Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը այսօր առավոտյան ժամը 8-ից սկսվել է Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին վստահեցնում է, թե կանխվելու են օրինախախտումները, իսկ նրա մրցակիցը՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտնում է, թե իր վստահված անձինք արդեն ահազանգել են երկրի տարբեր մարզերում տեղ գտած «խախտումների» մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով, քվեարկության առաջին ժամերին ավելի քան 100 հազար մարդ կատարել էր իր ընտրությունը:

Քվեարկությանը մասնակցելուց հետո գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց «ազատ, արդար ու թափանցիկ» ընտրություններ անցկացնելու իր հանձնառությունը: «Կարծում եմ, որ եթե երկրորդ փուլ չլիներ, մենք պիտի հնարեինք այն», - սեփական հաղթանակի նկատմամբ վստահությունը վերահաստատելով ասաց գործող նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի՝ «Եթե որեւէ տեղամասում խախտում լինի, հանձնաժողովի անդամները կպատժվեն» հարցին Քոչարյանը պատասխանեց. - «Պատժողը դատախազությունն է, նախագահը չէ: Պետք է ընդունված կարգով դիմել դատախազություն, եւ ամեն ինչը իր օրինական շարունակությունն է ունենալու»:

Ստեփան Դեմիրճյանը, մինչդեռ, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո ահազանգ հնչեցրեց, որ մինչեւ քվեարկությունը սկսվելը արդեն հազարավոր քվեաթերթիկներ են պատրաստվել հօգուտ Քոչարյանի:

Ընդդիմությանը աջակցող երկու օրաթերթ այսօրվա համարի առաջին էջերում տպագրել են հարյուրավոր այդպիսի քվեաթերթիկների լուսանկարներ: Այդ քվերաթերթիկները, ըստ թերթերի, ուղարկվել են միջազգային դիտորդական առաքելություններին:

Դեմիրճյանը գործող իշխանությանը մեղադրեց նաեւ ամբողջ Հայաստանում իրենց բազմաթիվ ակտիվիստներին ընտրական հանձնաժողովներից դուրս մղելու մեջ: Ավելի վաղ ՀԺԿ առաջնորդը ասել էր, որ համոզիչ հաղթանակ կտոնի ամենուր՝ «եթե ընտրություններն անցնեն ազատ ու արդար»:


Էմիլ Դանիելյան, Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG