Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը թուլացրել է լարվածությունը


Երեկ հայաստանյան 6 հեռուստաընկերություններով ուղիղ եթերում հեռարձակված հեռուստաբանավեճը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի միջեւ հսկայական լսարան է ունեցել՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական դրությունից:

Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ աննախադեպ այդ հեռուստաբանավեճը իրոք պատմական իրադարձություն էր եւ, որ պակաս կարեւոր չէ՝ լավ նախադեպ:

Մայրաքաղաքի փողոցներում մարդկանց հետ զրույցներից կարելի է հանգել հետեւության, որ բանավեճը շոշափելիորեն չի ազդել նրանց ընտրության վրա. յուրաքանչյուրը հավանել է իր նախընտրած թեկնածուի բանավիճային կեցվածքը եւ հենց նրան էլ վերագրում է հաղթողի դափնիները:

Նկատելի է նաեւ մեկ այլ տրամադրություն. երկու մրցակիցների՝ սեղանի շուրջ նստելը նկատելիորեն թուլացրել է լարվածությունը:

«Երկու թեկնածուների հանդիպումը լարվածությունը ինչ-որ չափով մեղմացրեց», - ասաց Կենտրոն համայքի բնակիչ Վարդանը: - «Մնացածը արդեն կախված է նրանից, թե ոնց կկայանան ընտրությունները»:

Ինժեներ Գեւորգ Կարախանյանը կարեւոր է համարում ընտրությունների արդար անցկացումը. - «Ես կուզեի, որ անկախ նրանից, թե ով կընտրվի, ժողովրդի կողմից ընտրվի եւ օրինական ընտրվի: Լինի մաքուր եւ արդար ընտրություն»:

Վաղը, ամենայն հավանականությամբ, կգրանցվի ընտրողների բարձր ակտիվություն, քանի որ, չնչին բացառություններով, բոլոր հարցվածները ասում էին, որ անպայման մասնակցելու են քվեարկությանը: Չկողմնորոշվածներ գրեթե չկան: Մի քանի տասնյակ մարդկանցից միայն մեկը՝ Շենգավիթ համայնքի բնակիչ Հազարապետը ասաց. - «Ոչ մեկին չեմ վստահում, անվստահության մոլուցք ունեմ»:

Արաբկիր համայնքի բնակիչ Վահանի կարծիքով, իրավիճակը հեղափոխական է: «Եթե երկրորդ փուլը նորից կեղծեն, իսկ ես չեմ կասկածում, որ կկեղծեն, դրանից հետո հնարավոր է, որ իսկապես հեղափոխական իրավիճակ լինի»:

Մարդկանց մեծամասնության խոսքերով, սակայն, իրավիճակը երկրորդ փուլի քվեարկության նախօրեին նորմալ է: «Վաղվա ընտրությունների համար մարդիկ ավելի են նախապատրաստված, որ մինիմումի հասցնեն [խախտումները]», - «Ազատություն ռադիոկայանին ասաց Մելս Գուլյանը:


Ռուզաննա Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG