Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի ձեւակերպմամբ՝ իրենց վրա վերցնելով բոլշեւիկների առաքելությունը, հիմա էլ ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհուրդն են «սովորեցնում բոլորին, թե ինչպես ապրել, օրենքներ գրել, ընտրություններ անցկացնել», եւ «դրա փայլուն ապացույցն է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի գործունեությունը»: «Ի՞նչ իրավունք ունի Աստծո ծառա Պիտերը հայտարարել, թե մեր ընտրությունները չեն համապատասխանում համաշխարհային չափանիշերին։ Իսկ ո՞վ է ընդհանրապես նրան հարցնում։ Մեր երկիրն է, ինչպես ուզում ենք, այնպես էլ ապրում ենք», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը: - «Աշխարհը մեզանից չպիտի ակնկալի ինչ-որ գերբնական բաներ։ Կարելի է ինչքան ասես նայել Եվրոպային ու ջանալ ամեն ինչում ընդօրինակել նրան։ Սակայն հարազատ աղբանոցից դեպի անուշաբույր ծաղկանոցը թռչել ցանկացող եւ ապակուն անօգնական զարկվող ճանճի պես, մենք՝ դեպի Արեւմուտք ձգտման մեջ, դեռ երկար պիտի բախվենք ազգային մենթալիտետի անտեսանելի արգելապատին»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում էլ այսօր մեղադրանք է շեշտված, թե արժանապատվորեն պարտվելու փոխարեն ընդդիմությունը ընտրել է «հասարակությանը երկփեղկելու, սեփական երկիրը միջազգային հանրության աչքին հնարավորինս պախարակելու ամբոխային մարտավարություն»: «Եթե փորձենք ավելի սառը դատել եւ մի պահ սատանայի փաստաբանի դերը վերցնել, ապա չենք կարող համաձայն չլինել ընդդիմության ղեկավարների որդեգրած միտինգային մարտավարությանը», - արձագանքում է «Ազգ»-ի խմբագրականը։ - «Չէ՞ որ շուտով հաջորդ ճակատամարտն է տեղի ունենալու՝ խորհրդարանական ընտրությունները։ Դժվար է, եթե ոչ անկարելի, մարդկանց նորից նոր հավաքելը։ Ուրեմն՝ պետք է պահել եղածը, ինչքան շատ եւ երկար՝ այդքան լավ։ Անհրաժեշտ է ամեն գնով պահպանել թափը, լարվածությունը, դրանից կտուժի միայն իշխանությունը։ Անվստահությունը կավելանա վերջինիս նկատմամբ, վերընտիր նախագահի գործերը կդժվարանան եւ, գուցե, հարմար պահ ստեղծվի սպանիչ հարվածը հասցնելու համար»։

«Կաշխատենք միասին եւս հինգ տարի» վերնագրի տակ «Երկիր» թերթը ներշնչում է. - «Այլեւս անցյալ են նախագահական ընտրապայքարի բոլոր դրվագները՝ լուսավոր ու մութ... Լինելու են բողոքների շարքեր, խախտումների մասին բազում հայտարարություններ, որոշ դեպքերում նույնիսկ հիմնավոր փաստեր, որոնց առկայությունն անգամ չի կարող կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները»։ «Ընտրապայքարի ընթացքում շատ բառեր են ասվել, որ, թերեւս, չպետք է հնչեին, արվել են քայլեր, որ, շատ լավ կլիներ, եթե չարվեին։ Սակայն այս պահին դրանց անդրադառնալն անիմաստ է բոլոր առումներով», - վերջակետում է «Երկիր»-ի խմբագրականը՝ ի վերջո հավաստիացնելով, թե «հաղթել են բոլորը»։

Ըստ «Իրավունք» թերթի, ընտրությունների երկրորդ փուլը ըտնրակեղծիքների ծավալի ու լկտիության առումով գերազանցեց ամենահոռետեսական սպասումները. - «Մի քանի հարյուր հազար ձայնով ընտրությունները կեղծելը կարելի է համարել նույնքան անառարկելի իրողություն, որքան մածնի գույնը»: «Թվային մեծ տարբերություններ նկարելը ավելի շուտ հոգեբանական գործոն է, որ նպատակ է հետապնդում ամրացնել իշխանափոխության անհնարինության միֆը», - մեկնաբանվում է «Իրավունք»-ում: - «Սակայն իրական բռնապետության համար երկիրը չունի ռեսուրսներ»: Մեկնաբանի հայացքով, Ռոբերտ Քոչարյանի՝ ցանկացած գնով իշխանության մնալու հետեւանքով տեղի է ունենալու երկրի բավականին շոշափելի տնտեսական մեկուսացում. - «Օլիգարխները Ռոբերտ Քոչարյանին իշխանության պահելու վրա ծախսել են հսկայական նյութական ռեսուրսներ, որոնք հետ ստանալու համար վերջինիս հարկադրելու են ընդլայնել նրանց փաստացի արտոնությունների սահմանը, ինչը կրկին կհարվածի երկրի բյուջեին...Իսկ Քոչարյանի վերընտրությունն ապահոված քրեական ու կիսաքրեական տարրերի շուրջ 60 հազարանոց բանակը դառնալու է նորանոր դժվարությունների աղբյուր: Քրեական տարրի ախորժակի բավարարման գործընթացը անխուսափելիորեն տանում է դեպի կատարյալ քաոս»: «Եթե չապահովվի դիմադրության մթնոլորտը, ապա հաջորդ Ազգային ժողովը կազմված կլինի բացառապես կամ առավելապես մականունավորներից», - մասնավորապես մատնանշված է «Իրավունք»-ում:

«Հաղթանակ ոչ թե կաշառակերության ու հանցագործության դեմ, այլ ժողովրդավարության դեմ եւ, հատկապես ու մանավանդ, ժողովրդի դեմ». սա «Օրրան» թերթի գնահատականն է: - «Մարտի 5-ին մեկնիմեկեն պարզվեց, որ այսօրվա իշխանություններն ու ժողովուրդը անհամատեղելի են վերջնականապես: Նման դեպքում այդ երկուսից մեկը պիտի հեռանա ասպարեզից»: Ըստ «Օրրան»-ի, այսքանից հետո ժողովուրդն անխուսափելիորեն ու անհրաժեշտաբար պետք է եզրակացնի, որ միտինգային բողոքը կամ բողոքի այդպիսի միտինգայնությունը անպտուղ է. - «Պայքարի ուրիշ ձեւ, ուրիշ թափ են հարկավոր», - նշում է «Օրրան»-ը: - «Ժողովուրդը միշտ էլ ելքը գտնում է: Կգտնի նաեւ այս անգամ` նորից ցուցաբերելով հիասքանչ իմաստնություն ու անչափելի լայնախոհություն` չնայած իշխանությունը ժողովրդին մղում է ու ստիպում է ոտքի կանգնել այնպես, ինչպես ոտքի են կանգնում օտար, թշնամի տիրապետության դեմ: Այդ բանը Հայաստանի այսօրվա իշխանություններին չի հաջողվի»:

«Առավոտ» թերթը խմբագրականում զուգադրել է. - «Հնարավոր չէ ձեւ անել, իբր եվրոպական արժեքներ ես դավանում, բայց իրական կյանքում դրսեւորվել որպես ասիական բռնապետ... Թող [Քոչարյանը] արագ կապվի իր բելառուս գործընկերոջ՝ Լուկաշենկոյի հետ, որը եվրոպական ժողովրդավարական կազմակերպությունների դեմ պայքարի հարուստ փորձ ունի։ Մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդներին նա վտարեց Բելառուսից։ Ճիշտ է, դրանից հետո Լուկաշենկոյի առաջ փակվեցին Եվրոպայի դռները, բայց չէ՞ որ նա, ամեն դեպքում, նախագահ մնաց»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG