Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանը աշխարհի 100 մեծահարուստների թվում է


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը այս տարի էլ աշխարհի 100 ամերահարուստ մարդկանց թվում է, սակայն նրա հարստությունն էապես նվազել է: «Ֆորբս» ամերիկյան ամսագրի վերջին համարում տպագրված աշխարհի 500 մեծահարուստների ցուցակում Քըրքորյանն այս տարի 97-րդ տեղում է՝ 3 միլիարդ 400 միլիոն ունեցվածքով: Անցած տարի նա 44-րդ տեղում էր եւ ուներ 5 միլիարդ 800 միլիոն:

Այս էական կորուստը «Ֆորբս»-ի վկայությամբ, հետեւանք է այն բանի, որ մեկ տարվա ընթացքում Քըըք Քըրքորյանին պատկանող «Մեթրո Գոլդվին Մայեր» կինոստուդիայի արժեթղթերի գինն ընկել է 40 տոկոսով: «Մեթրո Գոլդվին Մայեր»-ը հույս ունի, որ Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմը բավական մեծ եկամուտ կբերի, եւ վիճակը կբարելավվի:

Բացի այդ, Քըրքորյանը 13 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել «Դայմլեր-Կրայսլեր» ավտոհսկային՝ պնդելով, որ ժամանակին «Դայմլեր-Բենց» ընկերությունը խաբել է «Կրայսլեր»-ի բաժնետերերին՝ ասելով, թե ամերիկյան եւ գերմանական ընկերությունների միաձուլման հետեւանքով երկուսն էլ հավասար իրավունքներ կունենան: Մինչդեռ իրականում «Դայմլեր»-ը պարզապես կլանել է «Կրայսլեր»-ին, որի ամենամեծ բաժնետերը Քըրքորյանի «Տրացինդա» ընկերությունն էր: Սպասվում է, որ դատավարությունը կսկսվի մայիսին:

Միաժամանակ Քըրքորյանի երրորդ նախկին կինը՝ Լիզան շարունակում է հսկայական գումար պահանջել իր երեքամյա դստերը պահելու համար: Նա պնդում է, որ երեխայի մարդավայել կյանքն ապահովելու համար անհրաժեշտ է տարեկան 3 միլիոն 800 հազար դոլար, այսինքն ամսական 300 հազարից ավելի: 85-ամյա Քըրքորյանն ընդհանրապես ժխտում է, որ 3-ամյա Կիրան իր դուստրն է եւ, ի դեպ, ներկայացրել է իր խոսքերը հավաստող ԴՆԹ-ի ստուգման արդյունքները:

Քըրքորյանը, մտերիմների վկայությամբ, հեշտ տեղի տվող անձնավորություն չէ: 8-րդ դասարանում դուրս է մնացել դպրոցից, երեկոները բռնցքամարտով է զբաղվել փող վաստակելու համար: 23 տարեկանում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գնացել է Կանադա եւ ռազմական ինքնաթիռներ է տեղափոխել Շոտլանդիա: Թռիչքներն օվկիանոսի վրայով վտանգավոր էին, եւ օդաչուներին լավ էին վճարում՝ 1000 դոլար մի թռիչքի համար, ինչն այն ժամանակ բավական մեծ գումար էր: Քըրքորյանը օվկիանոսի վրայով անվթար տեղափոխել է 33 օդանավ:

Կուտակած փողով նա մի ինքնաթիռ է գնել ու սկսել իր բիզնեսը՝ խաղամոլներին Լոս Անջելեսից տեղափոխում էր Լաս Վեգաս: Գործն այնքան հաջող էր, որ 23 տարի անց նա 85 միլիոն դոլարով այն վաճառեց ամերիկյան ավիաընկերություններից մեկին: Հետո Քըրքորյանը ինքն էլ մտել է խաղային եւ հյուրանոցային բիզնես:
Նեւադայի համալսարանի պրոֆեսոր Բիլ Թոմփսոնը կանադական թերթերից մեկին այս տարի ասել է. - «Երբ խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր վերափոխեցին խաղային ու հյուրանոցային բիզնեսը, մեր հայացքը պետք է ուղղենք Քըրք Քըրքորյանին»:

Քըրքորյանը միակ մեծահարուստը չէ, որը կորուստներ է ունեցել վերջին տարվա ընթացքում: Աշխարհի մեծահարուստների ճնշող մեծամասնության կարողությունները նվազել են: «Մայքրոսոֆթ»-ի ղեկավար Բիլ Գեյթսը, որն արդեն իններորդ տարին է, ինչ գլխավորում է աշխարհի մեծահարուստների ցուցակը, կորցրել է իր հարստության գրեթե մեկ քառորը եւ հիմա ունի 4Օ միլիարդ դոլար: Մի քանի տարի առաջ, մինչդեռ, այդ թիվը հասնում էր 6Օ միլիարդի:

«Ֆորբս»-ը հրապարակել է նաեւ երկրների մեծահարուստ ղեկավարների ցուցակը: Սադդամ Հուսեյնը, օրինակ, ունի 2 միլիարդ դոլար, Յասիր Արաֆաթը՝ 300 միլիոն, իսկ Ֆիդել Կաստրոն՝ 110 միլիոն:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG