Մատչելիության հղումներ

Վարչական կալանքի ենթարկվածներից 48 մարդ ազատ է արձակվել


Ընդդիմության այսօր անցկացրած հերթական բազմահազարանոց հանրահավաքում հայտարարվեց, որ իշխանությունները սկսել են ազատ արձակել նախորդ հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու համար վարչական կալանքի ենթարկված մարդկանց: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանը, մինչեւ 15 օր վարչական կալանքի ենթարկված 86 մարդուց ազատ են արձակվել 48-ը:

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենց կողմակիցների ազատ արձակումը ապօրինի է կատարվել, քանի որ չեն ընդունվել համապատասխան որոշումները: Արա Սաղաթելյանի խոսքերով, մինչդեռ, վերաքննիչ դատարանի նախագահը իրավասու է նման որոշումներ ընդունել եւ օգտվել է այդ իրավասությունից:

Սաղաթելյանը ասաց նաեւ, թե կալանվածներին ազատ արձակելու խնդրանքով Հայաստանի նախագահին եւ վերաքննիչ դատարանի նախագահին դիմել էր Gարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Վարչական տույժերի մասին օրենսգիրքը, որի 180-րդ հոդվածի հիման վրա կալանվել ու պատասխանատվության էին ենթարկվել Ստեփան Դեմիրճյանի աջակիցները, դեռեւս անցած աշնանը քննադատության է ենթարկվել Եվրախորհրդի կողմից, եւ կոչ էր արվել անհապաղ վերանայել այն: Հատուկ կոչ էր արվել վերանայել վարչական կալանքին վերաբերող հոդվածը, իսկ մինչ այդ՝ խուսափել դրա կիրառումից: Ձերբակալվածներին ազատ արձակելու կոչերով Հայաստանի իշխանություններին դիմել էին նաեւ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը եւ Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդավարության ինստիտուտը: Այդ կապակցության իր մտահոգությունն էր բարձրաձայնել նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը:

Ընդդիմությունն այսօր հանրահավաքներ անցկացրեց Վանաձորում եւ Երեւանում: Ականատեսների վկայությամբ, Վանաձորում հանրահավաքի անցկացումը խոչընդոտելու համար, նախապես բեռնատարներով ավազ ու խիճ էին բերել հրապարակ, դրա մատույցներում մետաղյա ձողեր էին եռակցել այնպես, որ բարձրախոսներով ավտոմեքենաները չկարողանան մոտենալ: Հանրահավաքն, այնուամենայնիվ, անցկացվել է՝ թեեւ մեգաֆոնով:

Հայտարարվեց, որ ընդդիմությունը շարունակելու է հանրահավաքները: Վաղը մեկնելու են Գյումրի, իսկ մարտի 3-ի հանրահավաքն անցկացնելու են արդեն Երեւանի կենտրոնական՝ Հանրապետության հրապարակում: Մի քանի անգամ շեշտվեց, որ հենց այդ հանրահավաքում էլ արվելու է վերջնական հայտարարությունը երկրորդ փուլի վերաբերյալ:

«Մենք չենք գալիս հաշվեհարդարների», - հանրահավաքում ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Իմ վրեժը լինելու է հասարակության համախմբումը, մեր երկրի շենացումը եւ բարգավաճումը, ամենօրյա աշխատանքը: Եվ մենք միասին սահմանադրական կարգով հաստատելու ենք օրինականություն: Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ նախագահ»:

Դեմիրճյանը, անդրադառնալով մարտի 5-ին նոր ընտրախախտումները կանխելուն, ասաց, թե վերջին անգամ է զգուշացնում «բոլոր նրանց, ովքեր մտադիր են գնալու կեղծիքների եւ բռնությունների»՝ հայտարարելով, որ նրանք «խստագույնս պատժվելու են»:

«Մենք հետամուտ ենք լինելու, պահանջելու ենք, որպեսզի բոլոր ձերբակալված անձինք ազատվեն եւ վերջ տրվեն քաղաքական հետապնդումներին», - ասաց Դեմիրճյանը: - «Ուժի մեջ է մեր մյուս պահանջը՝ պատժել կեղծարարներին, պատժել բռնություններ իրականացնողներին»:

Ընտրությունների երկրորդ փուլին գնալու մասին ակնարկ կար նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանի ելույթում: «Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ, դրանց իրական արդյունքները պետք է վավերացվեն, եւ մենք համոզված ենք, որ հաղթող է լինելու Ստեփան Կարենի Դեմիրճյանը», - իր ելույթում ասաց նա:

Հանրահավաքից հետո հավաքվածները երթով շարժվեցին դեպի արդարադաությոան նախարարություն՝ պահանջելով ազատ արձակել բոլոր կալանվածներին: Հանրահավաքն ու երթը անցան առանց միջադեպերի:


Հրաչ Մելքումյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG