Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյանը հայտարարում է, որ մասնակցելու է երկրորդ փուլին


Ընդդիմության այսօրվա բազմահազարանոց հանրահավաքում, որը անցկացվեց մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում միանշանակ հայտարարվեց, որ Ստեփան Դեմիրճանը մասնակցելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

«Մենք պետք է գնանք ընտրությունների: Երկրորդ փուլ չգնալը կնշանակեր նահանջ արդարություն հաստատելու պայքարում», - հանրահավաքում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ , նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: - «Գնալու ենք, չնայած գիտեն, որ նորից խախտումներ կլինեն: Եվ եթե ես գնում եմ երկրորդ փուլ, դա չի նշանակում, որ ես ընդունում եմ առաջին փուլի արդյունքները»:

Դեմիրճյանը ասաց, որ ընդդիմության բոլոր պահանջները (պատժել ընտրակեղծիքներ իրականացնողներին, ազատ արձակել նախորդ հանրահավաքներից հետո ձերբակալվածներին եւ այլ) մնում են ուժի մեջ:

«Ես վստահ եմ իմ հաղթանակում՝ ինչպես բանավեճում, այնպես էլ ընտրություններում», - հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: - «Որովհետեւ իրենք էլ շատ լավ գիտեն, որ արդար ընտրությունների դեպքում կրելու են ջախջախիչ պարտություն: Մարտի 5-ին մենք ընտրություն ենք կատարելու ժողովրդավարության հաստատման եւ խունտայի վերարտադրության միջեւ»:

«Ձեզանից, ձեր կամքի դրսեւորումից է կախված մեր երկրի ճակատագիրը: Համախմբված ժողովուրդը հաղթանակելու է», - քվեարկությունից առաջ վերջին հանրահավաքում իր ելույթն ավարտեց Ստեփան Դեմիրճյանը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանը իր ելույթում ասաց, թե երկրորդ փուլում հաղթելու հնարավորությունները ավելի մեծ են: Նախկին վարչապետը հիշեցրեց, որ մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ երկրապահներին կոչ արեց այդ օրը հավաքվել ընտրատեղամասերում եւ դիմագրավել այն բոլոր մարդկանց, ովքեր «կփորձեն խուլիգանություն ու լկտիություն անել»:

«Տեր պետք է կանգնել մեր ժողովրդի քվեին, որովհետեւ այս քվեից է կախված երկրի ապագան», - իր ելույթն ավարտեց Վազգեն Սարգսյանի եղբայրը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հրապարակեց Երկրապահ կամավորականների միության Երեւանի եւ մի շարք մարզերի տարածքային կազմակերպությունների համատեղ հայտարարությունը:

«Օրենքի պահանջներից որեւէ շեղում, ցանկացած կեզծիք եւ բռնության փորձ գնահատվելու է հարված մեր պետական եւ ազգային շահերին», - ասված է հայտարարության մեջ: - «Մարտի 5-ին մենք վճռականորեն տեր ենք կանգնելու ժողովրդի՝ ազատ ընտրություն կատարելու իրավունքին»:

«Մի ճանապարհ կա, որ ցնցում չլինի Հայաստանում՝ եթե ընտրվի ժողովրդի կողմից նախագահ», - ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: - «Ռոբերտ Քոչարյանը այդ շանսը չունի: Այդ շանսը այժմ ունի Ստեփան Դեմիրճյանը»:

Հանրահավաքականները գրեթե լցրել էին մայրաքաղաքի կենտրոնական՝ Հանրապետության հրապարակը: Հարակից Մելիք-Ադամյան փողոցում ավտոբուսների մեջ սպասող ներքին զորքերի ծառայողները այդպես էլ միջամտելու առիթ չունեցան. հանրահավաքն անցավ առանց միջադեպերի:

Հանրահավաքի մասնակիցներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե այն, որ միաժամանակ անցկացվող երկու հանրահավաքներում (Մատենադարի մոտ նույն ժամին ընթանում էր գործող նախագահին աջակցող ուժերի հրավիրած հանրահավաքը) անարդար անցած առաջին փուլի հետեւանք է:

ՈՒշ երեկոյան Հանրահային հեռուստատեսության ուղիղ եթերում, այնուամենայնիվ, տեղի ունեցավ նախագահի երկու թեկնածուների հեռուստաբանավեճը, որի մասին ավելի մանրամասն մեր ընթերցողներին կպատմենք վաղը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG