Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «խորապես հիասթափված է»


Հայաստանում անցած նախագահական ընտրությունների միջազգային քննադատությանը միացավ նաեւ ԱՄՆ-ը՝ ընդգծելով, որ «խորապես հիասթափված է» Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների զեկուցած ընտրախախտումների կապակցությամբ: Նոր հայտարարությամբ են հանդես եկել Եվրախորհրդի ղեկավարները:

«Հայաստանի ղեկավարությունը բաց թողեց կարեւոր հնարավորություն՝ զարգացնելու ժողովրդավարությունը վստահելի ընտրություն անցկացնելու միջոցով», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից ուրբաթ օրը տարածված՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերի հայտարարության մեջ: - «Մենք կոչ ենք անում կառավարությանը դուրս գալ ժողովրդավարական Հայաստան կառուցելու ճանապարհ՝ սկսելով ընտրախախտումների լիակատար եւ թափանցիկ ուսումնասիրություն, պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկում եւ այլ քայլերի ձեռնարկում՝ ուղղված հասարակական վստահության վերականգնմանը»:

Բաուչեր նշել է, որ Վաշինգտոնը համաձայն է միջազգային դիտորների եզրակացությանը, թե Հայաստանի մարտի 5-ի նախագահական ընտրության գործընթացը «չհամապատասխանեց ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին»: Հայտարարությունը մեջբերում է դիտորդական առաքելությունների զեկուցած «քվեատուփերի լցոնման դեպքերը, «կարուսել» քվեարկությունը մի շարք ընտրատեղամասերում, անհամապատասխան քվեարկությունը զինվորականների կողմից, սպառնալիքները, ընդդիմության վստահված անձանց բացակայությունը կամ հեռացումը»:

Քվեարկության պաշտոնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է ընտրողների 67,5 տոկոսի ձայները: 32,5 տոկոս ձայն ստացած ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը չի ճանաչում պաշտոնական արդյունքները եւ պահանջում է անվավեր ճանաչել դրանք:

Ընդդիմադիր թեկնածուի բազմահազար կողմնակիցները այսօր կրկին հավաքվում են Մատենադարանի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու քվեարկության արդյունքների կապակցությամբ:

Պետդեպարտամենտի խոսնակը նշում է միայն երկու դրական զարգացում՝ մրցակից թեկնածուների հեռուստաբանավեճը ուղիղ եթերում եւ տեղական դիտորդների ներկայությունը այցելած ընտրատեղամասերի կեսից ավելիում:

Ռիչարդ Բաուչերը ընդդիմությանը կոչ է անում «ընտրության հետ կապված իրենց հիմնավորված բողոքներին հետամուտ լինել իրավական գործընթացների եւ խաղաղ բողոքարկման ճանապարհով»:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը հրաժարվեց մեկնաբանել Ռիչարդ Բաուչերի հայտարարությունը: «Այս պահին մենք նպատակահարմար չենք գտնում մեկնաբանել առանձին հայտարարություններ: Մեր գնահատականը կտանք միջազգային կազմակերպությունների կարծիքների ընդհանրության հիման վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղաջանյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը եւ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ուրբաթ օրը կրկին մտահոգություն են հայտնել, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները «չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչներին»:

«Ներկայումս հույժ կարեւոր է, որ [Հայաստանի] վարչական եւ դատական իշխանությունները հանգամանորեն քննեն ընտրական բողոքները՝ թափանցիկ ու վստահություն ներշնչող ձեւով: Սա առաջնային պայման է ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը վերականգնելու առումով՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները նկատի ունենալով», - մատնանշել է Վալտեր Շվիմերը:

«Առաջին փուլի ընտրախախտումներից հետո մենք երկրորդ փուլը ավելի լավ անցկացնելու նկատառումներով մի շարք խնդրանքներով դիմել էինք [Հայաստանի իշխանություններին]: Խիստ ցավում ենք, որ դրանք հաշվի չեն առնվել», - շեշտել է Պիտեր Շիդերը:

«Օրինախախտումների լրիվ ծավալը եւ դրանց ազդեցությունը դեռ պիտի որոշվեն, սակայն արդեն իսկ պարզ է, որ դրանք չեն կարող մնալ անհետեւանք: Հարցը կբարձրացվի ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախարարական մակարդակներով առաջիկա հանդիպումների ընթացքում», - եզրափակել են են Եվրախորհրդի ղեկավարները:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG