Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարները հերքում եմ, թե Նաղդալյանի սպանության գործով ձերբակալվածների թվում կան իրենց կողմնակիցներ


Հերքելով տարաբնույթ լուրերը Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության համար երեկ ձերբակալվածների ինքնության վերաբերյալ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներ Ալբերտ Բազեյանը եւ Արամ Սարգսյանը միանշանակ հայտարարեցին, թե ո'չ «Հանրապետություն» կուսակցությունից, ոչ երկրապահներից ձերբակալվածներ չկան:

«Մեր շարքերից որեւէ մեկը չի կարող կապված լինել Տիգրան Նաղդալյանի սպանության հետ», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալբերտ Բազեյանը: - «Եթե հայտարարել են, որ բացահայտել են, թող հայտարարեն նաեւ դրդապատճառներն ու ովքեր են հանցագործները: Կես ճշմարտություն թող չասվի հասարակությանը»:

«Իմ մերձավորներից որեւէ մեկը ձերբակալված չէ», - ասաց Արամ Սարգսյանը՝ ի պատասխան լուրերի, թե իբր հետախուզման մեջ է նաեւ իր մերձավորներից մեկը: - «Դրանք լոկ բամբասանքներ են»:

Ալբերտ Բազեյանի համար «ուղղակի անհասկանալի է», թե անցած տարեվերջին կատարված սպանության բացահայտման մասին ինչու հայտարարվեց հենց ընտրություններին օրը:

Արամ Սարգսյանը որեւէ միտում չի տեսնում: «Եթե մարդիկ երեկ են բացահայտել գործը, անկախ նրանից ընտրություն է, թե ոչ, պիտի հայտարարեին», - ասաց նա: Ավելին՝ Սարգսյանը պատրաստականություն հայտնեց աջակցել նախաքննության մարմնին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով երեկ ձերբակալված վեց անձանց ինքնության մասին որեւէ տեղեկություն առայժմ չեն տրամադրում ո'չ ոստիկանության եւ ո'չ էլ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունները: Հիմնավորումը քննության շահերն են եւ հատկապես այն, որ հետախուզության մեջ են գտվում եւս մի քանի մարդ:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանը միայն ավելացրեց, որ այսօր ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք կառաջադրվի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Այնուամնեյանիվ, չի բացառվում, որ առաջիկա օրերին մեղադրյալների անունները հրապարակվեն:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG