Մատչելիության հղումներ

Այքերը շարունակում է քննադատել անցած ընտրությունները


Անցած նախագահական ընտրություններին տրված միջազգային կոշտ գնահատականների համար հիմք են ծառայել գլխավորապես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունների նախնական եզրակացություններում զեկուցված օրինախախտումները: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում կրկին հաստատեց, որ առաքելության դիտորդները անձամբ ականատես են եղել տարաբնույթ օրինախախտումների:

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանը երեկվա ասուլիսում վկայակոչել էր հենց միջազգային դիտորդների խոսքերը, թե թերություններ են նկատել ընտրատեղամասերի 13 տոկոսում միայն, ինչից էլ եզրակացրել էր, որ մնացած 87 տոկոսում ամեն ինչ հարթ է ընթացել: Այս առնչությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը ասաց, թե անգամ նման մեկնաբանության դեպքում «սա բավականին բարձր տոկոս է ընտրությունների համար»: Նրա խոսքերով, ընտրատեղամասերի 13 տոկոսում խախտումներ հայտնաբերելը փոքր թիվ համարել չի կարելի, հատկապես, որ խախտումների տոկոսն առավել բարձր էր ձայների հաշվարկի ընթացքում:

Այքերը նշեց նաեւ, որ իրենք եղել են ընդամենը 800 ընտրատեղամասում եւ յուրաքանչյուր տեղում մնացել են ոչ ավելի, քան կես ժամ: Եվ այդ ընթացքում անգամ նրանց աչքից չեն վրիպել ընտրությունների ոչ ժողովրդավարական դրսեւորումները: Ամենաղաղակողը, իհարկե, քվեատուփերը քվեաթերթիկներով լցնելու բազմաթիվ հաստատված դեպքերն են, որ առանձնակի մտահոգություն են պատճառել ականատես դիտորդներին:

Իշխանամետ ճամբարից տեսակետ է հնչել նաեւ, թե ԵԱՀԿ դիտորդները լավ ծանոթ չեն հայերի մենթալիտետին, եւ դա է պատճառը, որ նրանց գնահատականները տարբերվում են ավելի վաղուց մեզ ծանոթ, մեր հարեւանների գնահատականներից՝ նկատի ունենալով ԱՊՀ դիտորդական առաքելության դրվատական գնահատականը:

«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ով ավելի լավ գիտի Հայաստանի մենթալիտետը», - ասաց Այքերը: - «Ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանը համաձայնել է համապատասխանել ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի չափանիշներին՝ միանալով այդ երկու կազմակերպություններին, եւ մենք պետք է գնահատատենք Հայաստանին այնպես, ինչպես ցանկացած այլ երկրի»:

Պիտեր Այքերը շեշտեց, որ ընտրությունների երկրորդ փուլից հետո եւս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հապաղում է ներկայացնել արդյունքներն ըստ տեղամասերի: Դիտորդների համար անհասկանալի է, թե ինչու այդ վիճակագրությունը չի ներկայացվում հանրությանը այս օրերի ընթացքում: «Ես հույս ունեի, որ նրանք դա կանեն քվեարկությունից անմիջապես հետո», - ավելացրեց նա:

Առաջին փուլի արդյունքների բացվածքների ուսումասիրությունը դիտորդների եզրակացության համար հիմք են ծառայել: Հիմա էլ ԵԱՀԿ դիտորդները սպասում են այդ տվյալներին՝ իրենց վերջնական գնահատականը հրապարակելուց առաջ դրանք եւս ուսումասիրելու համար:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե որոշ ընտրատեղամասերում դիտորդները դիտելուց բացի փորձել են նաեւ մասնակցել ձայների հաշվարկման գործընթացին՝ խանգարելով գործընթացը եւ գերազանցելով իրենց լիազորությունները, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը ասաց, որ նման բողոքներ իրենց չեն հասել:

Դիտորդական առաքելության անդամները, անշուշտ, հանդիպել են ինչպես գործող իշխանության, այնպես էլ իշխանության ձգտող կողմի ներկայացուցիչների հետ ու լսել տարբեր կարծիքներ ու փաստարկներ, բայց եզրակացությունն արված է միայն իրենց տեսածի հիման վրա՝ լիովին անկողմնակալ եւ անկախ երկու ճամբարների փաստարկներից ու ջանքերից:

Այս օրերին խոսվեց շատ է խոսվում, թե միջազգային դիտորդների կոշտ եզրակացությունը կարող է հիմք դառնալ Հայաստանի վրա որոշակի ճնշումներ կիրառելու համար՝ հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նկատի է առնվում, որ ոչ լեգիտիմ նախագահը չի կարող հաստատակամ լինել պահանջներ արտահայտելու եւ սկզբունքներն առաջ տանելու առումով:

«Ի՞նչ հետեւանքներ կարող են բխել միջազգային հանրության կողմից Հայաստանի նախագահի ընտրությունները ոչ ժողովրդավարական գնահատելու դեպքում» հարցը, ինչպես եւ նախկինում, մնաց անպատասխան, քանի որ «դուրս է դիտորդի լիազորությունների եւ մանդատի շրջանակներից»:

«Ես կարող եմ գնահատել միայն, թե անցկացված ընտրությունները որքանով են համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ թե ինչ հետեւանքներ կարող են բխել մեր եզրակացությունից՝ ես պատասխանել չեմ կարող», - ասաց Պիտեր Այքերը: - «Ես չեմ ասում, որ ազդեցություն չի ունենա: Ես ասում եմ, որ ես չեմ մեկնաբանելու, թե ինչ ազդեցություն կունենա»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG