Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մեկնաբանի հավաստմամբ, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում խուճապ է. - «Քոչարյանի նախընտրական շտաբներում ցայտնոտային վիճակ է տիրում, իսկ թաղապետերն այսօր անելանելի վիճակում են հայտնվել: Նրանցից ոմանք սկսել են բողոքել, թե երկրորդ փուլում անհնար է աշխատել այնպես, ինչպես առաջին փուլում, որովհետեւ նախ՝ Քոչարյանն այնքան քվե չունի, որ մի քիչ լցնելով վիճակը փրկեն, երկրորդ՝ ընտրողներն արդեն սովորել են, որ կարելի է կաշառքը վերցնել Քոչարյանի թիմից ու քվեարկել, ասենք, Դեմիրճյանի օգտին, երրորդ՝ դիտորդները «համը հանում են»: Միեւնույն ժամանակ, «Առավոտ»-ը արձանագրում է, թե պաշտոնյաները շարունակում են «մշակել» հանձնաժողովականներին՝ խոստումներով ու ահաբեկումներով մղելով երկրորդ փուլում ավելի շատ ձայներ ապահովել գործող նախագահի օգտին:

«Օրրան» թերթի մատուցմամբ էլ՝ Քոչարյանի ճամբարում ակնհայտ խուճապ է եւ ստիպված ինքն է անձամբ հիմա շրջում Երեւանի համայնքներում՝ «սպասվելիք սաբոտաժն ու առնետավազքը կանխելու համար»:

«Գրեթե չկա ընտրական տեղամաս, որտեղ որեւէ մեծ կամ փոքր ընտրախախտում կատարված չլինի», - նշում է այսօր «Առավոտ»-ը՝ ներկայացնելով փաստացի ընտրախախտումների մի նոր շարք: «Օրրան»-ում հիմնավորումներ են բերված, թե ինչու ընդդիմությունը, ի տարբերություն իշխանությունների, պարզապես ի զորու չէր կեղծիքներ թույլ տալ: «Այնպես որ, ընդդիմադիրների հեղինակած կեղծիքների մասին այսօր տարածվող լուրերն այլ բան չեն, քան իշխանական կեղծիքների օրգանական շարունակություն», - բխեցնում է մեկնաբանը եւ դիմում իշխանությանը. - «Ինչո՞ւ չեք պատժում կեղծարարներին՝ ում օգտին էլ «աշխատած» լինեն»:

«Ոչ ոք չի ուզում հրաժարական տալ» վերնագրի տակ «Այբ-Ֆե» թերթը փոխանցում է այն նախարարներից մի քանիսի արձագանքը, ում հրաժարականը պահանջում է ընդդիմությունը՝ մեղադրելով «պաշտոնական դիրքը չարաշահելու, ընտրակեղծիքներ ու բռնություններ կազմակերպելու, կազմակերպիչներին հովանավորելու մեջ»: Տարածքային եւ արտադրական ենթակառույցները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասում է. - «Իմ կարծիքով, ես շատ լավ եմ աշխատում եւ չեմ պատրաստվում հրաժարական տալ: Եվ ես, իմ կարծիքով, իմ աշխատանքային գործունեության մեջ որեւէ նման հիմքեր չունեմ հրաժարական տալ եւ շատ լավ եմ աշխատում, իմ կարծիքով.. Ինչո՞ւ են պահանջում իմ հրաժարականը»:

Ազգայի ժողովի հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը «Հայոց Աշխարհ»-ում մատնանշում է, թե ինչ ռեսուրսներ նկատի ունենալով են կարծում, որ երկրորդ փուլում Ռոբերտ Քոչարյանը տպավորիչ հաղթանակ կտանի. - «Կարծում եմ, քվեարկությանը ակտիվորեն կմասնակցի մեր հայրենակիցների այն զանգվածը, որը գործող նախագահին կողմնակից լինելով, փետրվարի 19-ին ուղղակի չի մասնակցել ընտրություններին, որովհետեւ վստահ էր նրա հաղթանակին... Հաջորդ շերտը Արտաշես Գեղամյանի ընտրազանգվածը կազմող մեր հայրենակիցներն են: Քանի որ վերջինս երկրորդ փուլում չի պաշտպանում թեկնածուներից ոչ մեկին, ապա, կարծում եմ, որ նրա ընտրազանգվածի հիմնական մասը ձայն չի տա Դեմիրճյանին... Մեծ մասը կկողմնորոշվի դեպի գործող նախագահը, իսկ մի մասն ուղղակի չի գնա ընտրությունների»:

«Ընդդիմությունը նախագահական պայքարին գնում է պարտիզանաբար ու փորձում է աշխատանք ծավալել անտեսանելի ճակատում», - ձեւակերպում է այսօր Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը, որպես այդ ճամբարում տիրող անորոշության պատճառ ընդգծելով ընդդիմադիրների միջեւ հակասությունները, ինչպես եւ հետեւյալ ելակետային հաշվարկը. - «Ինչքան էլ շատ խոսվի բարձր տոկոսների մասին, ստացված քվեները խիստ ցածր են երկրորդ փուլում որոշ տոկոսներ եւս հավելելով՝ հաղթանակ ապահովելու համար»:

Ըստ «Իրավունք» թերթի, «Քոչարյանի թիմակիցները լցված են կույր ատելությամբ Հայաստանի բնակչության նկատմամբ եւ ունեն ընդամենը մեկ գերխնդիր՝ ամեն գնով պահպանել այս ռեժիմը եւ իրենց ունեցած ապօրինի արտոնությունները... Երկրորդ փուլում շեշտը դրվելու է տեղամասային հանձնաժողովների ներսում քվեատուփերի «սահուն» լցոնման վրա, իսկ հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ վստահված անձանց մեկուսացումը ծրագրված է մինչեւ քվեարկության օրը»: Եվ այս իրավիճակում ընդդիմությունն իրոք կարող է եւ չմասնակցել երկրորդ փուլին: «Փաստորեն, ստեղծվել է պատային իրավիճակ», - ի մի է բերում «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Իշխանությունը չի կարող նահանջել, քանզի իշխանափոխության դեպքում պատժվելու են նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը կատարված զանգվածային հանցագործությունները, իսկ ընդդիմությունը չի կարող նահանջել, քանզի պարտության դեպքում կարող է ամբողջովին ոչնչացվել եւ ոչ միայն կազմակերպական, այլեւ ֆիզիկական առումով... Երկուստեք այրված են բոլոր կամուջները, եւ երկխոսությունը գործնականում անհնար է: Այս իրավիճակում շատ հավանական են բավականին կտրուկ եւ ցավոտ հանգուցալուծման տարբերակները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG