Մատչելիության հղումներ

logo-print

Հանրահավաքների անցկացումը չեն բացառում նաեւ գործող նախագահի աջակիցները


Նախագահ եւ թեկնածու Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերն ու անհատներն այս օրերին՝ հանրահավաքների ժամանակներն անցած համարելով, այնուամենայնիվ չեն բացառում հանրահավաքների անցկացումը: Գործող նախագահի նախընտրական շտաբի քարոզչության հարցերով պատասխանատու Վահագն Մկրտչյանի ձեւակերպմամբ՝ հարկավոր է տարբերակել «հանրահավաք զուտ ամբոխավարության, անկառավարելիության առում» եւ «հանրահավաք, երբ սատարում են այս կամ այն թեկնածուին»:

Ըստ Մկրտչյանի, առաջին փուլում՝ չնչին բացառություններով, բոլոր թեկնածուներն էլ կարողացել են անարգել հանրահավաքներում հանդիպել ընտրողներին, իսկ երկրորդ փուլում ընդդիմության մարտավարությունը փոխվեց, երբ սկսեցին «սպառնալիքներ տեղալ, ապա հերքեցին, թե նման բաներ են ասել»:

«Իսկ քանի որ մենք պատասխանտվություն ենք կրում հանրահավաքի հրավիրված մարդկանց համար, կարող ենք ընդդիմության հետ պայմանավորվել, որպեսզի բախումներ չլինեն», - «Ազատություն ռաիոկայանին ասաց Վահագն Մկրտչյանը՝ որոշակի պատասխան չտալով իր աջակիցների կազմակերպելիք հանրահավաքներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցել-չմասնակցելուն վերաբերող հարցին:

Մատենադարանի մոտ, մինչդեռ, այսօր կայացավ միայն ընդդիմության հանրահավաքը: Առավոտյան ՀՅԴ բյուրոյի անդամ, Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց. - «Իրավիճակը կարող է մեզ պարտադրել անել այդ հանրահավաքը այսօր կամ որեւէ այլ օր»: Նրա խոսքերով, Դաշնակցությունը միշտ պարտաստ է՝ հանրահավաքի «ցանկացած պահի, ցանկացած վայրում, ցանկացած քանակությամբ»:

Հարցին, թե հանրահավաքի անցկացման մասին նախապես չհայտարարելը արդյո՞ք անվտանգության նկատառումներով է պայմանավորված, Հովհաննիսյանը պատասխանեց, թե՝ «ավելի շատ՝ կրքերը հանգցնելու»:

Վահան Հովհաննիսյանը գործող նախագահին սատարող ուժերի կողմից վստահեցրեց, որ եթե իրենց թեկնածուն երկրորդ փուլում տանուլ տա, ապա կընդունեն պարտությունը: «Ես մեր կողմի վրա վստահ եմ», - ասաց նա: - «Մյուս կողմի վերաբերյալ մի քիչ կասկածներ ունեմ, որովհետեւ մարդիկ շատ ավելի վաղ, քան սկսվեց նախընտրական կամպանիան նախապես հայտարարեցին, որ անհնարին է, որ Քոչարյանը հաղթի»:

«Եթե Ստեփանը [Դեմիրճյանը] ունի 70 տոկոս ձայն, նա մեզ ցույց կտա դա ամսի 5-ին, եւ մենք նրան կշնորհավորենք», - շարունակեց Հովհաննիսյանը: - «Բայց եթե նա դա ցույց չի տա, ուրեմն կնշանակի, որ ամբողջ լաչառությունը կոպեկ չարժեր»:

ՀՅԴ բյուրի անդամը իր կուսակցության անունից վստահեցրեց, որ ընտրություններից հետո իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի իրոք խախտումներ թույլ տված մարդիկ պատասխանատվության կանչվեն՝ անկախ պաշտոնից ու ճամբարից: Նա չհամաձայնեց, թե առաջին փուլից հետո դա չի արվում: «Արեցինք, եւ հիմա քննություն է գնում», - ասաց Հովհաննիսյանը՝ որեւէ պաշտոնյայի անուն չտալը փաստարկելով, թե՝ ինքը անձամբ քննությամբ չի զբաղվում:

«Այո, ժողովրդի մի մասը նույնիսկ կարող է ընդվզել», - շեշտեց Վահան Հովհաննիսյանը: - «Բայց մենք պիտի սովորենք դեմոկրատիայի կանոնները, որ մեծամասնությունն է ի վերջո հաղթողը լինում: Դուք կարող եք հավաքել 400 հազար ձայն, դա Հայաստանի համար հսկայական թիվ է: Բայց, եթե դիմացինը 700 հազար ձայն է հավաքել, դուք բարոյական իրավունք չունեք այն 400 հազարի անհնազանդությունը հրահրելու»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG