Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ, ընդդիմության այսօրվա քայլերն ուղղված են ընդդեմ քաղաքացիական հասարակության կայացման, «խոչընդոտում են եվրոպական ընտանիքին ինտեգրվելու Հայաստանի քայլերը, արգելակում են միջազգային չափանիշերի ներդրումը մեր քաղաքական համակարգում»: «Երբ եվրոպական դիտորդները հայտարարում են, որ ընտրությունների ընթացքում նկատել են խախտումներ, պետք չէ ապատեղեկացնել ժողովրդին, թե իբր քննադատությունն ուղղված է եղել իշխանությունների դեմ», - կարդում ենք «Հայաստանի Հանրապետություն» թերթում:

Ընդհանուր առմամբ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի փայլուն ու անվերապահ հաղթանակ այս ընտրություններում, իշխանական մամուլը այսօր տեղին է համարել անցնել միջազգային դիտորդական առաքելությունների, այսպես ասած, դիմակազերծմանը: «Հայոց Աշխարհ» թերթում գծված է հետեւյալ ջրբաժանը. - «ԱՊՀ դիտորդական առաքելությունը, նույնն է թե՝ Ռուսաստանը, շահագրգռված է Հայաստանում ներքաղաքական կայունության պահպանման եւ մեր երկիրը արտաքին ճնշումներից պաշտպանելու մեջ... ԱՄՆ-ը եւ նրա ազդեցության տակ գտնվող եվրոպական կառույցների մի մասը շահագրգռված են Հայաստանում այնպիսի իշխանության ձեւավորման մեջ, որը շուտափույթ կերպով կազատվի Ղարաբաղյան հիմնահարցից՝ ճանապարհ բացելով տարածաշրջան թափանցելու իրենց ծրագրերի համար»: Այսպես ջոկջկելով լավ ու վատ արտաքին ազդեցությունները, «Հայոց Աշխարհ»-ը եզրափակել է. - «Այս պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ նրանից՝ անձնապես գո՞հ է, թե՞ դժգոհ ավարտված նախագահական ընտրություններից, պետք է որոշի՝ ներկայումս արտաքին ճնշումների պարզ գործիք դարձած ընդդիմությա՞ն հետ է ինքը, թե՞ իշխանության»:

Ազգային ժողովի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում մեղադրում է. - «Ամենավատն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչները, նախ՝ իրենք են առիթներ ստեղծում երկրի մասին բացասական կարծիք ձեւավորելու առումով, եւ ապա՝ միանշանակ ընդունում դիտորդների եզրակացությունները։ Մոռանալով, որ սա մեր երկիրն է, մենք ենք այստեղ ապրելու եւ չի կարելի այն վարկաբեկել»։

«Ազգ» թերթում այսօր ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը Հայաստանում նախագահական ընտրությունների առիթով որակված է «բացառապես միակողմանի» եւ տպավորություն է առանձնացված, թե Միացյալ Նահանգներն է ուղղորդում Հայաստանի ընդդիմությանը շարունակելու բողոքի ցույցերն ու երթերը:

«Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսի շեշտադրումները վկայում են, որ ՀՀ իշխանությունները որոշել են բացահայտ հակամարտության գնալ միջազգային հանրության հետ», - արձանագրում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ սա աննախադեպ փաստ է»: Թերթի պատկերավորմամբ, ընդդիմության երեկվա հանրահավաքն էլ արտաքին քաղաքական ուղղվածություն ուներ: «Եթե մի քանի ամիս առաջ որեւէ մեկը կանխատեսեր, որ Հայաստանում կարող է մի այնպիսի երթ տեղի ունենալ, որի մասնակիցները որպես բողոքի նշան սուլեն ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը եւ, ընդհակառակը, ծափերով ողջունեն ՀՀ-ում Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանատներին, նման կանխատեսումներ անողին առնվազն քաղաքական կարճատես կորակեին: Երեկ, սակայն, Երեւանում տեղի ունեցավ նման աննախադեպ իրադարձություն», - ամրագրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Ինչպես եւ սպասվում էր, Քոչարյանի ճամբարում ջղաձգորեն արձագանքեցին ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների եզրակացություններին», - նշում է «Առավոտ»-ի խմբագրականը: - «Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի արդարացումները բավականին զավեշտական էին»։ Ստացվում է՝ եվրոպացիները պիտի գիտակցեին, որ «հայաստանյան իրականության համար ընտրակեղծիքները սովորական երեւույթ են, եւ ժողովրդի կամքի վրա բռնանալու մեջ արտառոց ոչինչ չկա»։ «Եվրոպան ու ԱՄՆ-ը չճանաչեցին Քոչարյանի հաղթանակը։ Եվ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ ոչ այնքան Քոչարյանի, որքան մեր պետության համար», - ամփոփված է «Առավոտ»-ում: Իսկ այս թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը հատուկ անդրադառնալով մի դրսեւորման, գրում է, թե իրադարձությունների անհեթեթ բացատրությունների ցանկը անընդհատ լրացվում է. - «Բոլոր հնարավոր վարկածներից ընտրվում է առավել աբսուրդայինը, որին ամենադյուրահավատ մարդն անգամ չի հավատա: Նման վարքագծի բացատրությունը ես չէի կարողանում գտնել մինչեւ մարտի 5-ը: Այժմ կարելի է վստահաբար ասել, որ այն հիմարությունից կամ պարզամտությունից չէ: Կան մարդիկ, որոնք ոչ միայն ցանկանում են ամեն գնով հասնել իրենց նպատակներին, այլեւ զուգահեռաբար ստորացնել դիմացիններին, բոլորին ի ցույց դնել սեփական անպատժելիությունն ու անվերահսկելիությունը... Այսօր իրադարձությունների հետագա զարգացումը կախված է ոչ թե ԵԱՀԿ-ից կամ ԱՄՆ-ից, այլ նրանից, թե որքանով հաջողվեց ժողովրդին վախեցնել»:

«Օրրան» թերթին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, լորդ Ռասել Ջոնսթոնի եզրակացություններից առավել տպավորել է հետեւյալ բանաձեւը. - «Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը արժանի չէ հայ ժողովրդին»: «Եվ քանի որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը շատ լավ գիտի, որ ինքը արժանի չէ», - այս առումով գրում է «Օրրան»-ը, - «իրականացնում է մի հրաշային ծրագիր՝ այլասերել ու անբարոյականացնել ժողովրդին այնքան, որ եթե ինքը արժանի չէ նրան, ժողովուրդն արժանի լինի իրեն: Այդ իշխանությունը, ահաբեկելով, խաբելով, կաշառելով, ձերբակալելով, մեզնից տասնյակ հազարավորների դարձրեց իր հանցակիցը: Մեզնից յուրաքանչյուրին ամեն օր մղում է գողության, ստորության, ստորաքարշության, պնակալիզության՝ խրախուսելով գողին, ստորաքարշին ու պնակալեզին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG