Մատչելիության հղումներ

Անցած քվեարկությունը «չի համապատասխանում միջազգային չափանիշներին»


«Մարտի 5 ին կայացած նախագահական ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին», - նախնական համատեղ եզրակացության մեջ նշել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունները:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը նաեւ խոստովանեց. - «Մենք հիասթափված ենք ընտրական գործընթացից: Մենք ավելի լավ սպասումներ ունեինք»:


Հայտարարության մեջ միջազգային դիտորդները շեշտում են, որ ընտրության վրա ստվեր գցեցին լուրջ ընտրախախտումները բազմաթիվ ընտրատեղամասերում: Դիտորդներն անձամբ ականատես են եղել ավելի քան 40 ընտրատեղամասերում քվեատուփերի լցոնման դեպքերի։ Կնքված եւ ստորագրված քվեաթերթիկների ընտրատեղամասերից դուրս շրջանառության բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ Հաշվման ընթացքը շատ տեղամասերում նույնպես բացասական է գնահատվել։ Եղել են քվեաթերթիկների միտումնավոր սխալ հաշվման, քվեաթերթիկի ապօրինի մարման, հաշվման գործընթացը սկսելուց հետո քվեաթերթիկների ավելացման, ինչպես նաեւ ընտրատեղամասերում չլիազորված անձանց ներկայցության դեպքեր։ Շատ տեղամասերում միջազգային եւ տեղական դիտորդները, ինչպես նաեւ վստահված անձինք զրկվել են հաշվման գոծընթացին լիարժեք հետեւելու հնարավորությունից։

«Պետք է հատկապես շեշտեմ, որ իմ փոքր խումբը փաստորեն ականատես է եղել քվեաթերթիկների լցոնման դեպքերի», - հայտարարեց Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Ռասսել Ջոնսթոնը:

Ինչ վերաբերվում է երկրորդ փուլին նախորդած երկու շաբաթներին, ապա, դիտորդների գնահատմամբ, այս ընթացքում նույնպես տեղ են գտել լուրջ խախտումներ։

Նախ բացահայտվել է առաջին փուլում տեղ գտած քվեատուփերի լցոնման եւս 15 դեպք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձգձգեց քվեարկության արդյունքների բացվածքների հրապարակումը:
Պետական մարմինները պատասխանատվության չենթարկեցին ընտրախախտումների մեջ ներգրավված անձանց։

Մինչդեռ հայտատարության մեջ նշվում է, որ երկրորդ փուլին նախորդած երկու շաբաթների վրա ստվեր գցեցին բազմաթիվ վարչական ձերբակալությունները, որոնք «հակասում են ԵԱՀԿ ի առաջ ստանձնած պարտավորություններին եւ Եվրախորհրդի չափանիշներին»։

«Ընդ որում, այս գործերով դատական լսումներն անցել են փակ դռների հետեւում հիմնականում առանց փաստաբանների ներկայության։ Ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունները նպաստել են բացասական եւ շատ լարված քաղաքական մթնոլորտի ստեղծմանը», - ասված է հայտարարության մեջ:

Հատուկ շեշտված է, որ լրատվական դաշտում երկու թեկնածուների ունեին անհավասար պայմաններ։ Հանրային հեռուստատեսությունը «չի կատարել ընտրողներին թեկնածուների մասին նախապատվություններից ու կողմնակալությունից զերծ տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը։ Լրատվական եւ վերլուծական ծրագրերը անթաքույց քարոզում էին գործող նախագահի օգտին»։

Որպես բացասական դրսեւորում է դիտված նաեւ ընդդիմության որոշ գործիչների «անզուսպ ու հրահրիչ հայտատարությունները», թեեւ ասվում է նաեւ, որ ընդդիմության թեկնածուն ինքը կոչ է արել իր թիմակիցներին գործել օրենքի շրջանակներում։

Ինչ վերաբերվում է դրական զարգացումներին, ե'ւ Ռասսել Ջոնսթոնը, ե'ւ Պիտեր Այքերը որպես այդպիսին հատուկ շեշտեցին թեկնածուների հեռուստատեսային բանավեճը։ Դրական է գնահատվում նաեւ բնակչության ակտիվ մասնակցությունը ընտրարշավին՝ նշելով ինչպես խաղաղ ցույցերը, այնպես էլ բնակչության մասնակցությունը ընտրութուններին։ Նաեւ նշվում է, որ, չնայած լարված քաղաքական մթնոլորտին, բռնությունների լուրջ դեպքեր չեն եղել։

Ինչ վերաբերում է առաջին ու երկրորդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ ընտրության օրը տեղի ունեցած խախտումներին, Եվրախորրդի դիտորդական առաքելության ղեկավար, լորդ Ռասսել Ջոնսթոնը այսպիսի եզրակացություն արեց. - «Ճիշտ է որ, մենք հույս ունեինք, թե կարող է ավելի լավ լինել: Բայց աշխարհը երկու շաբաթում հազվադեպ է փոխվում»։

Եվ վերջապես, ամենակարեւոր հարցերից մեկը՝ արդյո՞ք ընտրությունները, հաշվի առնելով բոլոր նշված ընտրակեղծիքներն ու խախտումները, կարելի է կայացած համարել, իսկ ընտրությունների արդյունքները՝ օրինական։ «Մենք չենք կարող վավերացնել կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», - ասաց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը: - «Մենք նման լիազորություն չունենք: Դա Հայաստանի ժողովրդի գործն է: Մենք միայն գնահատում ենք ընտրությունների ընթացքը՝ ժողովրդավարական սկսզբունքներին համապատասխանության տեսանկյունից»։

Պատասխանելով այսօր առավել հաճախ հնչող հարցին՝ կարո՞ղ է արդյոք Եվրախորհուրդը որոշակի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, լորդ Ջոնսթոնը ասաց, թե իրենք նման պատժամիջոցներ չունեն։

«Իհարկե, միշտ էլ հնարավոր է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննադատի երկիրը, բայց վերջին տարիներին մոտեցումը ավելի շատ միտված է դեպի փոփոխություն ու առաջընթաց, քան ինչ-որ պատժամիջոցներ ու գործողություններ կիրառելը», - ասաց նա։

Դիտորդական առաքելության վերջնական գնահատականը կախված կլինի ձայների հաշվարկման եւ աղյուսակավորման գործընթացից, ինչպես նաեւ այն բանից, թե ինչպիսի ընթացք կտրվի ընտրակեղծիքների վերաբերյալ բողոքներին:

Դիմում-բողոքների մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբան Նունե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտի 5-ին հանձնաժողովը ստացել է 51 դիմում-բողոք: Նրա խոսքերով, դրանց մեծ մասը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը:

Անդրադառնալով քվեատուփերի լցոնման դեպքերին, որոնց մասին նշել են միջազգային դիտորդները, Նունե Հովհաննիսյանը ասաց, թե իրենք նման բողոքներ նույնպես ստացել են: Նրա խոսքերով, ԿԸՀ-ն արդեն ստացել է պատասխանները բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներից՝ համապատասխան ստորագրություններով, թե «նշված փաստերը իրականությանը չեն համապատասխանում»: Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ի իրավաբանի խոսքերով, «դիտորդները գերազանցել են իրենց իրավասության սահմանները»:

Ուշ երեկոյան կայանալիք նիստում ԿԸՀ-ն արդեն պաշտոնապես կհրապարակի երեկվա քվեարկության նախնական արդյունքները: Ըստ ճշտված տվյալների, Ռոբերտ Քոչարյանը ստացել է ձայների 67.5 տոկոսը, Ստեփան Դեմիրճյանը՝ 32,5:

Ռասսել Ջոնսթոնը, մինչդեռ, ասուլիսում հույս հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններին «բարելավելու փորձ կարվի» եւ որ Հայաստանն ունի իրավիճակը բարելավելու կամք: Նա նաեւ հույս հայտնեց, թե ընդդիմությունը երկխոսության մեջ կմտնի ու կհամագործակցի իշխանության հետ։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք սա կարելի է ընդդիմությանը ընտրությունների արդյունքները ճանաչելու կոչ համարել, Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավարը պատասխանեց, թե «վաղ է վերջնական եզրակացություններ անել», բայց ինքը կցանկանար, որ ընդդիմությունն ու իշխանությունները համագործակցեին:

Պատասխանելով «Ազատություն«» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Եվրախորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը ժողովրդավարության առումով որոշակի առաջնթաց ունեցե՞լ է, լորդ Ջոնսթոնը ասաց. - «Այո, թերեւս մի փոքր բարելավում կա: Սակայն, ինչ վերաբերում է ընտրություններին, ցավոք, Հայաստանի ամենալավ ընտրությունները առաջին նախագահական ընտրություններն էին»։


Աննա Սաղաբալյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG