Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարները այցելում են ԿԸՀ երկրորդ փուլի քվեարկության նախօրեին


Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) այցելել ու հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի հետ հանդիպել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, լորդ Ռասսել Ջոնսթոնը եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը:

Առաջին փուլի քվեարկությունից անմիջապես հետո՝ փետրվարի 20-ին այդ երկու միջազգային դիտորդական առաքելությունները տարածել էին համատեղ հայտարարություն, որում նշվում էր, թե «լուրջ խախտումների առկայությունը հնարավորություն չի տալիս գնահատել գործընթացը իբրեւ դրական»:

Ռասսել Ջոնսթոնի հետ բավականին երկարատեւ հանդիպումից հետո ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը լրագրողներին ասաց, թե լորդը որեւէ կեղծիք չի տեսել եւ ամեն ինչ նորմալ է: «Դրական արձանագրվեց ընտրությունների կազմակերպումը, ընտրությունների ողջ օրվա ընթացքը: Ոչ մի խախտում չի արձանագրվել լորդի պատվիրակության կողմից», - լրագրողներին ասաց Սահրադյանը՝ ավելացնելով. - «Սակայն դրա հետ միասին մտահոգություն արտահայտեց ընտրություններից հետո տեղի ունեցած ձայների հաշվարկի ժամանակ որոշ տեղամասերում տեղի ունեցած դեպքերի հետ կապված»:

«Քննարկում ընթացավ դիտորդների կողմից ընտրության օրը նկատված օրինախախտումների մասին», - լրագրողներին իր հերթին ասաց Ռասսել Ջոնսթոնը: - «Խոսքը քվեների հաշվառման պահերին ու քվեատուփերի լցոնման դեպքերին է վերաբերում»:

Ջոնսթոնի խոսքերով, Արտակ Սահրադյանը իրեն տեղեկացրել է, որ այդ գործերով ներկայումս զբաղվում են իրավապահ մարմինները:

«Բոլորը պետք է հանձնառեն անցկացնել ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություն՝ առանց ահաբեկության եւ խաբեության», - ասաց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավարը՝ հույս հայտնելով, թե այդպես էլ լինելու է:

Նա դժվարացավ անմիջապես պատասխանել հարցին, թե արդյոք եղած խախտումները կարո՞ղ էին ազդել ընտրությունների առաջին փուլի արդյունքների վրա. - «Այդպիսի գնահատական տալը որեւէ ճշգրտությամբ այնքան դժվար է, որ ես նույնիսկ չեմ էլ փորձի»:

Պատասխանելով ընդդիմության հանրահավաքներին ու երթերին հետեւած ձերբակալություններին վերաբերող հարցին, Ջոնսթոնը պատասխանեց, թե օտարերկրյա դիտորդի համար երբեմն շատ դժվար է գնահատել ու ստույգ որոշել, թե արդյո՞ք այդ հանրահավաքներն ու երթերը իսկապես սպառնալիք են հանդիսացել: Իր տպավորությամբ, հանրահավաքները բավականին լավ կազմակերպված են եղել:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ հանդիպումից հետո Արտակ Սահրադյանը լրագրողներին ասաց, թե «դրական է գնահատվել համագործակցությունը»:

«Բոլոր հարցերով չի, որ համաձայնություն կա», - լրագրողներին ասաց Այքերը: - «Բայց որոշ հարցերով համաձայնություն կա»: Պիտեր Այքերը տեղեկացրեց, որ երկրորդ փուլից հետո իրենց եզրակացությունների վերաբերյալ նախնական հայտարարությունը կհրապարակեն հինգշաբթի օրը:

ԿԸՀ-ում Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) ներկայացնող Պավել Էդիգարյանը այսօր մտահոգություն հայտնեց ընտրական հանձնաժողովների կազմերում տեղի ունեցող փոփոխությունների կապակցությամբ:

«Որոշակի տեղերում հանձնաժողովների մեր անդամներին օրենքի խախտումներով հեռացրել են հանձնաժողովի անդամի պարտականություններից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եդիգարյանը՝ որպես օրինակ բերելով, որ թիվ 27 ընտրատարածքի 0726 հանձնաժողովի նախագահին (ԱԺՄ անդամ) հանձնաժողովի վեց անդամները «գործից հանել են»: - «Նիստ են արել եւ անվստահություն են հայտնել՝ օրենքի կոպիտ խախտումներով: Եվ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն էլ հաստատել է անօրինական որոշումը»:

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբում էլ շարունակում են օրենքը կոպտորեն խախտելու դեպքեր արձանագրել ընտրատեղամասային հանձնաժողովների ձեւավորման ընթացքում:

«Իշխանությունները այսօր փորձում են արհեստական եղանակով, օրենքի կոպիտ ոտնահարումով ընտրական հանձնաժողովներից դուրս հանել նաեւ քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք ունեցող հանձնաժողովի անդամներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց իրավաբան Հրայր Թովմասյանը: - «Այսօր, երբ ընթանում են քվեաթերթիկները ստորագրելու, քվեարկությանը նախապատրաստվելու աշխատանքները, ԱԺՄ-ի, Կոմկուսի, ՍԻՄ-ի անդամներին պարզապես դուրս են հրավիրում այդ աշխատանքներից: Եվ արդեն իսկ իշխանությունների կողմից վտանգի տակ է դրվում ընտրությունների հրապարակայնությունն ու թափանցիկությունը»:

«10-րդ ընտրատարածքից 12 հանձնաժողովի անդամների հնարավորություն չեն տվել մասնակցել աշխատանքներին եւ պարզապես դուրս են հրավիրել», - ասաց Թովմասյանը:

Տեղամասային հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչների լիազորությունները դադարեցնելու փաստեր արձանագրվել են Երեւանի գրեթե բոլոր համայնքներում: Երեկ արդեն Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Աշոտ Սարգսյանը դիմել էր ԿԸՀ: Շտաբի պատասխանատուների պնդմամբ, իրենք պատրաստ են դիմել ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին:


Շաքե Ավոյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG