Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդի նոր հայտարարությունը քվեարկության նախօրեին


Եվրոպայի խորհուրդը երեկ ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ կոչ է արել կանխել փետրվարի 19-ի քվեարկության ընթացքում տեղ գտած օրինախախտումների կրկնությունը: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ասել է, որ պաշտոնական Երեւանը լուրջ է վերաբերում այդ քննադատությանը:

«Առաջին փուլի ընթացքում եւ դրանից հետո տեղ գտած միջադեպերի կրկնությունը կնշանակի կորսված ընտրություններ բոլորի համար՝ անկախ արդյունքներից», - ասված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հայտարարության մեջ:

«Կարող է մի քիչ չափազանցված է ասվել, բայց յուրաքանչյուր ընտրություն իսկապես մեզ համար մեծ առիթ է եւ հնարավորություն, որ մենք աշխարհին ցույց տանք, որ ժողովրդավարությունը մեզ մոտ առավել ամրագրվել է», - այս առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - «Այդ առումով առաջին փուլը հնարավորություն չտվեց դա անելու, բայց, կարծում եմ, որ այսօր մենք լուրջ հնարավորություն ունենք, որ կարողանանք աշխարհին ցույց տալ, որ ոչ միայն երկրորդ փուլ ենք գնացել ընտրության արդյունքների հիման վրա, այլեւ կարողացել ենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնել»:

Ինչ վերաբերում է երկրորդ փուլի արդյունքին, Օսկանյանը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի: «Համազգային խնդիր է կանգնել մեր առաջ, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ որեւէ շահարկման չգնանք, եւ իսկապես արդյունքները լինեն այն, ինչ որ ժողովուրդն է ցանկանում»:

Շվիմերը հորդորել է ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը ելնել փաստից, որ «այն, ինչ երկրին պետք է այսօր, դա ազատ ընտրություններն են, որ ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար՝ որպես արդար եւ օրինական»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը Հայաստանում ծավալել են ամենամեծ միջազգային դիտորդական առաքելությունը: Առաջին փուլի քվեարկությունից հետո հրապարակած համատեղ հայտարարությամբ առաքելությունը նշել էր, որ քվեարկությունը չէր համապատասխանել միջազգային չափորոշիչներին:

Լորդ Ռասսել Ջոնսթոնը, որը Եվրախորհրդի դիտորդական առաքելություններն է ղեկավարել նաեւ նախկինում՝ Հայաստանի թե' 1998-֊ի նախագահական, թե' 1999֊-ի խորհրդարանական ընտրություններում, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր նախ խորը ափսոսանք հայտնեց, որ քվեարկության առաջին փուլում խախտումներ են եղել, ապա համաձայնեց Վալտեր Շվիմերի բնորոշման հետ, թե քվեարկության առաջին փուլով եվրոպական համայնքի վստահությունը շահելու հնարավորությունը Հայաստանը բաց թողեց: Ջոնսթոնը հույս հայտնեց, թե երկրորդ փուլում նույնը չի կրկնվի:

«Եթե առաջին փուլի համեմատ երկրորդ փուլում բարելավում չլինի, արդյո՞ք Հայաստանը բարդ իրավիճակի մեջ կհայտնվի Եվրախորհրդում» հարցին լորդ Ջոնսթոնը պատասխանեց. - «Դա մեզ հիասթափություն կպատճառի, քանի որ երկրի զգալի հատվածում ընտրությունները բավական լավ էին կազմակերպված»:

Հայտարարության մեջ Վալտեր Շվիմերը նաեւ կոչ է արել իշխանություններին ազատ արձակել վերջին տասը օրերի ընթացքում կալանված ընդդիմության ակտիվիստներին, «ձեռնպահ մնալ լրատվամիջոցների աշխատանքին միջամտելուց եւ պատշաճ հարգանքով վերաբերել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին»:

«Քվեարկության արդյունքների պատշաճ հաշվարկումը եւ արագ ու լիակատար թափանցիկությունը մեծ քայլ կլինի Հայաստանի՝ ժողովրդավարական կանոնները հարգելու կամեցողության նկատմամբ հավատը վերականգնելու ուղղությամբ», - ասել է Շվիմերը:


Էմիլ Դանիելյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG