Մատչելիության հղումներ

logo-print
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մարտի 5-ին մասնակցել է շուրջ 1 միլիոն 500 հազար մարդ: Ըստ անցած գիշերվա ընթացքում պարբերաբար հրապարակվող տվյալների, Ռոբերտ Քոչարյան օգտին են քվեարկել ընտրողների շուրջ 70 տոկոսը, Ստեփան Դեմիրճյանը ստացել է ընտրողների մոտ 30 տոկոսի վստահության քվեն: Վերջինիս կողմնակիցները պնդում են, որ ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով:

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբում գիշերը հրավիրված ասուլիսում իրավաբան Վարդան Պողոսյանը ընտրությունների ամփոփումն այսպես գնահատեց. - «Արդյունքների ամփոփման գործընթացը անցնում է նույնպիսի հանցավոր իրավախախտումներով, ինչպես քվեարկության գործընթացը»:

Նա հայտնեց, որ արդյունքները ամփոփելու ժամանակ ընտրատեղամասերից դուրս են հանել Ստեփան Դեմիրճյանի բազմաթիվ վստահված անձանց ու հանձնաժողովներում ընդդիմությունը ներկայացնող անդամներին:

«Այս ամենը մեզ թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի կողմից իշխանության բռնազավթման անթանքույց փորձ», - հայտարարեց Վարդան Պողոսյանը: - «Եվ այն արդյունքները, որոնք սկսել են հրապարակվել որեւէ առնչություն չունեն իրական արդյունքների հետ»:

Նրա խոսքերով, այն տեղամասերում, որտեղ չեն կարողացել կեղծիքներ կատարել եւ հաշվառման ժամանակ Ստեփան Դեմիրճյանն է առաջինը եղել, հանձնաժողովների նախագահները պարզապես դադարեցրել են քվեաթերթիկների հաշվառումը: Շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը, մամուլի հարցերով պատասխանատու Ռուզան Խաչատրյանը նույնպես ընտրախախտումների, իրենց վստահված անձնանց նկատմամբ կիրառված բռնությունների բազմաթիվ փաստեր նշեցին:

«Ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է Ռոբերտ Քոչարյանի եւ էս վարչակազմի վրա», - իր քաղաքական գնահատականը անցած քվեարկությանը տվեց ՀԺԿ-ի քաղխորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը: - «Կեղծիքը, որ արվեց, ծածկել չի հաջողվել: Մենք էդ մասին չենք լռել եւ չենք լռելու»:

Կասկածի տակ առնվեց նաեւ քվեարկությանը մասնակցած ընտրողների պաշտոնական թիվը՝ 1 միլիոն 500 հազար մարդ: Յուրաքանչյուր տեղամասում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք նույնպես գրանցում էին, թե քանի մարդ մտավ ընտրատարածք, եւ, ըստ այդ տվյալների, քվեարկության մասնակիցների թիվը 1 միլիոն 100 հազար է: «Այսինքն, մոտավորապես 450 հազարի այս տարբերությունը իրենց համար պահել են», - ասաց Ռուզան Խաչատրյանը:

«Անկախ ընտրությունների արդյունքներից, մենք գտնում ենք, որ ընտրությունները անցել են ոչ արդար եւ ազատ», - հայտարարեց Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը:

«ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցավ իշխանությունների կողմից նախապես ծրագրված զանգվածային կեղծիքներով եւ օրինախախտումներով, ինչպես նաեւ ահաբեկչություններով ու բռնություններով», - ասվում է Ստեփան Դեմիրճյանի՝ ավելի ուշ տարածված հայտարարության մեջ: - «Ակնհայտ է, որ այդպիսի ընտրությունների հրապարակված եւ հրապարվելիք արդյունքները որեւէ առնչություն չունեն ժողովրդի կողմից կատարված ընտրության հետ»:

Նախագահի թեկնածուն շնորհակալություն է հայտնում ընտրողներին քաղաքացիական ակտիվության համար՝ «բոլոր նրանց, ովքեր ահաբեկչության մթնոլորտում պայքարել են հանուն արդար ընտրությունների»:

Ստեփան Դեմիրճյանը կոչ է անում չվհատվել. - «Ես շարունակելու եմ պայքարել հանուն արդարության հաղթանակի»:

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պատասխանատու Վահագն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «բավարար» են գնահատում ընտրությունների ընթացքը: Մկրտչյանը նաեւ ընդդիմությանը մեղադրեց «նոր տեխնոլոգիա» բանեցնելու մեջ: «Դեռեւս վաղ առավոտվանից սկսվեց ապատեղեկատվության հոսք, որի նպատակն էր վարկաբեկել ընտրական գործընթացը Հայստանում», - ասաց նա:

Քվեարկության ավարտից հետո, ժամը 23-ի սահմաններում Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտարարեց, թե բացահայտվել է Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Ձերբակալվել են սպանության անմիջական կատարողները, մյուս մասնակիցները: Առգրավվել է «ՏՏ» մակնիշի ատրճանակը, եւ դատաձգաբանական փորձաքնությունը արդեն եզրակացություն է տվել, որ 2003-ի դեկտեմբերի 28-ին Տիգրան Նաղդալյանը սպանվել է հենց այդ ատրճանակից:

Անուններ դեռեւս չեն տրվում, ինչպես բացատրվեց՝ գործի շահերից ելնելով: Ըստ հաղորդագրության, սպանությանը այլ մարդիկ էլ են առնչվում, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


Հրաչ Մելքումյան, Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG