Մատչելիության հղումներ

logo-print
Ընդդիմության այսօր Մատենադարանի մոտ անցկացրած հանրահավաքը թեեւ նախորդների պես բազմամարդ չէր, այդուհանդերձ Ստեփան Դեմիրճյանի բազմահազար կողմնակիցները ցույց տվեցին, որ ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հիասթափված լինելով հանդերձ, հուսահատված չեն:

«Նոր է սկսվում պայքարը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը: - «Պիտի պայքարենք մինչեւ հաղթանակ»:

Մոտ երկու ժամ շարունակված հանրահավաքում, ինչպես եւ սպասվում էր, հիմնականում ընդգծվում ու կրկնվում էր՝ «չենք ճանաչում ընտրությունների արդյունքները», «պահաջում ենք դրանք անվավեր ճանաչել»:

Ստեփան Դեմիրճյանը հարթակում մի խումբ լրագրողների ասաց, որ չի ընդունում ԿԸՀ-ի կողմից հրապարակվող տվյալները, որովհետեւ կազմակերպված ձեւով լուրջ կեղծիքներ են կատարվել:

«Այսօր մենք պահանջում ենք անվավեր ճանաչել ընտրությունները: Դրա համար մենք շատ նյութեր ունենք», - ասաց ՀԺԿ նախագահը՝ ավելացնելով, թե հավանաբար առաջին հերթին կդիմեն Սահմանադրական դատարան:

Նրա բնորոշմամբ, ընտրություններն անցել են ահաբեկչության մթնոլորտում: Հարցին, թե Լեռնային Ղարաբաղից Երեւան տեղափոխված զինված ուժերի ջոկատները որքանո՞վ են անհանգստացնում ընդդիմությանը, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. - «Համոզված եմ, որ մեր զինված ուժերը ժողովրդի դեմ երբեք չեն գնա»: Նա կրկին պնդեց, որ ընդդիմությունը գործել է եւ գործելու է սահմանադրական ճանապարհով:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Դեմիրճյանը ասաց, թե ընտակեղծիքների վերաբերյալ փաստերը, բողոքները ներկայացնում են ԿԸՀ, բայց վերջինս չի ընդունում դրանք:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը հանրահավաքում հրապարակեց Ստեփան Դեմիրճյանին սատարող 15 կուսակցությունների համատեղ հայտարարությունը:


«Չենք ճանաչում ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով, որ ընտրությունների քողի տակ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, եւ օրենքից դուրս գործող վարչախումը իրավունք չունի հանդես գալ Հայաստանի եւ նրա քաղաքացիների անունից», - ասված է հայտարարության մեջ: Այն ստորագրած քաղաքական ու հասարակական ուժերը ԿԸՀ-ից պահանջում են ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել ու հայտարարում են, որ մինչեւ նոր ընտրությունների անցկացումը պայքարելու են հանուն մարդկանց իրավունքների պաշտպանության:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի որակման, թե «ընդդիմությունը յոթ երգ գիտի, յոթն էլ խախտումների մասին», ասաց. - «Դու մեկը գիտես, էդ մեկն էլ աթոռի մասին է»:

«Մենք ամեն օր հավաքվելու ենք», - շարունակեց Արամ Սարգսյանը: - «Մենք ընդդիմության եւ ժողովրդի համախմբվածությամբ պիտի հասնենք երկու-երեք օրվա մեջ գործող իշխանության հրաժարականին»:

Հանրահավաքի իր ելույթում Ստեփան Դեմիրճյանը ասաց. - «Ես շատ բարձր եմ գնահատում այն մարդկանց ջանքերը, ովքեր այդ ահաբեկչության մթնոլորտում պայքարել են հանուն արդարության: Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ իշխանությունները ղեկավարվում են «Իշխանություն ամեն գնով» կարգախոսով, որը կործանարար է մեր երկրի համար»:

Ստեփան Դեմիրճյանը հավաքվածներին կոչ արեց չվհատվել եւ չընկրկել: «Մյուս թեկնածում չի հաղթել, որովհետեւ սեփական ժողովրդին չեն հաղթում», - ասաց նա: - «Ես վճռականորեն շարունակելու եմ պայքարը Հայաստանում արդարություն հաստատելու համար»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG