Մատչելիության հղումներ

Ռոքերները դեմ են իրաքյան պատերազմին


Bidza Rocker
«Ո'չ իրաքյան պատերազմին» կարգախոսը այսօր միավորում է փոփ-ռոք, ալթերնատիվ ռոք, ռեփ, ռեգգի, անդերգրաունդ, ամենատարբեր այլ ուղղությունների տասնյակ աստղերի՝ Շերիլ Քրոու, "Ար-Ի-Էմ", Դեյվիդ Բիրն, "Սոնիք Յութ", Լու Ռիդ, Ջեյ Զեթ, Նաթալի Իմբրուլիա, Ջորջ Քլինթոն, "Մասսիվ Աթաք", Դեյվիդ Մեթյուս, Միսսի Էլիոթ:

Ռոք-երաժշտության լեզվով պատերազմի դեմ բողոք հայտնելու ավանդույթը տասնամյակների պատմություն ունի: "Սեր, խաղաղություն եւ երաժշտություն" նշանաբանով անցկացվող Վուդսթոքի փառատոնում Ջիմի Հենդրիքսի խենթ կիթառն ամերիկյան օրհներգի գեղեցիկ մեղեդին դարձրել է պատերազմի օրհներգ, որն ուղեկցվում է կործանիչների ոռնոցներով, հրթիռների եւ ռումբերի պայթյուններով: Այդ հանդուգն կատարումով ռոքի անառարկելի արքա Ջիմին ամբողջ ռոք-համայնքի անունից աշխարհին հայտարարել էր, որ երաժիշտներն ատում են Վիետնամի պատերազմը:

Ավելի քան երեք տասնամյակ անց մի նոր պատերազմ է սպառնում աշխարհին: Հիմա մեր օրերի ռոք-աստղերն են աշխարհի մեծամեծերից պահանջում խաղաղ ճանապարհով լուծել Իրաքի խնդիրը: Դժվար թե հաջողվի. պատերազմն ահավոր մեխանիզմ է, այն դանդաղ է գործի դրվում, բայց եթե հրասայլերի թրթուռներն արդեն պտտվում են, հրթիռները բերվում են մարտական վիճակի, ավիակիրները մոտենում են Պարսից ծոցին՝ սարսափազդու մեքենան այլեւս կանգ չի առնի:

Արդիական երաժշտության մի քանի տասնյակ աստղեր ստորագրել են համատեղ հռչակագիր, որ վերանագրված է "Իրաքյան պատերազմը սխալ է, եւ մենք դա գիտենք": Հռչակագիրը ստորագրած աստղերը ստեղծել են միություն, որ կոչվում է "Երաժիշտները հաղթում են առանց պատերազմի": Միության հիմնադիրներն են մենեջեր Ռասսել Սիմոնսը եւ «Թոքինգ Հեդզ» խմբի նախկին ղեկավար Դեյվիդ Բիրնը:

"Թույլ չտանք Բուշին, Չեյնիին եւ Ռամսֆելդին անտեսել խոհեմությունն ու բանականությունը: Զենքի տեսուչները կարող են զինաթափել Սադդամին", - ասված է փետրվարի 26-ին "Նյու Յորք Թայմզ"-ում հրապարակված հռչակագրում: - "Մենք՝ ամենատարբեր ժանրերի երաժիշտներս, զգում ենք, որ պատերազմն անխուսափելի է դառնում: Անկեղծ ասած, ամերիկյան մամուլը եւ կառավարությունը կարողացել են մարդկանց համոզել, որ այն չարյաց փոքրագույնն է այս վիճակում: Մենք չենք սիրում Սադդամին, բայց կարծում ենք, որ ՄԱԿ-ի տեսուչները դեռ չեն ներկայացրել նրա մեղավորության հստակ ապացույցներ: 12 տարի շարունակ Իրաքը ճնշման տակ է, հարյուր հազարավոր խաղաղ մարդիկ չպետք է պատերազմի զոհ դառնան: Սթափվենք, միավորվենք, թող լսեն մեր ձայնը, կանխենք պատերազմը»:

Այս զուտ քաղաքական կոչը ստորագրել է նաեւ «Ար-Ի-Էմ» խմբի առաջատար երգահան ու երգիչ Մայքլ Սթայփը, որը հարցազրույցում ասել է. - «Մենք շատ բարդ խնդրի հետ գործ ունենք, եւ պարզապես ռմբահարելով Իրաքը, խնդիրն է'լ ավելի կբարդացնենք: Վատ վիճակին կփոխարինի վատթարը»:

Հավանական պատերազմի դեմ վերջին նկատելի ակցիան՝ "րեմմի"-ի մրցանակաբաշխությունն էր: Այդ երեկո Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր արդեն»-ում աստղերից մի քանիսը հրապարակավ հայտարարեցին, որ պատերազմը հարկավոր է կանխել:

Պետք է ասել, որ ռոք-աշխարհում հիմա չկա հակապատերազմական հզոր ալիքը, որն առկա էր Վիետնամի պատերազմի տարիներին: Հունվարին Վաշինգթոնում կազմակերպվել էր հակապատերազմական մեծ ցույց, եւ միայն երգչուհի Փաթի Սմիթն էր միացել ցուցարարներին: Անվանի մեկ ուրիշ կատարող՝ առասպելական Ջոան Բաեզը "Լոս Անջելես Թայմս"-ին ասել է, որ մեր օրերին հաստատվել է «վակուում», «երիտասարդությունը հաճախ անտարբերություն է դրսեւորում»:

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ակտիվ չեն երաժիշտները: Շատ հետաքրքիր տեսակետ է հայտնում Բոֆ Ուոլլին «Չամբավամբա» խմբից. - «Միշտ կարեւոր է ընդդիմությունը պետությանն ու կառավարությանը: Դա փոփ-երաժշտության գլխավոր ֆունկցիաներից մեկն է: Այն պահից, երբ հիփ-հոփը դադարեց լինել ապստամբ եւ շարժվեց կապիտալիստական արվետսի մայրուղով՝ բողոքի ձայնը լռեց: Էմինեմը, իհարկե, մեծ ապստամբ է, սակայն նա չի երգում աշխարհի խնդիրների՝ թշվառների, սովյալների, իսկական տառապանքների մասին":

Բիձա Ռոքեր
bidzarocker@hotmail.com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG