախագահ Քոչարյանի գրասենյակը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին արդեն շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակը:

«Ֆրանսիայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից, կցանկանայի շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրության կապակցությամբ եւ մաղթել Ձեզ հաջողություն Ձեր բարձր առաքելության շարունակման ընթացքում», - ասված է ուղերձում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG