Մատչելիության հղումներ

Քոչարյանը շարունակում է հանդիպումները մայրաքաղաքի նախընտրական շտաբների ակտիվի հետ


Ուրբաթ օրը նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կրկին այցելեց մայրաքաղաքում գործող իր բազմաթիվ նախընտրական շտաբներից մի քանիսը, ուր հանդիպումներ անցկացրեց դրանց ակտիվի հետ: Սա արդեն երկրորդ օրն է, որ գործող նախագահը նվիրում է նման հանդիպումներին:

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանի խոսքերով, լրագրողների համար փակ այդ միջոցառումները «աշխատանքային հանդիպումներ են»: Մկրտչյանի խոսքերով, երկրորդ փուլում մարտավարությունն առավելապես կենտրոնանում է կազմակերպական խնդիրների վրա:

«Մեր առջեւ խնդիր է դրված հնարավորինս մաքուր եւ արդար ընտրություններ անցկացնել», - «Ազատություն» ռադիոակայանին ասաց Վահագն Մկրտչյանը: - «Այդ առումով մենք նաեւ կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի մեր վստահված անձանց միջոցով վերահսկողությունը տեղամասերում ավելի ուժեղացնենք»:

«Առաջնայինը նորմալ երկրորդ փուլ անցկացնելն է, որպեսզի որեւէ բիծ կամ կասկած չլինի երկրորդ փուլի արդյունքների վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Մյուս թեկնածուի՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) գրասենյակում եւ նախընտրական շտաբում այսօր քննարկվում էր հետեւյալ հարցը: Փետրվարի 26-ի հանրահավաքում Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները հայտարարել էին, որ մարտի 1-ին, 2-ին եւ 3-ին նույն տեղում (Մատենադարանի մոտ) անցկացվելու են ընտրողների հետ հաջորդ հանդիպումները: Փետրվարի 25-ին, սակայն, նախագահի մյուս թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող կուսակցություններից Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) հայտ էր ներկայացրել քաղաքապետարան մարտի 1-ին ժամը 15-18 նույն տարածքում հանրահավաք անցկացնելու մասին: Դաշնակցության հայտը բավարարվել է, իսկ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի՝ փետրվարի 27-ին տրված հայտը, բնականաբար, մերժվել է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբում, թեկնածուի վստահված անձ Աշոտ Սարգսյանը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանին՝ խնդրանքով, որպեսզի վերջինս իր լիազորությունների շրջանակներում որոշում կայացնի եւ պարտադրի քաղաքապետարանին թույլատրել Ստեփան Դեմիրճյանի հանդիպումը ընտրողների հետ ժամը 16.00-ին նույն տարածքում անցկացնել: Օրվա երկրորդ կեսի դրությամբ, ԿԸՀ-ից պատասխան դեռ չէր ստացվել: Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբից հայտնեցին, որ հանրահավաքը վաղը, այնուամենայնիվ, կայանալու է:

Նույն խնդիրը ակնհայտորեն ծագելու է գործող նախագահին սատարող մյուս քաղաքական ուժերի կողմից քաղաքապետարան ներկայացրած հայտերի առնչությամբ. մարտի 2-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը, իսկ մարտի 3-ին Հայաստանի հանրապետական կուսակցությունը հանրահավաքներ են նախատեսել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հանրապետության նախագահին աջակցող ուժերը՝ Դաշնակցությունը, «Օրինաց երկիրը»-ը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մյուս կուսակցությունները այսօր երեկոյան համատեղ կորոշեն նախընտրական միասնական հանրահավաք անցկացնելու օրը, ժամը եւ դրա նպատակահարմարությունը»:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG